Այ քեզ նախադեպ

Այ քեզ նախադեպ
Վերջերս մեր ԶԼՄ-ների ամենասիրած թեմաներից մեկը նախադեպն էր: Կարո՞ղ է Հարավային Սուդանի անկախացումը նախադեպ լինել ԼՂՀ անկախության ճանաչման համար: Ոմանք ասացին՝ ոչ, ոմանք էլ, նախագահի գլխավորությամբ, ասացին՝ այո, եւ ոչ միայն Հարավային Սուդանը: Ամեն ինչ սկսվել էր դեռ Կոսովոյից, եւ հարցն անընդհատ քննարկման մեջ էր:



Հետո եկավ Եգիպտոսը: Այս անգամ ոմանք ասացին, որ Եգիպտոսի դեպքերը կարող են նախադեպ լինել Հայաստանի համար, եւ սպասում էին, որ այս անգամ էլ նախագահը կպաշտպանի իրենց: Բայց նախագահը չշտապեց պաշտպանել, եւ նրանք, ովքեր միշտ այն կարծիքին են, որ ոչ մի բան չի կարող նախադեպ լինել Հայաստանի, Արցախի եւ, առհասարակ, հայության համար, դարձյալ խոսեցին` Եգիպտոը չի կարող նախադեպ լինել:



Շատ չերկարացնենք, որովհետեւ այս հարցում կարծիքների բախումը, բացի այն, որ անպտուղ մի բան է, այլ նաեւ պայմանավորված է մարդկային այնպիսի ճղճիմ ցանկություններով, ինչպիսիք են իշխանության գալը կամ իշխանությունը ատամներով պահելը:



Մենք, փաստորեն, պատրաստ ենք Հայաստանն ու հայությանը դուրս դնել մարդկության զարգացման ու բնության օրենքների դաշտից, միայն թե գանք իշխանության եւ/կամ պահենք ձեռքներս ընկած իշխանությունը: Տխուր է:



Իրականում շատ ավելի հետաքրքիր իրադարձություններ են կատարվում աշխարհում, որոնք, եթե մենք վերջնականապես չենք դադարել Աստծո արարած լինելուց, շատ լավ կլիներ, որ նախադեպ դառնային մեզ համար: Այդպիսի իրադարձությունների ամենալավ կողմն այն է, որ դրանք բացարձակապես զուրկ են քաղաքական աստառներից եւ կարծիքների ոչ միայն բախման, այլեւ թեթեւակի շեղումների տեղիք էլ չեն տալիս:



Ուրեմն` փետրվարի 17-ին Բելգիան ռեկորդ կսահմանի, որն առայժմ Իրաքինն է` 249 օր առանց կառավարության։ Բելգիացիներն արդեն լրջորեն անհանգստանում են, որ երկիրը կարող է կործանվել։ Ասացեք, խնդրեմ, Եվրոպայի սրտում գտնվող Բելգիան կարո՞ղ էր երբեւէ մտքի ծայրով անցկացնել, որ Իրաքի՝ կառավարություն չունենալը կարող է իր համար նախադեպ հանդիսանալ: Իհարկե ոչ: Իհարկե Իրաքն ու Բելգիան միեւնույն բաները չեն, բայց նրանք նույնն են վերջնահաշվում` կառավարություն չունեն: Այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ Բելգիայում այդ խնդիրը շատ արագ կարող է լուծվել, եթե երկրի քաղաքական գործիչների կանայք միասնաբար հանդես գան եւ պաշտպանեն բելգիական սենատի պատգամավոր Մառլեն Թեմերմանի կոչը: Իսկ նա կոչ է արել քաղաքական գործիչների կանանց` հրաժարվել իրենց ամուսնական պարտականությունների կատարումից այնքան ժամանակ, քանի դեռ ամուսինները վերջապես կառավարություն չեն ձեւավորել: «Ես կոչ եմ անում բանակցություններին մասնակցողների կանանց` ձեռնպահ մնալ սեքսից այնքան ժամանակ, քանի դեռ նոր կառավարության անդամները չեն լուսանկարվել պալատի աստիճանների վրա»,- ասել է Մառլեն Թեմերմանը։



Հիմա` աննահանջ հարցը. եթե այս կոչի արդյունքում Բելգիայում կառավարություն ձեւավորվի, ապա բելգիացի կանանց համախմբումը կարո՞ղ է արդյոք նախադեպ լինել Հայաստանի համար: Հուսանք, որ այս հարցին պատասխանելու համար մեր հասարակությունը, իսկ քաղաքական դաշտը՝ առավել եւս, երկու ճամբարի բաժանվելու պահանջ չզգաց:



Ընդունենք, որ տղամարդկանց ուղեղի աշխատանքն արագացնելու այս պարզ մեթոդը, որ ընտրել է բելգիացի կին կոնգրեսականը, ոչ միայն կարելի է, այլեւ վաղուց էր պետք ներկրել Հայաստան եւ, ինչու ոչ՝ նաեւ տարածաշրջան: Հետաքրքիր է իմանալ, թե մեզ մոտ հատկապես ո՞ր բնագավառում առավել արդյունավետ կլիներ դրա ներդրումը:



Տիգրան Սարգսյանը թող ժամանակից շուտ չժպտա, ինչ է թե իր կառավարությունն այլեւս ձեւավորված է, եւ կառավարության այրերը խնդիր չունեն: Խնդիրներ, պարոն Սարգսյան, կանայք կարող են ստեղծել ուզածդ կառավարության համար, իսկ Հայաստանի կառավարության համար՝ առավել եւս: Ոչ էլ Հովիկ Աբրահամյանը թող հանգիստ նստի, ինչ է հայտարարել-պրծել է, թե ում է պաշտպանելու 2013-ին: Եթե ԱԺ պատգամավորների կանայք ֆրակցիաների բաժանվելու փոխարեն միավորվեն, ապա խորհրդարանում տղամարդ պատգամավորների այնպիսի մեծամասնություն կձեւավորվի, որ նույնիսկ կոալիցիայի անհրաժեշտությունը կվերանա՝ կարեւորագույն հարցերը ժողովրդի ուզածով լուծելու համար:



Թվում է, թե ՀՀ առաջին տիկինը ոչ կառավարության անդամների եւ ոչ էլ ԱԺ պատգամավորների տիկնանց հետ նման մի կոչի շուրջ համախմբվելու խիստ ընդգծված շարժառիթ չունի, որովհետեւ մի տեսակ հասկանալի չէ այս տեսանկյունից նրա ամուսնու մեղքը: Բայց ահա նա կարող է միավորվել Ալիեւի, Մեդվեդեւի, Սարկոզիի, Օբամայի, ինչու չէ՝ նաեւ Գյուլի կանանց հետ եւ միջազգային ֆրոնտում կարգավորել աշխատանքները:



Ամենադժվարը լինելու է ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի կանանց գործը: Նրանց ամուսինները, հեչ որ չլինի, ծաղկեփունջը ձեռքներին տուն գալով, գիշերը հայտարարելու են, որ հակասություններ չկան, իսկ գործի գալով՝ դարձյալ բզկտելու են իրար:



Կմիանա՞ն արդյոք այս շարժմանը ՀԱԿ-ի կամ ԺԿ-ի առաջնորդների կանայք: Մեր կարծիքով՝ նրանց խնդիրը մի փոքր այլ է: Պետք է նախ իրար մոտ բերել երկու տղամարդու, ովքեր իրար անուն լսել չեն ուզում: Իսկ դա, ավաղ, ամուսինների դեմ մեկ-երկու գիշերվա բողոքի ակցիայով լուծվող հարց չէ:



Եվ ուրեմն մնում է պարզել՝ ո՞ւր են մեր Մառլեն Թեմերմանները:



Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ