Պետրոս Ղազարյանն ու լուրերը

Պետրոս Ղազարյանն ու լուրերը
Դժվար է ըմբռնել, թե ինչու է Պետրոս Ղազարյանն ինձ հրավիրում իրենց լուրերի ժողովին: Եթե որոշել են ինձ զարմացնել՝ ցուցադրելով, թե ինչքան «ազատ» են ու «անկախ», թե ինչքան ստեղծագործական «ներուժ» ունեն եւ ինչպիսի «պրոֆեսիոնալ» հանձնարարություններ են լրագրողները ստանում այդ ժողովի ժամանակ, գուցե արժե մասնակցել այդ ժողովին: Թեեւ մանկուց ժողովները համարել եմ սովետական ստրկատիրական ժամանակներին բնորոշ դրսեւորում եւ դրանցով ինձ դժվար է  զարմացնել: Ինչ վերաբերում է «Հրապարակի» լուրին եւ ընթերցողների նկատմամբ հարգանքին, ապա խորհուրդ կտայի այդ առումով ընդհանրապես լռել: Ով ով, մեր «հեռուստագիգանտները» ունկընդրի ու հեռուստադիտողի նկատմամբ հարգանքի թեմայով խոսելու իրավունք բացարձակապես չունեն:



Այդքան կեղծիք ու երեսպաշտություն, ինչքան էկրանից է լցվում խեղճ հեռուստադիտողի գլխին, մենք՝ թերթերի աշխատողներս, մի քանի հարյուր տարում էլ չենք կարողանա մեր ընթերցողին մատուցել: Իսկ այսօր տպագրված լուրի մեջ ընդամենը խոսք էր գնում լուրերի թողարկման պատասխանատվությունը մի անձից (Պետրոս Ղազարյանից) վերցնելու եւ մեկ այլ անձի (Բաղդասար Մհերյանի) վրա դնելու մասին:



Եւ այն որ ոմանք սերտ առնչություններ ունեն Բաղրամյան 26 հասցեի հետ եւ հանձնարարականներն էլ ուղիղ այնտեղից են ստանում, դրա մասին անգամ «Կենտրոն» հետուստաընկերության պահակները գիտեն: Այնպես որ պետք չէ ոտքերն ամպոտ հրեշտակ ձեւանալ եւ ֆեյսբուքային էժան քննարկումների միջոցով ակնհայտը հերքել: