Անօրինություններին՝ քրիստոնեական հանդուրժողականություն

Անօրինություններին՝ քրիստոնեական հանդուրժողականություն
Մինչ Մայր Աթոռը փորձում է հերքել Ֆրանսիայի Հայ առաքելական եկեղեցիների հոգաբարձուների դժգոհության մասին մեր տպագրած լուրը՝ կապված Էջմիածնի կողմից Ֆրանսիայի հայ առաքելական եկեղեցիների ղեկավարման կարգի փոփոխության ու ֆինանսների տնօրինման հետ, ինչը, բնականաբար, սպասելի էր եւ հասկանալի, այդուհանդերձ Հայ առաքելական եկեղեցին շարունակում է ձեռնպահ մնալ եւ աչք փակել անգամ սփյուռքահայ համայնքների՝ հայոց եկեղեցական թեմերում հայտնի անօրինությունների առաջ:



Փաստ է, որ այսօր դրանք շարունակում են, իսկ անօրենները՝ մնում անպատիժ: Օրինակ՝ ի՞նչ հերքման տեքստով պետք է քողարկել Ֆրանսիայի Նիսի առաջնորդանիստի ծխական խորհրդի՝ ըստ եկեղեցական կանոնակարգի ընտրված աշխարհիկ անդամների գործողությունները չսանձելու փաստը, ովքեր եկեղեցու տոտալիտար կառավարումն իրենց ձեռքն են վերցրել եւ շարունակում են տնօրինել ու սեփական շահերին ծառայեցնել եկեղեցու հողերն ու սեփականությունը: «Նիսում պետք է կատարվեն ծխական խորհրդի վարչության նոր ընտրություններ, սակայն մեր աշխատանքն այսօր այն է, որ այդ ընտրությունը կատարվի թեմական ծխական կանոնադրության հիման վրա, ժողովրդավարության բաց սկզբունքների պայմաններում»,-սա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սպասավոր Մեսրոպ աբեղա Պարսամյանի գնահատականն է այդ դեպքերին՝ արդար ընտրություններ եւ վերջ, անգամ անօրինություններին քրիստոնեական հանդուրժողականություն: Կամ ինչո՞ւ են անարձագանք մնում բուլղարահայ համայնքի խնդիրները:



Մասնավորապես, դեռեւս անցած տարվա նոյեմբեր ամսից նրանք դիմել են Մայր Աթոռին՝ ահազանգելով  Վառնա քաղաքի հոգեւոր հովիվ տեր Սարգիս քահանա Հովհաննիսյանի՝ եկեղեցու սպասավորին ոչ հարիր վարքի մասին. վերջինս ամուսնալուծված է, ցոփ կյանք է վարում գիշերային ակումբներում, որտեղ էլ, ի դեպ, 2010-ի հուլիսի 31-ի վիճաբանության արդյունքում վնասվածք է ստացել: Ինչեւէ, Մայր Աթոռը, տեղյակ լինելով հանդերձ, դեռեւս չի արձագանքել այս դեպքին, իսկ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանի վստահեցմամբ՝ կարգադրել են վերոնշյալ քահանային գալ Մայր Աթոռ եւ բացատրություններ տալ, «սակայն պատճառաբանվել է, որ քահանան ապաքինվում է, եւ առայսօր նա չի ներկայացել, սպասում ենք, որ կներկայանա»: Ի դեպ, փոխարենը՝ Հայ առաքելական եկեղեցին զբաղված է առավել լուրջ խնդիրներով: Օրինակ այսուհետ, գյուղնախարարության հետ համագործակցության շրջանակներում, եկեղեցու ներկայացուցիչները զբաղվելու են մեր արտերի ու հանդերի համար աղոթելով, որպեսզի տարին բարեբեր լինի: