Նոր կադրային փոփոխություններն անխուսափելի են

Նոր կադրային փոփոխություններն անխուսափելի են
Գագիկ Բեգլարյանի եւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնանկությունից հետո խոսակցություններ ծայր առան, թե կադրային ջարդ է սկսվելու: «Թող Սերժ Սարգսյանը Մոսկվայից վերադառնա, տեսեք, թե քանի հոգու կազատի աշխատանքից»,- ասում էին ոմանք: Աշխատանքային երկուշաբթին խաղաղ անցավ, առանց էական ցնցումների՝ կադրային փոփոխությունների ու հրաժարականների, սակայն շատերը՝ քաղաքական գործիչներ, փորձագետներ, վերջիվերջո հասարակ քաղաքացիներ համոզված են, որ փոփոխությունները, այնուամենայնիվ, շարունակական կլինեն: «Ես կարծում եմ, որ այս փոփոխությունները շարունակական կլինեն: Բոլոր այն ոլորտները, որոնք ինչ-որ առնչություն ունեն ամերիկյան՝ Պզոյի գործով կամ Լուժկովի գործով, այդ ոլորտներում, կարծում եմ, փոփոխություններ կլինեն, ինչպես նաեւ ուժայինների մոտ:



Սրանք համակարգային փոփոխություններ չեն, այլ անձերով են պայմանավորված: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում մի հանգամանքի վրա, որ Աղվան Հովսեփյանը որոշ ժամանակ առաջ Ամերիկայում եղավ համաժողովի, որին անմիջապես հետեւեցին Գագիկ Բեգլարյանի եւ, ինձ համար շատ անհասկանալի, Գեւորգ Դանիելյանի հրաժարականները: Բայց ես ասել եմ արդեն, որ սրանք ամենավատերը չէին: ԱՊՀ երկրներում ընդունված կարգ կա՝ ընտրություններից առաջ փոփոխություններ անել, որ պարտական լինեն իրենց, քանի որ սրանք բոլորն էլ Քոչարյանի ժամանակվանից են»,- կարծում է «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա կարծիքով՝ այս ամենը համակարգային փոփոխություններ չեն. «Համակարգային փոփոխության համար նախ առաջինը անհրաժեշտ է, որ կառավարությունը կոալիցիոն չլիներ, որ ամեն մեկին չգիտես որտեղից չգտնեին բերեին, կուսակցական քվոտայով մի տեղ նշանակեին ու մեզ էլ կրակը գցեին»:



Իսկ եթե ինքը՝ Արամ Կարապետյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելիս լիներ, ո՞ւմ կփոխեր: «Պաշտպանության նախարարը, ոստիկանապետը, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը, էկոնոմիկայի նախարարը, մշակույթի նախարարը, վարչապետը... էլ որին ասեմ, որին էլ ասես՝ փոփոխության ենթակա է»,-ասաց Արամ Կարապետյանը: Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նույնպես հավանական է համարում առաջիկա կադրային փոփոխությունները. «Ամեն ինչ հնարավոր է: Հատկապես գործադիր իշխանության մեջ այդ փոփոխության կարիքը միշտ էլ լինում է: Ուղղակի փոփոխությունների տրամաբանությունը այստեղ ուրիշ է: Կախված է նրանից, որ ոչ թե լավ են աշխատում կամ վատ, այլ նրանց ներքին, անձնական խնդիրներից ելնելով: Կառավարման այն համակարգը, որը հիմա գործում է, դրա պարագայում փոփոխությունների միշտ էլ կարելի է սպասել: Այն, ինչ կատարվեց այս օրերին, PR ակցիաներ են: Միգուցե նրանք կրկնօրինակում են ռուսական մոդելը: Այս դեպքերը, որոնք կատարվեցին, լիովին տեղավորվում են այս իշխանությունների տրամաբանության մեջ: Այդ մարդիկ ոչ թե օրենքի հետ կապված խնդիրներ են ունեցել, այլ անձնական, գողապետական հարաբերությունների արդյունք է այս ամենը: Այդ մարդիկ պաշտոններ են ստացել իրենց մատուցած ծառայությունների համար: Չնայած, եթե երկրի սոցիալ-տնտեսական վիճակին նայենք, ապա վաղուց պետք է փոփոխություններ լինեին: Եթե նորմալ երկիր լիներ, ապա տնտեսական բլոկի պատասխանատուներ, Կենտրոնական բանկ եւ մի շարք այլ մարդիկ պետք է հրաժարական տան, քանի որ չեն տիրապետում վիճակին»:



Ընդհանրապես՝ «մեկ մարդու հեռանալով համակարգը ոտքի չի կանգնի: Խնդիրը համակարգային է: Օրինակ արդարադատության համակարգում բոլորին պետք է հեռացնել, վերեւից ներքեւ: Նույնը վերաբերում է նաեւ տնտեսական բլոկին՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն եւ այլն: Չկա մի համակարգ, որ միտված լինի երկրի տնտեսության զարգացմանը»,-կարծում է տնտեսագետը: Պատգամավոր Անահիտ Բախշյանը որեւէ էական փոփոխություն չի ակնկալում: Իսկ մարդկանց ցուցակը, ովքեր պետք է վաղուց արդեն հրաժարական տված լինեին, այնքան մեծ է, որ չցանկացավ նշել: Ոլորտներից նշեց ուժային կառույցները, առողջապահությունը: Տիգրան Կարապետյանը կարծում է, որ այսկերպ իշխանություններն ազատվում են իրենց համար ոչ վստահելի մարդկանցից, քանի որ առջեւում ընտրություններ են:



«Այսօր նրանք անում են ամեն ինչ, որովհետեւ մի 6 ամիս հետո ոչինչ չեն կարող անել: Հիմա պահն է իշխանությանը վստահություն չներշնչող մարդկանցից ազատվելու համար: Ձայն բերելու համար նրանք անպայման վերադասավորություններ անելու են, եւ այդ շարքը շարունակական կլինի»,-ասաց Տիգրան Կարապետյանը: «Իսկ Գագիկ Բեգլարյանը լավ ձայն բերող չէ՞ր» հարցին Կարապետյանը պատասխանեց. «Որքանով ես գիտեմ, Բեգլարյանն աշխատում էր նաեւ իր սեփական իմիջի վրա: Որքանով ես հասկանում եմ, ենթակաները պետք է աշխատեն հավաքական, ընդհանուր ուղղվածության համար»:



Եթե Տիգրան Կարապետիչը լիներ նախագահ, շատերին կազատեր եւ չէր ունենա այնպիսի օգնականներ, ինչպիսին ունեն այսօրվա իշխանությունները: «Առաջինը, բոլոր իշխանավորները՝ Հովիկ Աբրահամյանը, վարչապետը, իմ մոտ չէին աշխատի, որովհետեւ ինչպե՞ս կարելի է պահել մի վարչապետ, որը տնտեսության առումով առաջընթաց չունի»,-հավելեց նա: