Պառակտում էլ կլինի, կարեւորը հաղթելն է

Պառակտում էլ կլինի, կարեւորը հաղթելն է
Սյունիքում սկսված հակաուրանյան շարժումը Նոր տարվա նախօրեին փոքր-ինչ կմարի: Սակայն կշարունակվի ստորագրահավաքը: Երկուշաբթի այս մասին հայտարարեցին երկու հասարակական կազմակերպությունների՝ «Ազատամարտի» նախագահ Խորեն Հարությունյանն ու  «Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի» տնօրեն Արմեն Փարսադանյանը: Արդեն հավաքվել է 13 հազար 850 ստորագրություն: Դրանք բաց նամակի հետ ուղարկվել են ՀՀ վարչապետին: «Կառավարության կողմից ստորագրահավաքն անտեսելու դեպքում Հայաստանի քաղաքացիները, ինչպես նաեւ  միջազգային հանրությունը կասկածի տակ կդնեն մեր երկրում ժողովրդավարական եւ  իրավական  պետություն կառուցելու կառավարության ձգտումները»,-ասված է նամակում:



Ինչպես նշված է նամակում, կառավարությունը հաշվի չի առել տեղական 10 ՀԿ-ների դժգոհությունները, Կապան, Լեռնաձոր, Քաջարան համայնքների ավագանիների որոշումները, հանրության շրջանում տիրող լարված մթնոլորտը: ««Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲ ընկերության պատվերով դեռ շարունակվում են երկրաբանահետախուզական աշխատանքները Լեռնաձոր համայնքի տարածքում, որը տագնապ է առաջացրել տեղաբնակների  մեջ եւ տարածաշրջանից ոչ բնականոն արտահոսք է սկսվել»,-գրված է վարչապետին ուղղված բաց նամակում:



Երեք օրը մեկ նախաձեռնողներն այցելում են  Լեռնաձոր, ծանոթանում ընթացող աշխատանքներին։ «Չգիտեմ որտեղից են որոշ կազմակերպություններ տարածում ուրանի հանքանյութի արդյունահանման մասին, բայց նման բան չկա: Սովորական աշխատանքներ են, դրանք ամեն օր իրականացնում են  մյուս լեռնահանքային կոմբինատները»,-ասաց Խ. Հարությունյանը: Նկատենք, որ շարժման մասնակից 10 հասարակական կազմակերպությունների միջեւ կարծես պառակտում է նկատվում: Մասնավորապես, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Արթուր Ղազարյանն առանձին ասուլիս էր կազմակերպել Երեւանում ու բոլորովին այլ բան էր ասում։



Արմեն Փարսադանյանն ասաց. «Եթե մարդիկ անհիմն հայտարարություն են անում` ասելով, որ այսքան ստորագրություն է հավաքվել, այն դեպքում, որ մենք էլ տեղյակ չէինք, ապա ես չգիտեմ՝ նման հայտարարություններն ինչ նպատակ ունեն, գուցե գրա՞նտ են ուզում շահեն: Ուրիշի անունից խոսելն ի՞նչ է տալիս նրանց»: Ամեն դեպքում, նախաձեռնողները հուսով են, որ հասարակական ճնշման տակ  կառավարությունը կվերանայի իր որոշումը՝ կդադարեցնի որոնողահետախուզական աշխատանքները։