ԽՍՀՄ մեծագույն գործիչը

ԽՍՀՄ մեծագույն գործիչը
Երեկ Խորհրդային վերջին առաջնորդը` Միխայիլ Գորբաչովը տոնում էր իր 80-ամյակը: Այդ առթիվ Մոսկվայում Գորբաչովի կյանքի տարբեր ակնթարթները հավերժացրած հարյուր լուսանկարների ցուցադրություն էր կազմակերպվել: Գոնե վեց տարի՝ 1985-1991-ը նրա կյանքն այնպես է միահյուսվել ԽՍՀՄ-ի, Եվրոպայի եւ աշխարհի պատմությանը, որ կարելի է ասել Գորբաչովի լուսանկարներում հավերժացած են 20-րդ դարի պատմության ակնթարթները: Նա այն բացառիկ երջանիկներից է, որոնք պատմություն են կերտել ոչ թե ժողովուրդներ ու երկրներ նվաճելով, այլ դրանք ազատագրելով: Ոչ թե մարմնական ու հաշվելի թշնամիներից, այլ աննյութական ու ամենակալ ամբողջատիրությունից: «Սեփական աշխատասենյակում, բազկաթոռի մեջ թիկնած կարող ես իշխանություն ունենալու զգացողություն ապրել, բայց փորձիր դուրս գալ փողոց, խոսել մարդկանց հետ, այդ ժամանակ կզգաս իշխանությանդ ռեալ կշիռը»,- երեկ իր հարցազրույցում հայտարարել է Գորբաչովը` վերհիշելով իր իշխանության տարիները, վերակառուցման եւ բացախոսության քաղաքականության մեկնարկը: Այն տարիները, երբ չարիքի կայսրությունը սկսեց մարդկային դեմք ձեռք բերել աշխարհի առջեւ: Հոմոսովետիկուսները մի օր դադարեցին տոտալիտար ճնշամեքենայի պտուտակներ լինելուց, երաշխիքներ ձեռք բերեցին ազատ մտածելու եւ ապրելու. դա Գորբաչովի ծառայությունն էր մարդկությանը: Խորհրդային մի գրող այդ երկրի մասին ասել էր. «ԽՍՀՄ-ը մարդկանցից վերցնում է բոլոր իրավունքներն ու պարտականությունները, նույնիսկ մարդ լինելու պարտականությունը»: Գորբաչովը հենց այդ մարդ լինելու, մնալու հնարավորությունը վերադարձրեց միլիոններին: Առանց արյան ու փամփուշտի: Դրա համար անկարելի է չմեծարել ու չխոնարհվել Գորբաչովի մեծության առջեւ նրան մաղթելով երկար տարիների կյանք: