Գարուն ա, սերավ կացեք...

Գարուն ա, սերավ կացեք...
Սյունիքի մարզի Եղվարդ գյուղի ամենատարեց բնակչուհին է Մարուսյա Օհանջանյանը։ Երիտասարդ տարիքում  նրան Մարո էին ասում, իր իսկ խոսքով՝ «մի ծիծեռնակ էր, սպիտակ մի թռչող աղավնի»։ «Հիմա, բալա, պերանումս սկի մի ատամ չկա, լյա կոսինկաս կապում ըմ, բալկոնում նստում, թմաշա անում, առաջ էէէէէ, հինչ ասիս անում ըմ լա»,-ասում է Մարուսյա տատը։



Կոլտնտեսության առաջավոր է եղել, տարբեր աշխատանքներ է արել, նույնիսկ մանկապարտեզի վարիչ է աշխատել: «Հիմա է, որ բեղա վըր ընգած պրինձ եմ տեռած, չեմ կարում աշխատեմ, թե չէ Մարոն հոգնող տիպ չի»,-ասում է նա: Զարմանում է, որ ինչ ասես հիմա չեն հորինել` էլ ՍՊԻԴ, էլ խոզի ժանտախտ, էլ հավի գրիպ: «Պա մեր օրոք խի տենց պեներ լյայիլ չի, ամեն ինչ նորմալ օտումըք լայ ու սկի էլ հիվանդանում չէինք»,-ասում է զրուցակիցս:



Հինգ տղա, մեկ աղջիկ ունի, թոռներ, ծոռներ։ Ամուսինը 50 տարեկանում է մահացել, ու ինքն է զբաղվել երեխաների դաստիարակությամբ։ «Մըծըցրալ եմ, բանակ ուղարկալ, պսակալ»,- ասում է նա։ Չի դժգոհում կյանքից, միայն ուզում է, որ թոռները, ծոռները առողջ լինեն ու մեծերի տեղն իմանան: «Սաղ պիտի իրենց մեծերին հարգեն, բա առանց տրյա հունց կլինի»,- ասում է տատը:



Զարմանում է, երբ տեսնում է, թե երբեմն ոնց են գյուղի երեխեքը խոսում իրենցից տարիքով մեծերի հետ: «Չեմ դիմանում, մտածում եմ ինձ էլ կվիրավորեն, բայց բալկոնից կանչում ըմ, ասում ըմ` այ բալա, էդ հիմաչում չը՞ք»: Սիրում է աշխույժ կյանքը, ժամանակին երգել եւ ասմունքել է, հիմա էլ է հիշում պատանեկության տարիներին սովորած բանաստեղծությունները:



Ու մեզ համար արտասանեց Նաիրի Զարյանի՝ Ստալինին նվիրված գործերից: Հարցրի` չէ որ Ստալինը լավ ղեկավար չի եղել, ինչո՞ւ է հիշում նման բանաստեղծությունը` ասաց. «Բալա, հուվ ա լյավ` Լեւոնը, Ռոբերտը, Սերժը, սաղ մի թրի կտրած ըն, սկսած Ստալինից, էն ժամանակ Ստալինը լյավ ա լյա: Հիմա էլ Սերժն ա լյավ: Հեսա հանին, էլ լավ չի լինելու, կյանքն ա տենց»: Հրաժեշտից առաջ, երբ երկար տարիների կյանք մաղթեցի, ասաց. «Տուք սաղ նիք, որ կարիք կյանքը վայելիք, հայ-հայս քեցած՝ վայ-վայս է մնացել: Գարուն ա, սերավ կացեք»։