Հայե՛ր, կարեւորեք որակը

Հայե՛ր, կարեւորեք որակը
Հարցազրույց երգիչ Տիգրան Պետրոսյանի հետ



- Ո՞ւր է կորել Տիգրան Պետրոսյանը: Ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում հայկական շոու-բիզնեսի ասպարեզում:





- Ինձ թվում է, ես երբեք չեմ եղել հայկական շոու-բիզնեսի ասպարեզում, կարելի է ասել՝ չեմ էլ կորել, ես ուղղակի սուսուփուս անում եմ իմ գործը, որը համարում եմ ոչ շոուբիզնեսային: Ես դա անում եմ ինձ համար: Ով կուզենա, ով կգնահատի՝ կլսի, ով՝ չէ, խնդիր չէ: Ես նպատակ չունեմ, այսպես ասած, մասսայականացվելու կամ  պոպուլյար դառնալու:



- Միգուցե  դա կապված է մի քանի տարի առաջ «Եվրատեսիլի» նախընտրական փուլի մասնակցությա՞ն հետ, եւ Դուք ուղղակի նեղացա՞ծ եք հայ հանդիսատեսից…



- Չէ, բացարձակապես: Հայ հանդիսատեսը ոչ մի մեղք չունի: Այդ նստվածքը վաղուց անցել է: Անգամ փոշմանում եմ, որ մասնակցել եմ այդ մրցույթին: Էդ ինչ էր խելքս մտել, ես էլ չգիտեմ, ինչի պիտի ես «Եվրատեսիլ» գնայի: Հիմա մտածում եմ ու զարմանում, թե ինչի մասնակցեցի: Հա, որպես բեք վոկալիստ, շատ լավ ա, գնում-գալիս եմ, բայց որպես սոլիստ… չգիտեմ: Դե երեւի Մոսկվան էր, դրա համար էի ավելի շատ ուզում, որովհետեւ գիտակցում էի, որ այնպիսի դահլիճ, լույս ու ձայն է լինելու, որ էլ գուցե երբեւէ չլինի: Իսկապես էդպես էլ եղավ: Շատ շքեղ էր:



- Ո՞նց եք գնահատում Էմմիի այս տարվա շանսերը:



- Դե շանսեր, կարծում եմ՝ հայերի համար չկան: Ոչ թե խնդիրը հայերի մեջ է: Այլ շանսեր չկան էն մարդկանց համար, որոնք չեն ձայնագրվում նորմալ ստուդիաներում: Նորմալ ասելով՝ մեծ պրոդաքշններում: Եթե նայենք վիճակագրությանը՝ հիմնականում տեղ շահել են այն մարդիկ, որոնք ձայնագրվել են կամ «Սոնի»-ում, կամ «Յունիվերսալ»-ում եւ ոչ միայն ձայնագրվել են, այլեւ հենց իրենք, ասենք, «Սոնի»-ի արտիստ են, ինչպես, ասենք, Բիլանը կամ անցյալ տարվա Գերմանիայի աղջիկը: Հայերը հիմա ավելի շատ մտածում են հարսանիքներում ու ծնունդներին երգելու, ոչ թե «Սոնի»-ի արտիստ դառնալու մասին: Էմմիի գնալուն շատ պոզիտիվ եմ վերաբերվում: Ինչպես եւ նախորդ տարիներին՝ լավ տպավորություն կթողնենք:



- Այս տարի մեկնելո՞ւ եք որպես բեք վոկալիստ: Եվ լսե՞լ եք արդյոք հավակնորդ երգերը: Լա՞վն են:



- Դեռ պարզ չի, միգուցե գնամ, եթե բեք վոկալի կարիք լինի: Այսօրվա դրությամբ ես համարում եմ, որ էդ 4-5 երգերից լավագույնը եւ «Եվրատեսիլի» համապատասխան երգ՝ երեւի թե միայն Դերհովայի երգն է: Մնացած երգերը, գուցեեւ այստեղի հայկական շուկային հարմար են, բայց «Եվրատեսիլի» համար հաստատ՝ չէ:



- Միառժամանակ առաջ աշխատում էիք երգիչ Հայկոյի ձայնագրման ստուդիայում՝ որպես հնչյունային ռեժիսոր, այնուհետեւ տեղափոխվեցիք մեկ այլ տեղ: Ո՞ր ստուդիայում եք հիմա եւ ինչո՞ւ դուրս եկաք այնտեղից:



- Ես միշտ երազել եմ չմնալ ինքնուս: Հայաստանում ձայնային ռեժիսորների մեծ մասը սովորել է հայկական կոճակ սեղմելու եւ հետեւանքը տեսնելու մեթոդով: Քանի որ մենք չունենք համապատասխան դպրոց, ու դրա մասնագետներն էլ չկան, ինչպես նաեւ չունենք ակուստիկայի մասնագետներ, քանի որ ոչ մի ստուդիա չի համապատասխանում միջազգային ակուստիկ ստանդարտներին:



Հայկոյի հետ մենք մինչեւ հիմա նորմալ հարաբերությունների մեջ ենք, ոչ մի խնդիր չունենք, ինչպես այն ժամանակ էինք ընկերներ, այդպես էլ հիմա: Պարզապես այս ստուդիան՝ «Սոնոռեք»-ը, շատ լուրջ էր, նրանք առաջարկեցին ինձ սովորել: Այն սարքել են գերմանացիները՝ «Վիկուստիկ» հայտնի կոմպանիայի կողմից: Միայն յոթ ամիս այն կառուցվում էր, շատ հզոր ապարատուրայով, համապատասխանում է բոլոր միջազգային ստանդարտներին եւ օֆիցիալ համարվում է 3-րդը ԱՊՀ-ում:



Առաջին երկուսին զիջում է միայն չափերով եւ գրեթե երեք անգամ մատչելի է նրանցից: Ստուդիայում ձայնագրվելու գալիս են նաեւ դրսից: Հիմա երկու խումբ կա Վրաստանից, որոնց հետ արդեն մի քանի երգ արվել են, հիմա սպասում են՝ մի քիչ օրերը տաքանան, եւ գան էլի աշխատելու: Շատ լավ է նաեւ, որ այն երգերի հեղինակային իրավունքները, որոնք ձայնագրվում են մեզ մոտ, միանգամից գրանցվում են Կանադայում:



- Ի՞նչ եք պատրաստվում անել մոտակա ապագայում, ինչո՞վ եք զբաղված:



- Հիմա ունենք մի մուլտ, որը նկարվում է հենց «Սոնո» պրոդաքշնի կողմից, այն կոչվում է «Կորած կղզի»: Մուլտի սաունդ տրեկներից երկուսն արդեն ձայնագրվել են: Նկարվում է այսպես. սկզբում տեքստերը կարդացվում են, այնուհետեւ նկարվում են հերոսները, որոնք հիմնականում կենդանիներ են, եւ թվում է, թե կենդանիները հենց դա են ասում: Մեր մուլտիպլիկատորները չէին ուզում, բայց զոռով համոզել եմ՝ ինձ մի քանի պատրաստի դրվագ ցույց տալ, եւ շատ լավ էր ստացվել. խորություն կար արդեն, ամեն ինչ շատ սիրուն էր:



Մի խոսքով, զբաղվածությունը շատ է, բայց ցավում եմ, որ այն դեռ հայկական շոու-բիզնեսի հետ չի: Հայերը դեռ չեն ուզում ձայնագրվել լուրջ ստուդիաներում, քանի որ էնտեղ երկու անգամ ավելի թանկ է, քան մյուսներում: Էդ տեսակ ստուդիաները դրսում վերցնում են 6-7 ժամով եւ վճարում են մոտ 1500 եվրո: Դե, իհարկե, հայերի կողմից շատ բան չի գնահատվում:



Ցավալի է էն փաստը, որ, ախր, շատ մարդ չի էլ հասկանում, որ եթե դու իրոք լուրջ ես վերաբերվում քո արվեստին, պետք է ուշադրություն դարձնես որակի վրա: Ես անձամբ կձայնագրվեի հենց այս ստուդիայում: Միանշանակ: Շատերը մտածում են, որ կարեւորը՝ ուղղակի ինչ-որ «երգ» լինի, դրա վրա ինչ-որ ստից կլիպ նկարվի, եւ միառժամանակ նրանք մնան մի քանի ալիքների եթերում: Ուրիշ նպատակ չկա:



- Ի՞նչ կարեւոր բան ունեք անելու 2011-ին:



- Ուզում եմ շատ ավելի մասնագիտանալ, ամռանը պատրաստվում եմ էլի մեկնել ԱՄՆ՝ դասընթացների: Շատ եմ կարեւորում դա: Չեմ համարում, որ ինձ պետք է երգել եւ լինել հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչ: Ավելի շատ իմ ապագան տեսնում եմ ստուդիայում` որպես սաունդ պրոդյուսեր: Ուզում եմ դառնալ շատ ուժեղ պրոֆի, որ սաունդի հետ մտքիս ուզածը կարողանամ անել:



Մարիամ ՄԱՐԳԱՐՅԱՆ