Համոզեցին մի քանի օր էլ սպասել

Համոզեցին մի քանի օր էլ սպասել
Փետրվարի 10-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանի հարակից փողոցում իրենց վրացական համարանիշներով մեքենաները կայանել եւ փողոց էին դուրս եկել նոյեմբերյանցի վարորդները՝ շուրջ 80 մարդ, ովքեր հնարավորություն չունեն մեքենաները մաքսազերծել:



Նրանց հետ հանդիպում էին խոստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանն ու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Նոյեմբերյանցիները բաց նամակ էին պատրաստել, որ հանձնեն պատգամավոր Վարդանյանին: Քիչ ավելի ուշ պարզվեց, որ վերջինս Արցախ է մեկնել եւ չի ժամանելու: Նամակում ներկայացված պահանջների մասին մեզ պատմեց Կարապետ Ղուլիջանյանը. «Մենք նամակում ընդգծել ենք` լավ օրից չի, որ վրացական համարներով մեքենա ենք քշում: Մեզ համար էլ հաճելի չի:



Բայց եթե Վրաստանում մաքսազերծման արժեքը 10 տոկոս է, Հայաստանում հասնում է 52-ի: Նույն մեքենան Գերմանիայից բերում են Վրաստան, 10 տոկոսով են մաքսազերծում, իսկ էսքան տեղը Մարնեուլից հասցնում ենք Բագրատաշեն` 52 տոկոսով: Գոնե Վրաստանից օրինակ վերցնեն: Սա թալան ա: Հիշում եք, Բագրատաշենում շուկա կար` փակեցին, հայկական կողմում սկսեց գործել` փակեցին: Էս տարածքում առհասարակ հողեր էլ չկան, որ մարդիկ մշակեն:



Վարկ են վերցրել, մեքենա են առել իրենց ընտանիքը պահելու համար: Ցիտրուս են բերում Վրաստանից՝ ընտանիք պահում: Էդ վարկը դեռ չմուծած, ստիպված են նոր մուծումներ անել: Էս ամբողջը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»: Կարապետ Ղուլիջանյանը կարծում է, որ ԱԺ-ն որոշում կայացնելիս պետք է մտածեր դրա սոցիալական հետեւանքների մասին, այլապես մեծանալու է երկիրը լքողների թիվը:



«Սահմանամերձ  ժողովրդին հնարավորություն տան ցածր արժեքով վարկ վերցնեն: Մեկ տարվա տոկոսադրույքը կազմում է 24-28 տոկոս: Պատկերացրեք  ինչ վիճակում կհայտնվի սահմանին ապրող բնակիչը: Սա արտագաղթի նոր ալիք կբարձրացնի: Սահմանի վրա նման էքսպերիմենտները շատ վտանգավոր են»: Վարորդները վստահ են, որ մեքենաների 90 տոկոսը չի մաքսազերծվելու, այլ` «նորից գնալու է Վրաստան:



Ադրբեջանցիները պատրաստ, փողերը հաշված, սպասում են՝ ջրի գնով 3 հազար դոլարանոց մեքենան 1000 դոլարով առնելու են մեզնից: Արդեն իրենք են գինը որոշելու»: «Մեզ աղքատացնելով՝ նպաստառու են դարձնում: Մենք սա պետության օգտին ենք անում, որ հասկացնենք` սխալ որոշում ես կայացրել»,-ասացին նրանք:



Քիչ անց իմացան, որ Տավուշի մարզպետը եկել է, բոլոր վարորդները մեկ մարդու նման ճանապարհվեցին դեպի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի աշխատասենյակ` իրենց դժգոհությունը հայտնելու: Մոտ քառասուն մարդ մի կերպ մտան սենյակ, մի մասն էլ խմբվել էր դռների արանքում ու միջանցքում: Վարորդների անունից հանդես եկավ Նոյեմբերյանի ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանը:



«Հասարակության մոտ լուրջ սոցիալական խնդիր է առաջացել, բացառվում է, որ մեկ ամսում կարողանան այդ գումարային հարցը լուծել: Միջինը երեք հազար դոլար պետք է վճարեն, եւ երբ յուրաքանչյուր ընտանիքի միջին սոցիալականին նայում ենք, նրա տարեկան եկամուտն է էդքան: Կառավարությունը գոնե քննարկի սահմանամերձ գոտում խնդիրը մեղմելու հարցը»:



Առաջարկը հետեւյալն էր. նախ` մաքսազերծման պարտադիր ժամկետի երկարաձգում, ապա մաքսատուրքի տոկոսադրույքի իջեցում կամ էլ՝ ցածր տոկոսադրույքով վարկի տրամադրում: Վարորդներից մեկը նկատեց, որ նույն մեքենան Հայաստանում երկու հազար դոլարով թանկ են մաքսազերծում, քան Վրաստանում է: «Էս 50 մարդը միասին հազար դոլար փող չի ունենա, ամեն մեկը ո՞նց 2-3 հազար դոլար գումար վճարի, մնում է կամ տունը ծախել, կամ թողնել-գնալ»:



Կառավարության գործողություններից դժգոհ վարորդներին լսելուց հետո մարզպետ Արմեն Ղուլարյանն ասաց. «Ես համոզված եմ եւ գտնում եմ, որ օրենքի պահանջը պիտի կատարվի: Ինչ վերաբերում ա ժամկետի առումով, ես ձեր խնդրանքը կներկայացնեմ պատգամավորին եւ կառավարությանը»: