Միակողմանի դիտարկում-հետաքննություն շփման գծում

Միակողմանի դիտարկում-հետաքննություն շփման գծում
Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության, իսկ ՀՀ ղեկավարության ջանքերով արդեն հայաստանա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում ինքն առաջնորդվում է միայն ու միայն սեփական սցենարով։



Արցախի իշխանությունների առաջարկով Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում մարտի 20-ին պլանավորված էր անցկացնել ԵԱՀԿ դիտարկում-հետաքննություն։ Ասկերանի ուղղությամբ՝ Ակնա բնակավայրի մոտակայքում անցկացվելիք դիտարկման նպատակը մարտի 17-ին ազերիների կողմից դիպուկահարի կրակոցից ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայող Ահարոն Հայրապետյանի մահվան հանգամանքների հետաքննությունն էր։ Սակայն Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել դիտարկմանը: Անջեյ Կասպրշիկի ղեկավարությամբ ԵԱՀԿ առաքելությունը ստիպված էր հետաքննությունն իրականացնել միակողմանիորեն՝ միայն հայկական կողմում: Արցախի ԱԳՆ լրատվական ծառայության տեղեկատվության համաձայն, հայկական կողմը դիտորդական խմբին մանրամասնորեն բացատրել է ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողի սպանության հանգամանքները:



Մի քանի րոպե անց, երբ ԵԱՀԿ դիտորդական խումբն արդեն մեկնել էր վերոհիշյալ վայրից, որտեղ հետաքննություն էր իրականացվում, ազերիները կրկին դիպուկահար կրակոցներ են արձակել ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը Անջեյ Կասպրշիկին անմիջապես տեղեկացրել է այդ միջադեպի մասին եւս: Ցավն այն է, որ հայկական կողմը շարունակում է կուրորեն հավատալ ԵԱՀԿ ՄԽ-ին եւ ղարաբաղյան խնդրով հետաքրքրվող միջազգային մյուս բոլոր կազմակերպություններին, մինչդեռ հակառակորդը, ի տարբերություն հայերի, շատ լավ գիտի, որ իր այդ հերթական «օյինբազությունները» նույնպես անարձագանք կմնան կամ ԵԱՀԿ համանախագահող պարոններն անատամ ու հերթապահ մի հայտարարություն կանեն «հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու» վերաբերյալ, եւ դրանով ամեն ինչ կավարտվի։



Արեգ ՎԱՐԴԱՆՅԱՆ