Արցախցի պատգամավորը մեկնաբանել է «Աստանան»

Արցախցի պատգամավորը մեկնաբանել է «Աստանան»
ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» պատգամավորական խմբի անդամ, պատմաբան Վահրամ Բալայանի՝ տեղական հեռուստատեսությամբ հնչած խոսքից կարելի է մոտավոր պատկերացում կազմել հայ քաղաքական մտքի մակարդակի մասին։ Մեկնաբանելով Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքները, պատգամավորն ասաց, թե ընդունված է համարել, որ բանակցությունների բացակայությունը կհանգեցնի պատերազմի, եւ այդ տեսանկյունից Աստանայի հանդիպումը դրական է, քանզի պետք է երկխոսությունը, բանակցությունները շարունակել։ Նրա ասելով՝ Ալիեւը գագաթաժողովում ցանկացել է միջազգային հանրությանը ցույց տալ իր անզիջում լինելն ու ադրբեջանական ֆակտորի գոյությունը, իսկ ՀՀ նախագահն իր հերթին ցույց է տվել, որ գոյություն ունի հայկական ֆակտոր։



Պատգամավոր-պատմաբանը հատկապես ընդգծել է ՀՀ նախագահի ելույթի այն մասը, որ հայկական կողմը չի վախենում պատերազմից եւ պատրաստ է ապահովել ԼՂՀ անվտանգությունը։ Վահրամ Բալայանը գտնում է, որ Արցախը, Հայաստանը եւ աշխարհասփյուռ հայությունը պետք է մեծ ջանք ներդնեն ղարաբաղյան խնդիրը վերաբնակեցմամբ, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծմամբ լուծելու համար, որպեսզի միջազգային հանրությունը գեղեցիկ մի օր համակերպվի անկախ Ղարաբաղի գոյության հետ։ «Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ առանց ԼՂՀ ժողովրդի կողմից ընտրված օրինական իշխանության մասնակցության հնարավոր չէ հաջողությունների հասնել։ Վերջին խոսքը պետք է ասեն ղարաբաղցիները, ղարաբաղյան իշխանությունները»,- եզրափակել է նա։



Արցախցի պատգամավորը Աստանայի գագաթաժողովում (ղարաբաղյան մասով) տեսել է միայն այն, ինչ ցանկացել է տեսնել։ Ղարաբաղյան խնդրի հետ կապված մնացած հարցերը, օրինակ, այն, որ ՀՀ նախագահը Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կապել է Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հետ, այն, որ ոչ թե միջազգային հանրությունը, այլ կոնկրետ Ռ. Քոչարյանն է Ղարաբաղին դուրս թողել բանակցային գործընթացից, այն, թե Արցախի եւ Հայաստանի իշխանություններն արդյո՞ք ցանկանում են վերաբնակեցնել Արցախը՝ ազատագրված տարածքներով եւ այլն, չեն արժանացել պատգամավորի ուշադրությանը։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ստեփանակերտ