Չինացի ոստիկանները Եհովայի վկաներ են

Չինացի ոստիկանները Եհովայի վկաներ են
Թվում էր, թե քարն ավելի հեշտ ոսկի կդառնա, քան Մուբարաքը` նախկին նախագահ: Բայց իշխանության գագաթնակետին հասած այս մարդը չգիտես ինչ հրաշքով առաքինության որոշ բաժին էր պահպանել, որովհետեւ ցույցը սպանդի չվերածեց ու ինքնակամ հրաժարական տվեց:



Ի տարբերություն Քադաֆիի, որը դրսեւորում է աթոռը կյանքի հետ շփոթելու բոլոր սինդրոմները: Միջինարեւելյան իրադարձությունները խուճապի են մատնել նաեւ երկրագնդի բնակչության մեկ երրորդը տնօրինող պետությանը: Չինացիք, հատկապես խիստ վերեւներում, չորացած կոկորդներով հրամաններ են արձակում: Հնարավոր ցույցերն արգելող հրամաններ: Իզուր չէ, որ չինական փիլիսոփայությունը մի փոքր միստիկ, բայց միանգամայն արժանի տեղ է գրավում աշխարհի մտքի գանձարանում. իմաստուն ժողովուրդ են:



Ու որոշել են «չարիքը»՝ չծնված, արմատախիլ անել: Նրանք շատ են սիրում ամեն բան նախօրոք ծրագրել ու իրականացնել. մի չինական ֆիլմ կար, որում այս խելացի ազգն իրեն էր վերապահել դեռ աշխարհ չեկած նեռի «պորտը տեղը դնելը»: Նույն սյուժեն կրկնվում է. Մուբարաքի ու Քադաֆիի փորձով իմաստնացած չինական կառավարությունը չարիքն արմատախիլ է անում, երբ այն դեռ չի բուսնել. ոստիկանները շրջում են մայրաքաղաքի տարածքով մեկ, որպեսզի հանկարծ ու հանկարծ մի շեղաչքի մտքով չանցնի ձայնը բարձրացնել: Կամ երկուսը մի տեղ չհավաքվեն: Ախր Հիսուսն ասել է, չէ՞. որտեղ ձեզանից երկուսը իմ անունով մի բան խնդրի, ես նրանց մեջ եմ: Իսկ դա վտանգավոր բան է: Ինչ կլինի, եթե հանկարծ երկու չինացի իրենց կառավարության վերջաբանը խնդրեն, Հիսուսն էլ՝ նրանց հետ: Հիմա կասեք` չինացիքի խելքին ի՞նչ պիտի փչի, որ Հիսուսին  դիմեն:



Ասում եմ՝ ախր դրանք իմաստուն ազգ են, վերջը գլխի են ընկնելու: Դրա համար էլ  ոստիկաններն ընկած փնտրում են, ստուգում` հո երկու հոգի չե՞ն կանգնել-փսփսում: Նույն տրամաբանությամբ, հենց որ համացանցում չինացիներին ցույցի ելնելու կոչ է հայտնվել, ոստիկանները, ավելի ճիշտ` ոստիկանապետերն անմիջապես հիշել են արտասահմանցի լրագրողներին. դրանք հո քրիստոնյա են ու քրիստոնյա: Իսկ քրիստոնյայից ինչ ասես սպասիր: Ու սկսել են Եհովայի վկաների պես դռները թակելով շրջել` «Նյու Յորք Թայմզ», «Ասոշիեյթեդ Պրեսս», «Սի Էն Էն» ու «Էն Բի Սի» խառնել են իրար: Իբր` եկել ենք ձեզ ճշմարիտ ուսմունքը քարոզելու, թո՜ւ, ինչ եմ ասում, եկել ենք ձեզ համոզելու, որ սխալ քայլեր չանեք, բլա-բլա-բլա՝ ինչպես, հաստատ, իրենց լրատվամիջոցներին եղելությունը պատմելիս երկարաձգել են լրագրողները: Իսկ Եհովայի վկաների նպատակը ճշմարտությունից ու Հիսուսից հեռացնելն է:



Թույլ չեն տվել, որ փողոցում հարցազրույց վերցնեն մարդկանցից: Ախր, որ մի ինձ նման խելքը գլխին խորհրդական ունենա չինական կառավարությունը, կիմանա, որ եգիպտացիները, փողոցում հարցազրույց տալով, չշրջեցին կառավարությունը, այլ տանը` համակարգչի առջեւ նստած: Ու քանի որ Եհովայի վկաների օրինակին են հետեւում, պիտի բնակարաններն այցելեն, ոչ թե փողոցներով զբոսնեն: Իսկ ամերիկյան «Նյու Յորքը» չի զլանում անմիջապես հրապարակել, որ՝ օյ-օյ-օյ, Չինաստանը, տեսեք, բռնանում է լրագրողների վրա: Լրագրողներին վախեցրել են, սպառնացել: Լցրել են բունկերները: Ամերիկացիներն էլ, փաստորեն, դեռ չեն բուժվել կոմունիզմի հանդեպ հակակրանքից:



Երեւի էլ ուրիշ երկիր չկա, որտեղ լրագրողների ազատությունները սահմանափակում են: Բերանները փակում: Վարդագույն կամ սեւ ժապավեններով: Միայն կոմունիստական Չինաստանն է մնացել: Հոգնել եմ մարդկանց սարքած խառնաշփոթից: Եթե կա մեկը, որ կարող է ամեն բան իր տեղը դնել, էդ մեկը ոչ ամերիկացին է, ոչ չինացին, ոչ էլ անգամ եգիպտացին, թեեւ վերջինս ապացուցեց, որ  ոչ միայն ֆանտաստիկ ճարտարապետ է, այլեւ ֆանտաստիկ ընդվզող:



Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ