Քադաֆիի անփառունակ վերջաբանը

Քադաֆիի անփառունակ վերջաբանը
Հոգեբանները հաճախ են խոսում այն մասին, որ բռնապետերի վայրագ գործողություններն ու կերպարներն իրականում քողարկում են վերջիններիս թույլ, ողորմելի, երկչոտ էությունը: Մոամար Քադաֆիի դեպքում վստահաբար այդպես է:



Ընդամենը մեկ-երկու օր առաջ այս խելագարը հասել էր նրան, որ մի քանի քաղաքներ օդուժի ռմբակոծություններով ավերելուց ու հրացաններով իր դեմ պայքարող մարդկանց սպանելուց հետո, գլխապտույտի մեջ ընկած, թե կարող է սեփական իշխանությունը պահել, սպառնալիքներ էր տեղում Բենգազիի հասցեին: Բենգազին Լիբիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքն է, ներկա ապստամբության միջնաբերդը, որտեղ գտնվում է նաեւ Եվրամիության կողմից արդեն ճանաչված Լիբիայի անցումային իշխանությունը` նախկին ՆԳ նախարարի գլխավորությամբ: Ահա այս Բենգազիի մարդկանց ընդամենը մեկ օր առաջ Քադաֆին կոչում էր առնետներ ու միջատներ, որոնք պետք է զենքերը գցեն ու փախչեն, այլապես մինչեւ վերջին ապստամբը կսատկացվեն, գիշերը իր զորագնդերը կմտնեն քաղաք, տուն առ տուն կխուզարկեն եւ այլն, եւ այլն: Գեհեն էր նկարագրում՝ ինչպես կարող էր:



Մի քանի ժամ հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ի պատասխան Արաբական երկրների լիգայի կողմից անցյալ շաբաթավերջին ուղարկված պաշտոնական խնդրանքի, ոչ միայն որոշեց Լիբիայի օդային տարածքում պարտադրել թռիչքների արգելք, այլեւ քարտ-բլանշ տրվեց անհրաժեշտ նկատվող ցանկացած ռազմական գործողության` ընդդեմ Քադաֆիի ռեժիմի: Բենգազիում րոպեներ անց ուղղակի տոնախմբություն սկսվեց, քանի որ միջազգային ռազմական ինտերվենցիան Քադաֆիի միանշանակ վերջաբանն է:



Իսկ ի՞նչ արեց Քադաֆին: Կարծում եք այդ խելագարը համարձակվեց մի քանի ժամ առաջվա իր որեւէ սպառնալիքը իրագործե՞լ Բենգազիի հանդեպ: Իհարկե ոչ: Ավելին` ՄԱԿ ԱԽ բանաձեւի ընդունումից ընդամենը ժամեր անց, երբ Ֆրանսիան եւ Բրիտանիան հայտարարեցին, որ օրվա ընթացքում ռազմական ինտերվենցիան կսկսվի, խելագարը սարսափից ու ահից ձեռքերը վեր բարձրացրած՝ հայտարարեց, թե դադարեցնում է բոլոր ռազմական գործողությունները: Իհարկե, դա այլեւս որեւէ մեկին չհետաքրքրեց, որովհետեւ հանցագործներին դատում են գործողություններով:



Իսկ Քադաֆիի դեպքում «ռազմական գործողությունների դադարեցում» հասկացության տակ Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ արաբական երկրները հասկանում են ոչ միայն Քադաֆիի զորախմբերի ետ շրջվելը եւ հեռանալը Բենգազիից, այլեւ անմիջապես եւ լիովին ետ քաշվելը բոլոր այն քաղաքներից, որտեղ օդուժի կիրառմամբ վերահսկողություն էր հաստատել վերջին օրերին: Հաջորդ պահանջը` ապստամբների վերահսկողության ներքո գտնվող բոլոր տարածքներում պետք է վերականգնվեր ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը: Այլ կերպ ասած` խելագար, ձեռքերդ հեռու մարդկանցից:



Վերջին անգամ բոլոր այս պահանջները ինտերվենցիային նախորդող երեկոյան կրկնեց նախագահ Օբաման, երբ կոալիցիոն ռազմանավերն ու օդուժն արդեն մոտենում էին Լիբիայի սահմանին: Հաջորդ կեսօրին Փարիզում գումարված գագաթաժողովից հետո Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմանավերն ու կործանիչներն անցան հարձակման: Մեկ օրվա ընթացքում Լիբիայի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի հաստատվեց: Մեկնարկած ռազմական կամպանիայում կոալիցիոն ուժերը (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա) ունեն երկու խնդիր՝ պաշտպանել Լիբիայի ժողովրդին բոլոր հնարավոր միջոցներով` ներառյալ ռազմական միջամտությունը: Եվ երկրորդ` չթմբկահարվող ծրագիրը վերաբերում է Քադաֆիին իր հանցագործ շրջապատով Հաագայի դատարանի առջեւ կանգնեցնելուն: Եթե մեկ տասնամյակ առաջ Հարավսլավիայում մոլեգնած Սլոբոդան Միլոշեւիչին գահընկեց անելու եւ Հաագա քարշ տալու համար հարկավոր եղավ մեկ ամիս, Քադդաֆիի դեպքում երեւի դա էլ չպահանջվի:



Եվ իհարկե, սա մարդկային պատմության այն բեկումնային պահերից է, երբ միս ու արյուն են ստանում «միջազգային հանրություն», «մարդասիրական իրավունք», «միջազգային իրավունք» հասկացությունները: Դժվար է կռահել, երբ 1920-ականներին Դեյվիդ Լլոյդ-Ջորջը եւ Ժորժ Կլեմանսոն հիմնադրում էին Ազգերի լիգան, կարո՞ղ էին երեւակայել, որ մեկ դար էլ չանցած՝ իրենց հոգեզավակը, ի դեմս ՄԱԿ-ի, այնպիսի ուժ կունենա, որ ի զորու կլինի բարբարոսներից մարդկային քաղաքակրթությունն ու արժեքները պաշտպանել:  Ինչ հրաշալի է, որ գոնե այսօր այդպես է: