Շնորհավորենք միմյանց, բարեկամներ

Շնորհավորենք միմյանց, բարեկամներ
Երեկ մի այնպիսի օր էր, որը շատ մարդիկ տոն են համարում: Միանշանակ չեմ ասում` տոն էր, որովհետեւ կան մարդիկ նաեւ, մանավանդ հայերի մեջ, որոնք երեկվա` Սուրբ Վալենտինի օրը տոն չեն համարում: Մի զանգված կա` ընդհանրապես չի ընդունում այն որպես տոն` ելնելով նրանից, որ այն քրիստոնեական է, մյուս մասը չի ընդունում, ելնելով նրանից, որ չնայած քրիստոնեական է, բայց հայկական չէ, մի մասն էլ… կլինեն, էլի, մարդիկ, որոնք անձնական կյանքի վայրիվերումների պատճառով ատելիս կլինեն այս տոնն իր ռոմանտիկ-վարդագույն տրամադրություններով հանդերձ:



Մինչեւ բուն թեմային անցնելը` մնում է բացատրեմ, թե ինչ կապ ուներ երեկվա տոնական օրը նախորդ շաբաթվա կարեւոր իրադարձությունների ամփոփման հետ: Ընդամենը այն, որ իմ մեջ էլ մարդկանց շնորհավորելու անհագ ձգտում կա, իսկ այդ կապակցությամբ իրադարձություններ` որքան ուզես: Օրինակ Եգիպտոսի ծերունազարդ նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը: Ուզում եմ բոլորիս սրտանց եւ մեծ պաթոսով շնորհավորել այդ կապակցությամբ: Սա բոլորիս հաղթանակն էր, մենք էլ մեր ֆեյսբուքյան մինչ այժմ չդադարող թեմատիկ ստատուսներով փոքրիկ լումա ունեցանք եգիպտական հեղափոխության գործում:



Անկեղծորեն ուրախ եմ Եգիպտոսի ժողովրդի համար, բավական արյունոտ, բայց համառ պայքարից հետո Մուբարաքը հրաժարական տվեց, ավելին (ցինիկ չհնչի)՝ ընկավ կոմայի մեջ: Ճիշտ է` դրանից շարքային եգիպտացու կյանքում առանձնապես բան չփոխվեց, ու դեռ երկար է մինչեւ լիարժեք հաղթանակ նրա ճամփան, սակայն այս իրադարձությունը, անշուշտ, անգերագնահատելի նշանակություն կունենա հայաստանյան իրականության համար: Ես դեռեւս այնքան էլ լավ չեմ հասկանում, թե կոնկրետ ինչ նշանակություն, սակայն սոցիալական ցանցերի հայկական տարածքներում տիրող ցնծության որակը հուշում է, որ դա անխուսափելիորեն այդպես է: Գուցե պատճառն այն է, որ այսպիսի մի եզրահանգում է արվում` եթե Եգիպտոսում ստացվեց, մեր մոտ ինչո՞ւ չպետք է ստացվի որ…



Գուցե հակառակը` մեր անհաջողություններից առաջացած հուսահատությունն ենք սուբլիմացնում մասամբ բռնապետության մեջ խարխափող եգիպտական ժողովրդին սատարելու ձգտման, մասամբ` 30 տարի այդ բռնապետության ղեկին եղած Մուբարաքի հանդեպ ատելության: Ինչ որ է, բայց դեռեւս ոչ լիարժեք հասկանալի տրամաբանության համաձայն, ոչինչ անցյալ շաբաթ մեզ այդքան չուրախացրեց, որքան Մուբարաքի հրաժարականը: Ու ոչինչ այդքան չզայրացրեց, որքան նրա պնդաճակատությունը, նույնիսկ այն, որ երեք օլիգարխներ իրենց բարի համբավի (մեղա, Տեր) վարկաբեկման գործով դատ շահեցին ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի: Այս կապակցությամբ նույնպես ուզում եմ անուն առ անուն շնորհավորել Ռուբեն Հայրապետյանին, Լեւոն Սարգսյանին եւ Սամվել Ալեքսանյանին` հավելյալ եկամուտներ ձեռք բերելու ուղղությամբ տարվող աշխատանքի փուլերից մեկի արդյունավետ ավարտի կապակցությամբ:



Կա արդարադատություն Հայաստանում, կաև, հո զոռո՞վ չի: Սա լուրջ նախադեպ է, որը կստիպի մեզ` լրագրողներիս, ավելի զգոն լինել հայրենի օլիգարխիայի մասին հիշատակումներ անելիս, քանի որ դատաիրավական համակարգը, նույնիսկ օրենքն ու տրամաբանությունը շրջանցելու հաշվին, ունակ է պաշտպանելու Հայաստանն առաջ տանողների բարի համբավը (եւս մեկ անգամ` մեղա, Տեր) ցանկացած տեսակի ոտնձգություններից: Շնորհավորում եմ, պարոնայք: Հոգ չէ, որ այս ձեռքբերումը փոքր-ինչ մթագնում է Հայաստանում խոսքի ազատությունը սանձելու փորձը, հոգ չէ, որ նրանց անունները պատմության մեջ հիշատակվելու են, ասենք, Մերուժան Արծրունու, Պետրոս Գետադարձի, Հովհաննես-Սմբատ Բագրատունու, Ազատ Վշտունու անունների կողքին: Առավել եւս հոգ չէ, որ այս անունները, թերեւս, նրանց ոչինչ չեն ասում:



Թեման շեղենք ավելի ներքաղաքական ուղղությամբ, մանավանդ որ այս ոլորտում էլ իրար շնորհավորելու բավական լուրջ առիթ կա՝ պայմանավորված ԲՀԿ համագումարով եւ դրան նախորդած մի շարք իրադարձություններով: Ճիշտ է` դեռ չեմ կողմնորոշվում` իրար շնորհավորենք այն կապակցությամբ, որ կոալիցիան չքանդվե՞ց, ու դեռ ԲՀԿ-ՀՀԿ գզվռտոցին հետեւելու երկարատեւ հնարավորությո՞ւն ունենք` դրանից բխող սենսացիաներով, հետեւություններով ու եզրահանգումներով հանդերձ, թե՞ որ ԲՀԿ-ն այդպես էլ չհայտարարեց, որ 2013-ին պաշտպանելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում: Թերեւս արժե այս երկուսն իրար միացնել ու իրար շնորհավորել այն կապակցությամբ, որ չնայած սպասվող սրընթաց տեղաշարժերի մասին կանխատեսումներին, Հայաստանում ամեն ինչ մնաց անփոփոխ: Ու մենք հանդարտ, աշխարհաքաղաքական իրողություններին անհաղորդ, քայլ առ քայլ ճահճանում ենք:



Եվ անշուշտ անցած շաբաթվա ամենագլխավոր շնորհավորելու առիթը, բարեկամներ. վերջապես պատիվ ունեցանք վայելելու «Սիրուշոուի» վերջին սերիան: Շնորհավոր:



Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ