Անտառները դիտավորյալ են այրում (ֆոտոշարք, վիդեո)

Անտառները դիտավորյալ են այրում (ֆոտոշարք, վիդեո)
Լոռու մարզում նոյեմբերի 6-ից սկսված հրդեհները շարունակվում են մինչ օրս: Դրանց մեծ մասը ոչ թե պատահականության կամ անզգուշության արդյունք է, այլ դիտավորության,-ասում է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Հրաչ Անտոնյանը։



Մեծամասշտաբ հրդեհներ  են գրանցվել Գուգարքի, Ստեփանավանի եւ Տաշիրի  տարածաշրջաններում։ Նախօրեի  դրությամբ Լոռիում  13 հազար հա եւ ավելի չոր խոտածածկույթ էր այրվել, որի ընթացքում վնասվել են թփուտներ, նոր տնկած տնկիներ, հրդեհներից չեն կարողացել պաշտպանվել նաեւ անտառային կենդանիներն ու թռչունները, որոնք պարզապես վերացել են անտառներից։ Սակայն վերջին հրդեհը, որ բռնկվել էր դեկտեմբերի մեկին Վահագնաձոր-Քարաբերդ գյուղերի միջեւ ընկած անտառում, արդեն մեկ շաբաթ է, չի հաջողվում մարել։



Հիշեցնենք, որ հրդեհը նշված տարածք էր հասել Բազումի լեռնաշղթայից, այրվել էր սկզբում չոր խոտածածկույթը, ապա հասել անտառային հատված: «Եթե մինչեւ դեկտեմբերի մեկը մենք կարողանում էինք պահել հրդեհը, որպեսզի այն անտառ չմտնի, դեկտեմբերի մեկից հրդեհները տարածվեցին նաեւ անտառում»,-ասում է Հրաչ Անտոնյանը: Անտոնյանն ասում է, որ հակահրդեհային տեսչության հետաքննչությունը զբաղվում է այս հարցով։



Վահագնաձոր-Քարաբերդ անտառահատվածի հրդեհաշիջման ախատանքներին մասնակցելով հասկացանք, որ հրդեհները հանգցնելու գործով միայն հրշեջ փրկարարներն են զբաղվում, անտառտնտեսությունից, համայնքից որեւէ մեկը չկար։  Շատ էին դիտավորյալ հրկիզման ապացույցները, օրինակ այն, որ անտառում մեքենայի անիվներ էին այրել, նույնիսկ այրված անիվների կողքին դրված էին բենզինով լցված տակառներ, որոնք եւս կիսաայրված վիճակում էին։ Նշենք նաեւ, որ անտառում լսվում էր բենզասղոցի ձայնը, իսկ անտառապահի մենք այդպես էլ չհանդիպեցինք։



Հ. Անտոնյանի խոսքով՝ դեռեւս խորհրդային տարիներին անտառային հրդեհներով հրշեջները չեն զբաղվել, քանի որ դրանով զբաղվում էին անտառտնտեսության աշխատակիցները, իսկ այսօր, պետի խոսքով, եթե իրենք օգնություն չխնդրեն, որեւէ մեկը   չի էլ առաջարկի։ Նշենք նաեւ, որ որեւէ մեկը միտումնավոր հրկիզման համար առայսօր պատասխանատվության չի կանչվել, սակայն պարզ է, որ անտառը հրդեհում են ծառահատումները կոծկելու եւ ավելի հեշտացնելու համար, ինչը քրեորեն պատժելի արարք է: