Բնակարան չունես՝ նպաստ չես ստանա

Բնակարան չունես՝ նպաստ չես ստանա
Տարեսկզբին ընտանեկան նպաստի համակարգում կառավարության կատարած փոփոխությունները դժգոհության մեծ ալիք են բարձրացրել: Մասնավորապես, եթե նախկինում ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկանքները տրամադրվում էին համատիրությունների կողմից, ապա այժմ՝ անձնագրային սեղանի։



Ինչպես նաեւ՝ փոփոխությունները վերաբերում են նպաստառու ընտանիքի հաշվառման վայրին: Այսինքն, նոր կարգի համաձայն, ընտանեկան նպաստը նշանակվում է ըստ փաստացի հաշվառման վայրի, թե որտեղ է փաստացի բնակվում տվյալ նպաստառու ընտանիքը: Ակնհայտ է, որ այսօր բազմաթիվ ընտանիքներ ժամանակավորապես բնակվում են իրենց բարեկամների, հարազատների տանը կամ պարզապես բնակարան են վարձակալում:



Եվ հազիվ թե բնակարանի սեփականատերը համաձայնի իր բնակարանում հաշվառել անծանոթ մարդկանց, ինչ է թե՝ նրանք պիտի  նպաստ ստանան: Այս փոփոխության հետ կապված՝ օրերս իր մտահոգությունն էր հայտնել նաեւ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:



«Նպաստների հետ կապված խնդիրները բավականին լուրջ են, էսօր բոլորս էլ գիտենք՝ մեր հանրապետությունում բավականին ընտանիքներ կան, որոնք բնակարան չունեն եւ բնակվում են էս կամ էն հարազատի, մտերիմի, հարեւանի տանը։ Հիմա ինչ է կատարվում՝ որ այդ բնակարանի սեփականատերը, որն իր բնակարանը տվել է այս կամ այն բարեկամին կամ անձին, նա պետք է իր բնակարանից դուրս գրվի, որ էդ բնակարանում ապրող մարդը նպա՞ստ ստանա:



Սա պարզապես աբսուրդ է եւ բավականին լուրջ դժվարություններ է առաջացրել անձնագրային սեղանների համար»,- Վանաձորում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ տարակուսանք է հայտնել քաղաքապետը։ Թեեւ սոցիալական ոլորտի աշխատակիցները վստահեցնում են, որ ուրիշի բնակարանում կարելի է հաշվառվել, անգամ առանց բնակարանի սեփականատիրոջ իմացության, ինչպես նաեւ՝ որ փաստացի հաշվառումը փաստացի գրանցումից էականորեն տարբերվում է, եւ տվյալ բնակարանի վրա հաշվառվելը ոչ մի լրացուցիչ պարտավորություններ, առավել եւս խնդիրներ չի առաջացնում տանտիրոջ համար:



Դե արի ու տանտիրոջը համոզի, որ քո տան վրա գրանցվելով՝ քեզ նեղություն չեմ տալիս: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ որեւէ խնդիր չկա, քանի որ՝ «նպաստը կապ չունի հաշվառման վայրի հետ: Նպաստը հաշվարկում են՝ ելնելով ընտանիքի եկամտից»: Ապա հավելեց. «Մենք ունենք լիքը դեպքեր, երբ որ մարդը չունի գրանցման եւ հաշվառման հասցե:



Այդ դեպքում նրան հաշվառում են սոցիալական ծառայության հասցեով: Կարեւորն այն է, որ ինչ-որ տեղ հաշվառված լինի: Նույնը նաեւ բարեկամի տանը բնակվելու դեպքում է՝ առանց նույնիսկ բարեկամի համաձայնությունը հարցնելու, քանի որ դա լրացուցիչ ոչ մի խնդիր չի առաջացնում»: Սակայն քաղաքացիները շարունակում են բողոքել եւ պնդում են, որ խնդիրն իրականում գոյություն ունի, ու բազմաթիվ ընտանիքներ գրանցման վայրի պատճառով զրկվել են նպաստից:



Նրանց պատասխանել են՝ եթե բնակարանի տերն այն բնակարանում, որտեղ դուք ապրում եք, գրանցված է, ուրեմն ձեզ նպաստ չի հասնում։ Դրանից բացի՝ եթե նախկինում, ասենք, բնակարանի սեփականատիրոջ կամ ընտանիքի անդամներից մեկի բացակայության մասին տեղեկանքը տալիս էր համայնքը, հիմա՝ ոչ, դա եւս շատ լուրջ խնդիր է:



«Եթե նախկինում անձի բացակայության վերաբերյալ տեղեկանք տալիս էր համայնքը, հիմա՝ նոր կարգով, որպեսզի մենք ֆիքսենք ընտանիքի անդամի բացակա տվյալը, պետք է օտար երկրում բնակվող քաղաքացին տրամադրի տեղեկանք համապատասխան մարմինների կողմից»,-ասաց սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային կենտրոնի պետ Կարեն Գրիգորյանը եւ հավելեց. «Ինձ թվում է՝ հանրապետության 50 տոկոսից ավելին, ովքեր գտնվում են այլ երկրում, անլեգալ բնակվում ու անլեգալ աշխատում են, նրանք հնարավորություն չեն ունենա նման տեղեկանքներ ներկայացնել։



Փաստորեն ստացվում է, որ օրենք ընդունողները, այս ամենը լավ գիտակցելով, ընդունել են մի փաստաթուղթ, որը կնպաստի աղքատության մակարդակի աճին»։ Փորձեցինք Երեւանի մի քանի համայնքներից նույնպես պարզել, թե օրենքում կատարված փոփոխություններն ինչպես են անդրադարձել նպաստառու ընտանիքների վրա: Արաբկիր համայնքի սոցծառայության աշխատակիցն ասաց, որ այդ փոփոխությունների պատճառով շատ ու շատ ընտանիքներ կզրկվեն ընտանեկան նպաստից:



Ինչպես նաեւ, որ սոցծառայության հասցեով ոչ բոլոր ընտանիքներին են գրանցում: Միայն Վանաձորում օրական 20-30 քաղաքացի է նույն հարցով դիմում քաղաքապետարան, թե ինչ է լինելու իր նպաստի հարցը: Որ խնդիրն առկա է՝ փաստ է: Որ պատասխանատու մարմիններն ամեն կերպ փորձում են կոծկել օրենքում կատարված փոփոխությունների բերած աղետալի հետեւանքները՝ իրողություն է: Միայն մի բան է անհասկանալի՝ ո՞վ է, ի վերջո, բարձրացնելու եւ լուծում տալու այս խնդրին: Թե՞ իշխանությունների համար միեւնույն է: