Նոր կատեգորիա` երվանդանալ

Նոր կատեգորիա` երվանդանալ
«Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում գյուղական ինտելիգենցիայի ներկայացուցիչ Երվանդն ասում է. «Մարդու հետ, ով այսպիսի արգահատելի վերաբերմունք ունի ջութակի նման ազնվագույն գործիքի նկատմամբ, ես ճանապարհ չեմ գնա»: Արեւմտահայերենով սա ավելի լավ է հնչում:



Բայց ինչո՞ւ հիշեցինք ֆիլմն ու Երվանդ Մանարյանի կերտած «ըմբոստ» կերպարը: ՀԱԿ ղեկավարությունն իր կեցվածքներով մեզ դեռ շատ բան կստիպի հիշել: Լեւոն Զուրաբյանն օրինակ, եթե նրան համարենք ՀԱԿ ղեկավարներից մեկը եւ ոչ որպես գործերի համակարգող միայն, ստիպում է իր կեցվածքը բնորոշող կտորներ որոնել տարբեր ժանրերի կատակերգությունների մեջ, եւ, խնդրեմ՝ մեր ընտրությունը կանգ առավ գեղարվեստական ֆիլմի վրա: Նախադեպը կա ուրեմն: «Ազատություն» ռադիոկայանին մարդն ասել է, որ Դաշնակցության հետ, որ ժամանակին մասնակցել է ընտրակեղծիքներին, իրենք ճանապարհ չեն գնա եւ մաս չեն կազմի ընտրակեղծիքների դեմ պայքար սկսելու շարժմանը: Այսինքն «երվանդացել է»: Դաշնակցությունն էլ, ինչպես ասում են՝ «տակ չմնաց» եւ իր հայաստանյան կառույցի ներկայացուցչի մակարդակով թարմացրեց Լեւոն Զուրաբյանի հիշողությունը ՀՀՇ-ի` ընտրակեղծիքների պետական ինստիտուտի հիմնադիր համարվելու մասով:



Այս պահին որեւէ կողմում չհայտնվելու համար կփորձենք հանդես գալ հեռուստադիտողի կարգավիճակում: Ի՞նչ տեղի կունենար, եթե Երվանդը, այնուամենայնիվ, կողի ընկներ ու իր հայրենի գյուղի դելեգացիայի կազմում չգնար Ռուսաստան` աղջիկ ուզելու: Նախ` Երվանդի դերն էր ավարտվելու, եւ ապա` ֆիլմի ինչպիսի հոյակապ կտորներից էինք զրկվելու մենք:



Հիմա հարցի քաղաքական կողմը: Ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը, երբ օրացույցին 2011 թվականն է, իսկ ընթացիկ տարվա յուրաքանչյուր օր մեզ մոտեցնում է հերթական խորհրդարանական ընտրություններին: Ի՞նչ է պատրաստվում անել ՀԱԿ-ը, եթե օրեցօր քիչ ժամանակ է մնում արտահերթ ընտրություններին: Ի՞նչ իշխանափոխության մասին է շարունակում երազել ՀԱԿ-ը, եթե կասկած չկա, որ ուզածդ արտահերթ ընտրություն հասարակության այս հուսահատ վիճակում նոր, ավելի խայտառակ պատկեր է տալու, ընդ որում՝ ոչ հօգուտ ընդդիմության: Առջեւում ունենալով այսքան փակուղիներ` ինչո՞ւ է Զուրաբյանը փորձում ՀԱԿ հանրահավաքների մասնակիցներին համոզել, որ ընտրական իրավունքի համար պայքարն անիմաստ զբաղմունք է: Եթե նման բան ասեր իշխանության ներկայացուցիչը (իսկ իշխանություններն արդեն ասում են), դեռ կարելի էր հասկանալ նրան: Մի՞թե Զուրաբյանի ուզածն էլ է այն, որ ընտրություններն ընթանան կեղծիքներով: Թվում է` այո: Որովհետեւ հետո  ՀԱԿ-ի համար հեշտ կլինի ընտրակեղծիքների մեջ մեղադրել իշխանություններին եւ այդ երգի հանգերով շարժվել դեպի նախագահական ընտրություններ: Գուցե սխալվո՞ւմ եմ:



Եթե սխալվում ենք, ապա թող ՀԱԿ-ը բացատրի, թե ինչու չի ցանկանում մասնակցել քվեի արժեքը գնահատելու, քվեն կարեւորելու, քվեին տեր կանգնելու ՀՅԴ շարժմանը, եթե, մանավանդ, Կոնգրեսի առաջնորդներն արդեն դժվարանում են իրենց հանրահավաքի մասնակիցներին բացատրել, թե ինչու ժողովուրդը չի «ղզղնում», իսկ իշխանություններն էլ չեն ուզում ժամանակից շուտ իշխանափոխվել: ՀՅԴ-ն ասում է նաեւ, որ, սկսելով «Քվեն ուժ է» շարժումը, ինքը հեգեմոն դերի չի հավակնում, այլ առաջարկում է միասնաբար պայքարել ընտրությունների թափանցիկությունն ապահովելու համար: Այսինքն` զերծ է մնում Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` «թրի տակով անցկացնելու գեշ խասյաթից»:



Որպես հեռուստադիտող, ես այն կարծիքին եմ, որ երբեք չենք կարող մեր տուն հարս բերել, եթե շարունակենք «երվանդանալ» եւ իշխանությունների հանգույն «մուրադանալ»: Մենք Սերոբի պոչից պետք է բռնենք, մի մարդու, որին կոստյումը չէ, որ պիտի գեղեցկացնի:



Հիշո՞ւմ եք` խելքը հո հետս ա…



Աշոտ ՍԱՀԱԿՅԱՆ