400 դոլար ռեֆերատի դիմա՞ց

400 դոլար ռեֆերատի դիմա՞ց
Մի քանի օր առաջ մեր խմբագրությունը նամակ էր ստացել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2010 թ. շրջանավարտ Վ. Մուրադյանից, ով իր եւ ֆակուլտետի ուսանողների օրինակով վերհանել էր միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնում առկա բացասական երեւույթները, մեղադրելով ամբիոնի վարիչ Էդիկ Զոհրաբյանին կաշառակերության, խելացի ուսանողներին խեղճացնելու, տգետներին տեղ տալու, անգրագետ «մասնագետներով» ամբիոն ղեկավարելու մեջ.



«Նա ոչ միայն այլ ամբիոնների ու ֆակուլտետների դասախոսներին խնդրում է իր կողմից հովանավորվող ուսանողներին նշանակել «հարմար գնահատականներ», այլեւ սեփական ամբիոնի ուսանողներից, յուրաքանչյուր ռեֆերատի համար բարձր գնահատական նշանակելու համար, մինչեւ 400 դոլար է վերցնում»,- գրել էր ուսանողը: Պարզաբանումների համար զանգահարեցինք պրն Զոհրաբյանին, ով ասաց, որ բոլոր մեղադրանքներն անհիմն են, ու ռեֆերատներն էլ ինքը չի ստուգում. «Դա ասիստենտներն են ստուգում, գնահատման ժամանակ ուղղակի ես հարցնում եմ՝ հանձնա՞ծ է, թե՞ ոչ, ռեֆերատների դեպքում սպլաշնոյ բոլորն ստանում են, հետո՝ ի՞նչ է նշանակում 400 դոլար. նա աստղաբաշխական գներ է ասում»:



Տեսնելով, որ ամբիոնի վարիչը դժվարանում է  հիշել Վ. Մուրադյան անունով շրջանավարտին, նամակից ընթերցեցինք մի հատված, որտեղ ուսանողը գրել էր, որ պետական քննության ժամանակ դրված միակ «4»-ը նշանակել է Էդիկ Զոհրաբյանը, ինչը, սակայն, իրեն չի խանգարել վերապատրաստվել Չիկագոյի համալսարանի միջազգային հարաբերությունների եւ իրավունքի ֆակուլտետի մագիստրատուրայում. «Դե հենց դա է, էլի՝ մի հատ «4»-ի համար նման բան է գրել: Ես պատկերացում չունեմ, թե ով է այդ ուսանողը, որ նման կլյաուզա է արել: Դա 100 տոկոսանոց սուտ է, վրեժ է լուծել այդ «4»-ի համար»: Ապա շարունակեց. «Ես չեմ անհանգստանում, որովհետեւ դա ինձ չի կարող կպնել: Ես չգիտեմ ում ի նկատի ունի, նա կպել է մի մարդու, ով նման բաներից շատ հեռու է, ես օբյեկտիվ եմ գնահատում, եթե «4» եմ նշանակել, ուրեմն «4»-ի է եղել: Ես 40 տարվա դասախոս եմ, առաջին անգամ է, որ ինչ-որ մեկը համարձակվում է նման բան ասել»:



Փորձեցինք պարոն Զոհրաբյանի կարծիքն իմանալ, թե այնուամենայնիվ այսօր կրթական համակարգում առկա կոռուպցիոն դրսեւորումները որքանո՞վ է հնարավոր ժխտել: «Ես միայն իմ համար կերդվեմ, ուրիշների անունից չեմ կարող երդվել»,- եղավ պատասխանը: Զրույցից կես ժամ հետո Էդիկ Զոհրաբյանը զանգահարեց խմբագրություն ու ասաց, որ ճշտել է՝ Վ. Մուրադյան անունով շրջանավարտ չեն ունեցել, եղել են Ս. եւ Ռ. Մուրադյան, ինչը թերեւս այս դեպքում այնքան էլ կարեւոր չէ: