Կոնդն էլի՞ է խճճվում

Կոնդն էլի՞ է խճճվում
Կոնդի հանգույցը տարեցտարի ավելի է խճճվում՝ պարզվելու փոխարեն, հակառակ ներկա եւ նախկին իշխանությունների տված խոստումներին: Դեռ 1984-85թթ. Կոնդը վերականգնելու նպատակով հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Արշավիր Աղեկյանի հեղինակած նախագիծը:



ԽՍՀՄ կառավարության թիվ 218 որոշմամբ 1989-ին սկսվելու էին Կոնդ թաղամասի շինարարական աշխատանքները, որը նախատեսվում էր ավարտել երկու տարվա ընթացքում:



1992թ. Երեւանի քաղաքապետարանի թիվ 445 կարգադրությամբ դադարեցվել են աշխատանքները եւ չեղյալ համարվել բնակիչների հետ կնքված պայմանագրերը, որոնցում նշված էր, որ յոթ օրվա ընթացքում բնակիչը պարտավոր է ազատել բնակարանը, որն էլ անմիջապես քանդվելու է, իսկ տեղում կառուցված շենքից բնակիչներին բնակարաններ էին հատկացվելու:



Պատմությունը գրեթե նույնությամբ կրկնվում է այսօր: Կառավարության 2006թ. նոյեմբերի 27-ի որոշմամբ Կոնդ թաղամասը ճանաչվել է հանրային գերակա շահ: 2007թ. «Դաունթաուն» ընկերությունը պարտավորվել է, որ մինչեւ 2012թ. կիրացնի տարածքը՝ բավարարելով բնակչության պահանջները:



Ընկերությունը Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակա մի քանի տների բնակիչների հետ պայմանագրեր է կնքել, ինչ-որ շենքի հիմքերն է դրել, մի քանի սյուներ էլ զոդել միմյանց, ինչը հեռու է անգամ կիսակառուց անվանելուց, եւ այդպես մնացել է մինչ այսօր: «4 տարի է՝ պետությունն իր գերակա շահի մասին է մոռացել, «Դաունթաունն» էլ թքած ունի իր ստանձնած պարտականությունների վրա»,- ասում են Կոնդի բնակիչները:



Հանրապետության գործող նախագահն էլ է խոստացել կոնդեցիներին, երբ դեռ վարչապետ էր, որ մինչեւ 2012թ. բոլորը նորմալ, բարեկարգ բնակարաններում կապրեն: Կոնդեցիները հարցնում են՝ տեսնես հիշո՞ւմ է խոստումը:



Իսկ «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն այդ առիթով նկատում է. «Կոնդի բնակիչներն այսօր կախված են «Դաունթաուն» ընկերության քմահաճույքից. կուզենան կքանդեն, չեն ուզենա՝ չեն քանդի, կամ կկառուցեն, կամ էլ չեն կառուցի: Իսկ պետությունը, որ տարածքը ճանաչել է գերակա շահ, պարտավոր է իր վրա վերցնել պարտականությունը եւ իր քաղաքացիների հոգսն ինքը տանել. մի բնակչին տնով կապահովի, մյուսին տան գումարը կտա, եւ այդպես հարցը լուծում կստանա»:



Բնակիչների հետ կնքված պայմանագրերի ավարտին մեկ տարի է մնում, սակայն Կոնդի վիճակը նույնն է, չի նկատվում տեղաշարժ ու փոփոխություն: Բնակիչները տագնապած դիմում են տարբեր գերատեսչություններ, միտինգներ են անում, բայց ամեն ինչ առաջվա պես է՝ տխուր ու հանդարտ:



Անգամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է Կոնդի խնդիրն Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրել՝ դիմելով վարչապետին. «Մի քանի տարի է՝ թաղամասն օրենքով ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ ունեցող տարածք, տեղահանվել են մի քանի տասնյակ ընտանիքներ, եւ այդպես էլ իրացման գործընթացը կանգ է առել»:



Անհնար է պատկերացնել քարտեզի վրա տեղ ունեցող որեւէ «խելքը գլխին» երկրի մայրաքաղաք, որի հենց կենտրոնում լինեն լաբիրինթոս կամ սարդոստայն հիշեցնող փողոցներ, միմյանց շալակ ելած, բարաքների նմանությամբ սարքված տներ, ծեփը թափած ու ճաք տված պատեր, ինչպիսին է Երեւանը՝ Կոնդ թաղամասը:



«Աղջիկ չեն տալիս կոնդեցիներին, հարս չեն տանում Կոնդից. տարածքը համարվում է վտանգավոր, անառողջ ու հիվանդածին: Տներում 85 տոկոս խոնավություն է, վխտում են առնետները, ով կարողացել՝ արտագաղթել է: Այսօր Կոնդում մնացել է 2-2,5 հազար բնակիչ: Տարածվում է տուբերկուլյոզը, մեր՝ համաճարակային վտանգ ունեցող պայմանների մասին դիմումով տեղեկացրել ենք առողջապահության նախարար պրն Քուշկյանին, սակայն ոչ մի արձագանք չենք ստացել: Նույնիսկ եղել է հղիության ընդհատում, քանի որ երեխա մեծացնելու համար սանիտարական պայմաններ չկան: Մենք մոռացված ու լքված ենք բոլորի կողմից»,- ասում է Կոնդի բնակիչ Տատյանա Իգիթյանը:



Հիմա էլ որոշել են Սուրբ Հովհաննես եկեղեցու շրջակայքը բարեկարգել, եկեղեցապատկան շինություններ կառուցել՝ քաղաքապետարանի եւ հոգեւորականների համաձայնությամբ:



Իրացման աշխատանքները կատարելու է «Երեւան, իմ սեր» հիմնադրամը, որի նախագահ Արշակ Կարապետյանը պատասխանեց, որ երկու շաբաթից մամուլի ասուլիսով հանդես կգան եւ կտեղեկացնեն, թե ինչ շինություններ են բարեկարգվելու եւ ինչ տարածք է իրացվելու:



Հուսանք, որ սա հերթական փող լվանալու ծրագիրը չի լինի, եւ Երեւանի կենտրոնում մի քանի օլիգարխի տարածք տալու համար նորից տներ չեն քանդվի, ու մարդիկ տնանկ չեն դառնա:



Ֆելիքս Եղիազարյան