Քաղաքական պահ, եւ հեղափոխությունն անխուսափելի է

Քաղաքական պահ, եւ հեղափոխությունն անխուսափելի է
Ուրբաթ օրը Եգիպտոսի նախագահ Մուբարաքի հրաժարականը թերեւս ցնցեց աշխարհը: Շուրջ 18 օր տեւած համառ պայքարից հետո արմատական ընդդիմությունը հաղթանակեց, եւ Մուբարաքի ղեկավարած 30-ամյա բռնապետությունը տապալվեց: Հաղթանակը ընդդիմությանը հեշտությամբ չտրվեց:



18 օրվա ընթացքում շուրջ 300 մարդ զոհվեց, պայքարի մասնակիցները տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան, քայքայվեց երկրի տնտեսությունը: Մի խոսքով՝ իսկական քաոս էր Եգիպտոսում: Թեեւ Եգիպտոսի զինվորական իշխանությունները կատարել են ցուցարարների հիմնական պահանջներից մեկը՝ հայտարարել են խորհրդարանը ցրելու եւ երկրի սահմանադրական գործողությունը դադարեցնելու մասին, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, ընդդիմությունը պատրաստվում է բողոքի նոր գործողություններ անցկացնել: Երեկ խոսվում էր նաեւ, որ Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ հիմա կոմայի մեջ է:



Մուբարաքի հրաժարականը ողջունեց ոչ միայն Եգիպտոսի ժողովուրդը, այլեւ աշխարհի մի շարք խոշոր երկրների ներկայացուցիչներ: Շաբաթ օրը եգիպտական ընդդիմության հաղթանակը ողջունել էր նաեւ Հայ ազգային կոնգրեսը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Եգիպտոսի ժողովուրդը, միասնական քաղաքական կամք դրսեւորելով, նվաճեց իր ազատությունը: Ղրղզստանից եւ Թունիսից հետո եւս մեկ անգամ ապացուցվեց, որ իրոք համաժողովրդական խաղաղ համախմբման, մոբիլիզացիայի դեմ անզոր է աշխարհի ցանկացած բռնապետ»:



Իսկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Եգիպտոսի վիճակն արմատապես տարբեր է հայաստանյան վիճակից: «Այդ երկիրը՝ միջազգային շրջանակներից սկսած, վերջացրած հասարակության կառուցվածքով, խիստ տարբեր է մեզանից: Այնտեղ ազգաբնակչության 70 տոկոսը 25 տարեկանից ցածր է, ինչպես նաեւ Եգիպտոսն ԱՄՆ-ի դաշնակից երկիր է: Այսինքն Եգիպտոսի շրջապատում դոմինանտ են այն երկրները, պետություններն ու տերությունները, որոնք կարեւորում են ժողովրդավարությունը: Իսկ Հայաստանի արտաքին միջավայրում դոմինանտ է ռուսական ազդեցությունը, եւ Ռուսաստանն այդքան էլ շահագրգռված չէ սահմանի ժողովրդավարացման հարցերում»,-կարծում է պատգամավորը եւ հավելում, որ մեր հասարակության մեծամասնությունը տարեցներ են, իսկ թոշակառուների հեղափոխություն աշխարհի ոչ մի երկրում չի եղել, որ Հայաստանում էլ լինի:



«Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ զուգահեռներ չկան: Բայց միեւնույն ժամանակ սոցիալ-քաղաքական բունտի լուրջ նախադրյալներ կան, որոնք ստեղծվել են ավտորիտար կառավարման եւ տնտեսության ու մյուս համակարգերի ապաշնորհ կառավարման արդյունքում»: Սաֆարյանը կարծում է, որ եթե սոցիալական պայմանների պատճառով Հայաստանում բունտ լինի, ապա այն իր որակներով ու դրսեւորումներով միանգամայն այլ կլինի: Փոխարենը «Նոր ժամանակներ»-ի առաջնորդ Արամ Կարապետյանը կարծում է, որ հեղափոխության համար կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ, եւ մեր իշխանությունը Եգիպտոսի դեպքերից հետո պետք է հետեւություններ անի: «Երբ իշխանությունը, էլիտան ժողովրդին քաղաքակիրթ պայքարի համար ոչ մի միջոց չի թողնում, եւ երբ դրան գումարվում են օբյեկտիվ պայմանները, ապա ստացվում է այն, ինչ հիմա կատարվում է ամբողջ արաբական աշխարհում, անխուսափելի է նաեւ մեզ մոտ»,-ասաց Արամ Կարապետյանը:



Ըստ ՆԺ առաջնորդի՝ Հայաստանում հեղափոխության համար երկու կարեւոր սուբյեկտիվ պայման է պակասում՝ «քաղաքական պահը եւ քաղաքական այն գործիչների համագործակցությունը, որոնք իրավամբ առանց վախենալու պրոցեսն առաջ կտանեն»: Ապա Արամ Կարապետյանը հավելեց. «Ես ուզում եմ երկու հանգամանք շեշտել՝ առաջինը, որ եթե կան օբյեկտիվ պայմաններ, ապա հեղափոխությունն անխուսափելի է, եւ երկրորդ՝ գործող էլիտան պիտի հասկանա, որ ինչքան էլ գողանա՝ վերջում կոմա է»: