Ադրբեջանցիները հակաքարոզում են հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմը

Ադրբեջանցիները հակաքարոզում են հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմը
Օրեր առաջ մենք գրել էինք, որ Մոսկվայում սկսվել են «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումները, որի գործողության կենտրոնում հանգամանքների բերումով միևնույն հորի մեջ հայտնված հայի և ադրբեջանցու փոխհարաբերություններն են: Իրենց մամլո հաղորդագրության մեջ ֆիլմի հեղինակները նշել էին, որ կինոնկարը հերոսներից որևէ մեկին արդարացնելու նպատակ չի հետապնդում, ինչպես նաև գնահատականներ չի տալու հայ և ադրբեջանցի ժողովուրդների թշնամական փոխհարաբերություններին, ինչը նկատվում է նույնիսկ երկու երկրների նախագահների շփման մեջ:



Այսօր նրանք նոր հաղորդագրություն են տարածել, ուր մասնավորապես ասվում է. «Ցավոք, ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ որոշել են այս տեղեկատվությունը հարմարեցնել հարաբերությունները առավել սրելու իրենց ամենօրյա գործելաոճին` կինոնկարին վերագրելով մտացածին քաղաքական նախապատմություններ: Մասնավորապես, 1news.az հայտնի գործակալությունը իրական թունոտ արշավ է սկսել «Ընդհատված երգը» ֆիլմի դեմ, որում հայն ու ադրբեջանցին հուզող խնդիրների շուրջ բանավիճելով ուղղակի պաշտպանում են սեփական տեսակետը»: Հեղինակների համոզմամբ` ադրբեջանական անթաքույց հիստերիան պայմանավորված է այն հանգամանքով, որ ֆիլմը նկարահանվում է հայերի կողմից:



«Արվեստը չի բուժում, այն պարզապես ի տես է հանում ցավոտ ծալքերն ու իրավիճակը փոխող ելքեր գտնելու լուծումներ առաջարկում: Թշնամանքը մոռանալ, գուցե, անհնար է, բայց նաեւ ուշ չէ` ամեն բան մաքուր էջից վերսկսելու համար…»,- ասվում է հաղորդագրության մեջ: