Երբ իրական խուլիգանությունը կոծկվում է

Երբ իրական խուլիգանությունը կոծկվում է
Երեկ վերաքննիչ քրեական դատարանի առաջ Արարատ քաղաքի բնակիչ Արսեն Հակոբյանի բարեկամներն ու հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք վերաքննիչ դատարանից պահանջում էին գործի անաչառ եւ անկողմնակալ քննություն, քանի որ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը գրեթե առանց էական հիմնավորման խուլիգանության համար 5 տարի ազատազրկման է դատապարտել Արսեն Հակոբյանին եւ Էդգար Եղմալյանին: «Արսենը խուլիգան չի, նա այս երկրի համար կռված, վիրավորված մարդ է, ու հիմա նրան ուզում են տանեն-նստացնեն մի բանի համար, որը չի արել»,- նշում էին Արսենի բարեկամները:



Միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա սեպտեմբերին՝ Արարատ քաղաքում: Որոշ անձինք ներխուժել են Արսենի տան բակ, ապա վիճաբանություն է սկսվել, ինչին միջամտել են ոստիկանները: Մինչ ոստիկանությունը կժամաներ, Արսենի սեփականությունը հանդիսացող տարածք ներխուժած տղաները փախուստի են դիմել, իսկ Արսեն Հակոբյանին ու եւս երկու երիտասարդի ձերբակալել են: Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 հոդվածի չորրորդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով), եւ դատարանն Ա. Հակոբյանին ու Է. Եղմալյանին դատապարտել է 5 տարվա ազատազրկման, իսկ մյուսին՝ Արսեն Գրիգորյանին, 1 տարվա ազատազրկման: Ի դեպ, երեկվա նիստին դատախազ Արսենյանը միջնորդեց Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառել եւ ազատ արձակել դատարանի դահլիճից:



«Իմ պաշտպանյալի՝ Արսեն Հակոբյանի գործողությունները պայմանավորված են եղել հարձակում գործած անձանց ոչ իրավաչափ վարքագծով, այլ ոչ թե նրա խուլիգանական դրդումներով: Նախաքննական մարմնի այն պատճառաբանությունը, թե իբր իմ պաշտպանյալները թույլ են տվել հասարակական կարգի կոպիտ խախտում եւ հասարակության նկատմամբ ակնհայտ անհարգալից վերաբերմունք, հակասում է գործի նյութերին: Եթե չունենք տուժող, եթե չունենք իրեղեն ապացույց, հետեւաբար այդ արարքը որակել որպես 258 հոդվածի չորրորդ մաս, չի բխում որեւէ իրավական նորմից»,- դատավարության ընթացքում առարկեց Արսենի պաշտպան Մարինե Թովմասյանը եւ պահանջեց ամբողջությամբ բեկանել եւ փոխել Արարատ եւ Վայոց ձոր մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:



Հետաքրքիր է՝ երբ անձը (Մարգարիտա Խաչատրյան) հրոսակախմբով մտնում է «Հրապարակի» խմբագրություն, ծեծում-ջարդում, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս, մեր իրավապահները  նման արարքը խուլիգանություն չեն որակում՝ հայտարարելով, թե հասարակական կարգի դեմ ուղղված ակնհայտ անհարգալից վերաբերմունքը բացակայում է, իսկ երբ մի քանի տղա իրար հետ վիճում են՝ դա արդեն հասարակության դեմ ուղղված հանցագործություն է՝ ակնհայտ անհարգալից վերաբերմունքի տարրերով, եւ արդյունքում կան կալանավորվածներ ու 5 տարվա ազատազրկման դատավճիռ:



ՀԳ - Մեր տեղեկություններով՝ Արսեն Հակոբյանը Հայ ազգային կոնգրեսի Արարատի կառույցի ղեկավարն է, եւ նրա նկատմամբ այսպիսի խիստ պատիժը պայմանավորված է վերջինիս ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ: Իսկ Մառոզի նկատմամբ մեղմ վերաբերմունքը իշխանության վերաբերմունքն է իր շահերը սպասարկողի հանդեպ: