Չորս պատից այս կողմ

Չորս պատից այս կողմ
Եթե չկա կատաղած շուն, բայց մենք երեւակայում ենք, թե նա կա, եւ համապատասխան ենք վարվում նրա հետ, ապա ոչնչից առաջանում է այդ շունն ու դառնում իրական: Ոչինչ աշխարհում չի կարող իշխանություն ունենալ անձի վրա, եթե ինքներս դրան իշխանություն չտանք:



ՊԱՏԺԵԼ ՔՐԻՍՏՈՆԵԱԲԱՐ



Որոշ մուսուլմանական երկրներում գողություն անելու համար գողի ձեռքն են կտրում, անհավատարիմ կնոջը քարկոծելով են սպանում եւ այլն: Դե մենք էլ` քրիստոնյաներս, ցմահ ազատազրկման ենք դատապարտում մարդուն, այսինքն` հանում ենք աչքերը, կտրում ոտքերը եւ ձեռքերը…



Չհաշված առաջին (2004թ.) եւ երկրորդ (2009թ.) փախուստներիս շնորհիվ ազատության մեջ գտնվելու օրերը, 15 տարի է` չորս պատից այն կողմ ոչինչ չեմ տեսնում: 15 տարի է՝ ունեմ ոտքեր, բայց 4 մետր քայլում եմ մինչեւ մի պատը, հետո նույն 4 մետրը` դեպի մյուսը: Հաշմանդամներին, ովքեր հենասայլակով են շարժվում, ուզում եմ ասել` դուք երջանիկ եք: Երբ մռայլ տրամադրություն էի ունենում, միեւնույն երազն էի տեսնում, որտեղ ես, հաշմանդամի սայլակին նստած, «զբոսնում» եմ ազատության մեջ հարազատ քաղաքիս փողոցներում, կանգ առնում պուրակներում ու երջանիկ հայացքով նայում շուրջս, այլ ոչ թե մռայլ բանտի պատերին, տեսնում եմ արեւը, լուսինը, մարդկանց, տարածություն եմ տեսնում… նույնիսկ կույր մարդկանց կասեմ, որ շատ չտխրեն. դիպչե՛ք ձեր հարազատներին, զրուցե՛ք նրանց հետ, լսե՛ք թռչունների ծլվլոցը, լսե՛ք բնության ձայները: Ես այդ հնարավորությունն էլ չունեմ, չնայած՝ տեսողություն ունեմ, ունեմ ձեռքեր ու ոտքեր:



Քրիստոնյա, մուսուլման, բուդդիստ կամ հուդայական… մարդը մարդ լինի: Իսկ ո՞ւր է մարդկությունը: Ա՛խր չեմ արել այն հանցանքը, որի մեջ ինձ մեղադրել են 15 տարի առաջ: Ե՞րբ կբավարարվի արնախում ու դաժան համակարգը: Փորձում են ուղղե՞լ մարդուն: Մի՛ ծիծաղեցրեք ինձ: Այս համակարգը` բերդը, կալանքը, չի ուղղում կամ դաստիարակում մարդուն: Հակառակը` այլանդակում է: Հրեշներ է պատրաստում ու բաց թողնում: Ես, փառք Աստծո, մարդ եմ մնացել: Ո՞վ է որոշում մարդուն 2 կամ 5 տարի ավելի տանջել, որ ուղղի… դատավո՞րը, դատախազնե՞րը, երկրի նախագա՞հը, ո՞վ իրավունք ունի ներում շնորհել անմարդկային պայմաններում մարդ մնացածներին:



Հազարամյակ փոխվեց, Հայաստանը քրիստոնեության ընդունման 1700-ամյակ տոնեց, բայց ոչ մի գթասրտություն, ոչ մի ներում նույնիսկ: Գոնե Վեհափառ հայրապետը գթասիրտ գտնվեր ու հիշեր միջնադարյան փիլիսոփայի հետեւյալ միտքը. «Երբ սկսվել էր վհուկների որսը, անմեղ մարդկանց կախաղան էին բարձրացնում ու վառում խարույկի վրա»: Այս տողերը արտասանեցի նաեւ դատարանում. «Մինչ մարդկանց մահվան դատապարտելը, հիշե՛ք մարդկության պատմության ամենաանարդար «արդարադատությունը», որ Աստծո որդուն` Հիսուսին, խաչ բարձրացրեց: Մի՛ մոռացեք նաեւ, որ Հիսուսի հետ խաչված չարագործներից մեկը ներվեց…»:



ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՄԱՀԱՊԱՏԻԺ



Ծննդյան տոներից առաջ գրածս դիմում-նամակում խոստացել էի համեմատություն անցկացնել ցմահ ազատազրկման եւ մահապատժի միջեւ: Արեցի: Հետեւությունները Ձեզ եմ թողնում: Ավելացնեմ միայն այն, որ երբ մեկ տարի առաջ Ամիրյան փողոցում ինձ ձերբակալեցին եւ տարան Ազգային անվտանգության ծառայության շենք, այնտեղ ես փորձեցի վերջացնել իմ երկրային ճանապարհը: Աստված չկամեցավ: Մահամերձ վիճակում ինձ տեղափոխեցին Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները փրկեցին կյանքս: Վիրահատությունից անմիջապես հետո` կաթիլայինը միացված եւ գիտակցությունս դեռ չվերականգնված, տեղափոխեցին բերդ: Ես մահը գերադասեցի ցմահ բանտարկությունից: Ազատությունը գերադասում եմ մարմնի ստրկությունից: Աստվածաշնչում է ասված, որ չվախենանք մարմինը սպանողներից, այլ` հոգին: Օգտվելով առիթից` շնորհակալությունս եմ հայտնում վիրաբույժ Արտավազդ Սահակյանին եւ նրա հետ միասին կյանքս փրկող բժիշկներին: Չեմ կարող մոռանալ նաեւ բանտի բուժանձնակազմի մոտեցումը` ի դեմս գլխավոր բժիշկ Հրանտ Մուրադյանի. զգացված էի, երբ իմացա, որ նրա կինը, ինձ անձամբ չճանաչելով, ապուրներ էր պատրաստում եւ ուղարկում, իսկ Հրանտն իր ձեռքով խողովակի միջոցով կերակրում էր ինձ: Այդ օրերին, երբ ես դեռ կաթիլայինի տակ էի, ու ինձ զոնդով էին կերակրում եւ կապել էին մահճակալից, ինձ բանտում այցելեց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը: Բռնեց ձեռքս եւ խոստացավ անել հնարավորը` արդարությունը վերականգնելու համար:



ԳՐԱՍԽԱԼՈՎ ԴԱՏԱՎՃԻՌԸ



Որպեսզի չկրկնվեմ, ընթերցողը կարող է «Ես մարդ չեմ սպանել» վերնագրով իմ նախորդ հոդվածից ծանոթանալ բարձրացված հարցին: Խոսքը նրա  մասին է, որ ինձ էին վերագրել 2 եւ ավելի անձանց սպանություն, ավազակային հարձակում եւ այլն, ինչն իսպառ բացակայում է իմ քրեական գործից: Եվ այս կեղծիքը տեղի էր ունեցել ոչ թե 15 տարի առաջ, այլ 2-րդ փախուստիցս հետո` 2010-ին: Վեց ամիս շարունակ իմ փաստաբան` Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ներկայացնող Ռոբերտ Ռեւազյանն ու ես այս հարցով դիմեցինք պատկան մարմիններին: Հարցը բարձրացվեց նաեւ ԶԼՄ-ների օգնությամբ: Վերջապես դատական նիստ հրավիրվեց, որտեղ ներկա էր նաեւ դատախազության ներկայացուցիչը: Փաստերի ճնշման տակ դատարանն ընդունեց սխալը:  «Մհեր Ենոքյանը երբեւէ չի մեղադրվել իրեն վերագրված սպանությունների մեջ, ինչպես նաեւ երբեւէ չի մեղադրվել որեւիցե ավազակային հարձակման մեջ: Դատավճռում տեղի է ունեցել գրասխալ»:  Ինձ` Մհեր Ենոքյանիս, եւ իմ հետ միասին նաեւ ազնիվ փաստաբաններին ու քաղաքացիներին մնում է միայն ասել` կեցցե՛ մեր «արդարադատությունը», որն իրեն մեկ տարի շարունակ կույր էր ձեւացնում: Եվ միայն անդադար պահանջներից ու, որ շատ կարեւոր է` ԶԼՄ-ներում հարցը լուսաբանելուց հետո միայն ՀՀ քաղաքացուն օդից վերցված սպանությունների մեջ մեղադրելն անվանվեց ուղղակի «գրասխալ»:



Զարհուրելի է, որ մեր դատարաններում քաղաքացուն այդպես հեշտ կարող են սպանությունների մեջ մեղադրել եւ հետո ասել` կներեք, պարզապես գրասխալ է տեղի ունեցել: Եվ սա այսօրվա դրությամբ` 2011-ին: Իսկ ի՞նչ է կատարվել 15 տարի առաջ, երբ ինձ մահապատժի դատապարտեցին…



ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԵՂԱՔ



Մեկ ամիս առաջ գրածս դիմում-նամակին, Նոր տարվա ու Սուրբ ծննդի շնորհավորանքներին եղան արձագանքներ` պատասխան շնորհավորանքներ, բարի ու անկեղծ ցանկություններ, մաղթանքներ մեր երկրում ու քաղաքում ճանաչված մարդկանց կողմից: Իսկ ուղարկված նվերները սիրտս շոյեցին եւ անչափ հաճելի պահեր պարգեւեցին: Դիտեցի Տիգրան Խզմալյանի «Դեպի Արարատ» ֆիլմը. շատ տպավորված եմ: Ե՛վ այդ, ե՛ւ «Երեւանի գլխավոր գաղտնիքը» ֆիլմերում տեսա ու ապրեցի անմոռանալի պահեր: Հաճախ նայում եմ նկարիչ Սարգիս Մուրադյանի աշխատանքների ալբոմը եւ երեւակայում, թե դիմանկարներում պատկերված ճանաչված մարդիկ կենդանանում են, փորձում եմ զրուցել նրանց հետ, իսկ որոշ նկարների էլ նայելով` մտովի տեղափոխվում եմ պատկերված վայրերն ու գոնե այդպես ժամանակավոր հայտնվում ազատության մեջ, տեսնում խելացի դեմքեր… Անկեղծ շնորհակալություն եմ ասում այն մարդկանց, ովքեր անտարբեր չմնացին: Հուզվում եմ, քանի որ տարբեր հաճելի եւ խորը զգացմունքներ են առաջանում այս վերաբերմունքից, արձագանքներից, մոտեցումից: Ես ինձ երիտասարդ եմ համարում, 35 տարեկան եմ, բնավորությամբ օպտիմիստ եւ ուրախ մարդ եմ։ Ես ողջ եմ, բայց նորից վանդակի մեջ եւ վաղ թե ուշ ասելու եմ` մահ կամ ազատություն…



Իրավասու մարմիններում վերջապես պիտի գիտակցեն, որ առկա է լուրջ խնդիր, որը լուծման է կարոտ: Հիշեցի Գեորգի Դանելիայի «Կին ձա-ձա» ֆիլմը, որտեղ մեր մոլորակից երկու մարդ հայտնվում են ինչ-որ «Կին ձա-ձա» հեռավոր գալակտիկայի մոլորակներից մեկում: Այստեղ նրանք հանդիպում են մարդու տեսքով երկու այլմոլորակայինի: Մերոնք երկրային ինչ լեզվով էլ խոսում են, սրանք միայն մի բան են ասում` «Կու, կու-կու»: Հետո պարզվում է, որ այս այլմոլորակայինները լավ էլ հասկանում են երկրացիներին, պարզապես՝ կոպիտ ու միաժամանակ պարզ ասած, իրենց հիմարի տեղ են դնում: Նույնը իմ` հայ քաղաքացու պարագայում է. ես խոսում եմ մարդկային լեզվով, սակայն, չգիտես ինչու, միշտ պատասխանը նույնն է` կու, կու-կու:



Դանելիայի ֆիլմում գոնե վերջում պարզվում է, որ այլմոլորակայիններն ընդամենը լուցկի էին ուզում: Իսկ դուք ի՞նչ եք ցանկանում. միգուցե ձե՞զ էլ է լուցկի պետք, որ լուսավորեք ձեր հոգիները, նայեք ձեր մեջ ու խիղճ փնտրեք… Հայաստանը փոքր հողակտոր է` թշնամիներով շրջապատված, հայերս էլ փոքր ազգ ենք: Ու եթե քթերով իրար չճանաչենք, գոնե հայի մեր աչքերով իրար կգտնենք: Ուրեմն եկեք՝ անկախ պաշտոնից, զբաղեցրած դիրքից, իրար լեզու հասկանանք: Հայերեն ենք խոսում, հո «Կին ձա-ձա» գալակտիկայից չե՞ք…



Հետգրություն



Ուզում եմ պատմել մի դիպվածի մասին, որ ինձ հետ տեղի ունեցավ, երբ դեռ փախուստի մեջ էի. ձմեռային մի գիշեր, ժամը 2-ին 4-5-րդ մասիվների արանքում ընկած փոքր կամրջի տակով դեպի Ջրվեժ տանող ճանապարհով ոտքով անցնում էի: Անբնակ տարածություն, ոչ մի կանգառ, աջից ու ձախից ինչ-որ գործարաններ: Նկատեցի մի տատիկի, ով մեծ սղոցով՝ երեւի 90-ականների սկզբից մնացած, մի կոճղ էր կտրում: Մտածեցի. «Ա՜յ քեզ բան, երեւի խելագարվել է, թե չէ 2010-ի նախաշեմին, գիշերվա կեսին տատիկն ինչո՞ւ պիտի ծառ կտրի»: Մոտեցա.



- Բարի երեկո Ձեզ,-ես իրեն, նա էլ ինձ ասաց:



- Տատի ջան, էս ի՞նչ գործի ես գիշերվա կեսին:



Տատիկի աչքերը լցվեցին, լաց եղավ: Երկու քայլ արեց, մոտեցավ ինձ` ձեռքերը ցույց տալու:



- Տղա ջան, ես կոնսերվատորիան եմ ավարտել, դաշնակահարուհի եմ: Էստեղից մինչեւ մեր դոմիկը մի կես ժամվա ճամփա ա: Ուրիշ տաքացնելու հնարավորություն չկա: Փող չկա, լույսն էլ են անջատել:



- Բա օգնող չունե՞ս:



- Տղա ունեմ, 40 տարեկան ա, բայց ծանր հիվանդ ա, հիմա քնել ա, թաքուն դուրս եմ եկել՝ չիմանա:



Լռություն: Վայրկյաններ անց դաշնակահարուհի տատիկը հարցրեց.



- Տղա ջան, բա դու ի՞նչ ես անում էս գիշերվա կեսին:



Շփոթվեցի, բայց շուտ կողմնորոշվեցի.



- Ես պետական կառույցի աշխատող եմ… իսկ ոչ մի տեղ չե՞ք դիմել Ձեր խնդիրներով,-բնականաբար չէի կարող ասել, որ երկու օր առաջ ցմահ բանտարկյալ էի, իսկ հիմա էլ հետախուզման մեջ եմ:



- Դիմել ենք պաշտոնյաներին, որ մի տեղ գոնե ապրելու տեղ տան, բայց ոչ մի օգուտ: Ընտրություններից առաջ խոստացան օգնել, բայց էլի խաբեցին,-ասաց տատիկը, հետո էլ, «Դուք»-ի անցնելով, հարցրեց:-Բա ինչի՞ավտոյով չեք՝ էս տեղերով ոտքով եք անցնում:



-Է՜, բա որ մեքենայով լինեի, կտեսնեի՞ ժողովուրդը ոնց ա ապրում, քեզ կհանդիպեի՞:



Այս խոսքերիս վրա տատիկը մոտեցավ ու գրկեց ինձ:



- Հույսդ մի կորցրու, ամեն ինչ լավ կլինի, կներես, որ չեմ օգնում քեզ, շտապում եմ,-ասացի ու հեռացա:



Մի տասն օր անց նորից տեսա դաշնակահարուհուն` այս անգամ 3-րդ մասում, կանաչի էր վաճառում: Օրը ցերեկ էր, շրջվեցի, որ ինձ չտեսնի: Ի՜նչ արած, միայն հույս կարող էի տալ: Իսկ համապատասխան իշխանավորներն ինչո՞ւ են շրջվում, ինչո՞ւ են թաքնվում իրենց աշխատասենյակներում կամ զրահապատ մեքենաների մեջ… նրանք էլ հո հետախուզման մեջ չե՞ն:



Մհեր ԵՆՈՔՅԱՆ