Արդյո՞ք մեր ձայնը հասնում է հանրապետության նախագահին

Արդյո՞ք մեր ձայնը հասնում է հանրապետության նախագահին
Բաց նամակ ՀՀ նախագահին



Իմ դիմումը (04.05.2011թ.) ԿԳ նախարարության կողմից վերջերս կազմակերպված դասագրքերի մրցույթում իրականացված ոչ օրինական գործողությունների մասին էր: Սակայն դիմումում բարձրացված հարցերի պարզաբանումը հանձնարարված էր ԿԳ նախարարությանը` այն անձանց, որոնց դեմ ես հայտնել էի իմ բողոքը: Ստացված պատասխանը, բնականաբար, չէր համապատասխանում իրականությանը: 16.05.2011թ. Ձեզ եմ ուղարկել իմ երկրորդ դիմումը` նշված անօրինական գործողությունների մանրամասն նկարագրությամբ եւ խնդրանքով, որ դրանց ստուգումը եւ պարզաբանումը չհանձնարարեք ԿԳ նախարարությանը:



Ի զարմանս ինձ, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության քաղաքացիների ընդունելության, առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնից հայտնում են, որ իմ այս դիմումը նույնպես հասցեագրված է ԿԳ նախարարությանը, որտեղից ես պետք է ստանամ դրա պատասխանը:



Մեծարգո նախագահ, ճանաչելով Ձեզ, իմանալով երկրի, նրա զարգացմանն ուղղված հարցերի նկատմամբ Ձեր նախանձախնդիր վերաբերմունքը՝ կասկածում եմ, որ Դուք կընտրեիք բարձրացված հարցերի լուծման այդ ճանապարհը: Այդ պատճառով ընտրում եմ նաեւ հրապարակավ իմ դիմումը Ձեզ ներկայացնելու այս ձեւը:



Դժվարանում եմ հասկանալ, թե ինչո՞ւ ԿԳ նախարարության դասագրքերի մրցույթի մասին Ձեզ ուղղված 04.05.2011թ. իմ դիմումը Դուք ուղարկել եք այն անձանց, որոնց դեմ ես հայտնել եմ իմ բողոքը: Դիմումի պատասխանում իմ հեղինակած դասագրքերի մասին նախարարի հայտնած կարծիքը կապ չունի իրականության հետ: Զարմացնում է աշխատանքի գնահատման նախարարի ոճը. ինչպե՞ս է ձեւավորվում դասագրքերի մասին նրա կարծիքը՝ բամբասանքներո՞վ, հանդիպումներո՞վ: Կամ այդ ո՞ր սեմինարի մասին է խոսում նախարարը:



Դասագրքերի մասին կարծիք կազմելու համար նախարարությունն ունի պաշտոնական կառույցներ` տեսչություն, Կրթության ազգային ինստիտուտ` իր մարզային մասնաճյուղերով, դրանք առայսօր իմ հեղինակած դասագրքերի մասին պաշտոնական որեւէ բողոք չեն ստացել: Ավելին՝ ինձ են ներկայացվել հարյուրավոր դպրոցների մաթեմատիկայի մեթոդմիավորումների կարծիքները, որոնք հեռու են նախարարի գնահատականներից եւ ունեն դրական ուղղվածություն:



Անհրաժեշտության դեպքում ես կարող եմ ներկայացնել այդ կարծիքները: Ճիշտ չէ նաեւ նախարարի բացատրությունն այն մասին, որ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացրած խմբաքանակի գնառաջարկի հրապարակային բացում չի եղել. նրա տնօրենը ֆինանսական հայտերի հրապարակման մասնակիցների ներկայությամբ բացել է գնառաջարկի ծրարը եւ հրապարակել առաջարկվող գինը` այն կազմել է 1300 դրամ մեկ դասագրքի համար` մրցակից դասագրքի 1700-ի դիմաց: Կարելի է նաեւ նախարարին հարցնել, թե ինչո՞ւ չեն բացվում չհաղթող դասագրքերի գնառաջարկների ծրարները. հետաքրքիր չէ՞ գնառաջարկի, գնագոյացման խնդիրը նախարարի համար, թե՞ դրանք կարող են բացահայտել «հաղթած» գրքերի գնառաջարկների ուռճացվածությունը:



Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ իրականում «Հանրահաշիվ 7-9» խմբաքանակի դասագրքերի մրցույթ չի իրականացվել. մրցույթից առաջ կայացել է կազմակերպիչների եւ ապագա հաղթող հրատարակչի միջեւ պարզ պայմանավորվածություն. հրատարակիչն իր դասագրքերի համար ներկայացնում է բարձր գներ, կազմակերպիչները գնային մրցույթին թողնում են միայն այդ դասագրքերը, իսկ մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է, որին հրաշալի է տիրապետում մրցույթի հիմնական կազմակերպիչ՝ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Իսկ թե ուր է գնում նման «հաղթած» դասագրքերի համար առաջարկված բարձր գների եւ իրական գների տարբերությունը` բոլորին հասկանալի է:



Մեծարգո նախագահ, նախարարության այս գործելակերպը կազմալուծում է դասագրքաստեղծման կարեւորագույն գործընթացը եւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Ուստի խնդրում եմ Ձեր հրատապ միջամտությունը՝ կանխելու անօրինական այս գործընթացը: Ստորեւ համառոտ ներկայացնում եմ իմ որոշ կոնկրետ նկատառումները մրցույթում կատարված անօրինականությունների վերաբերյալ:



1. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի հոդված 27-ի 7 կետով ուսուցչին տրվում է իր ցանկությամբ դասագիրք ընտրելու հնարավորություն: ԿԳ նախարարը, մրցույթում վերացնելով այլընտրանքային դասագրքերի թույլտվությունը, խախտել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը:



2. Հարգարժան նախարարի նշած ռուսական դասագիրքը գրված է այլ ծրագրով, եւ դրա բովանդակությունը չի համապատասխանում ՀՀ հանրակրթական դպրոցների «հանրահաշիվ» առարկայի չափորոշիչին եւ պետական ծրագրին: Այդ պատճառով այն մրցույթին չէր կարող մասնակցել, քանի որ, համաձայն հայտահրավերի գլուխ 5-ի 6 կետի, մրցույթին ներկայացված դասագրքերի բովանդակությունը պետք է համապատասխանի գործող առարկայական ծրագրերին եւ չափորոշիչներին: Հետեւապես խախտվել է դասագրքերի մրցույթի պայմաններից մեկը:



3. Մրցույթում «հաղթած» ռուսական «Հանրահաշիվ 7» դասագիրքը եւ ուսումնական ձեռնարկը (դրանք տեղադրված են ԿԳ նախարարության «ktak.am» ինտերնետային կայքում) գրված են գիտական եւ մեթոդական չափազանց ցածր մակարդակով, մասնագիտական ակնհայտ սխալներով: Խոսք անգամ չի կարող լինել պետական չափորոշիչին եւ ծրագրին բավարարելու, միջառարկայական կապերի ապահովման, ծրագրային նյութի բազմակողմանիորեն ընդգրկման, ճանաչողական հմտությունների զարգացման, ուսումնական նյութի արդիականության, սովորողների հետաքրքրություններին եւ նախասիրություններին համապատասխանելու, արժեքային համակարգի ձեւավորման պահանջների իրականացման մասին, պահանջներ, որոնցով էլ գնահատվում են մրցույթին ներկայացվող դասագրքերը (մանրամասն վերլուծությունը կատարված է «Հրապարակ» թերթի հունիսի 11-ի համարում): Ելնելով դրանից, մրցույթի բովանդակային մասը գնահատող դասախոսական հանձնաժողովը չի երաշխավորել այս դասագրքերը: Իսկ ահա ուսուցիչների հանձնաժողովը, երաշխավորելով դրանք, կամ չի ունեցել դասագրքերի գնահատման համար անհրաժեշտ մասնագիտական մակարդակ, կամ էլ կատարել է պատվեր (ես պնդում եմ, որ իրավացի է թե մեկը, թե մյուսը):



4. Դասագրքերի մեր ներկայացրած խմբաքանակը գրված է հանրահաշվի ՀՀ առարկայական չափորոշիչի համապատասխանությամբ եւ պետական ծրագրով: Դասախոսական հանձնաժողովը դրանց վերաբերյալ տվել է դրական երաշխավորություն: Իսկ ահա ուսուցչական հանձնաժողովը դրանք մերժել է: Համաձայն մրցույթի հայտահրավերի գլուխ 2-ի 26.2 կետի՝ դասագրքերի բովանդակային գնահատման համար ուղեցույց են հանդիսանում համապատասխան առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը: Ուսուցչական հանձնաժողովը, իմ հեղինակած դասագրքերին տված իր կարծիքում խախտելով մրցույթի այս պայմանը, մի քանի անգամ իր դիտողությունների թիրախ է դարձրել ծրագրի առանձին դրույթներ: Հանձնաժողովի այդ եւ մնացած բոլոր դիտողությունները հաստատում են նրա անդամների մասնագիտական եւ մեթոդական ցածր մակարդակը եւ դասագիրք գնահատելու անկարողությունը (այդ մասին կարելի է կարդալ «Առավոտ» օրաթերթի մայիսի 31-ի համարում):



5. Իմ հեղինակած դասագրքերի վերաբերյալ ուսուցիչների տված կարծիքում առկա սխալները եւ հայերենի աղավաղումները, ռուսական դասագրքում եւ մեթոդական ձեռնարկում եղած մաթեմատիկական ակնհայտ սխալները, մեթոդական մոլորությունները չէին կարող աննկատ մնալ մրցույթի կազմակերպիչների համար, եթե նրանք ցուցաբերեին անհրաժեշտ պատասխանատվություն: Իսկ մրցույթի հիմնական կազմակերպիչ, իրեն մաթեմատիկոս եւ մեթոդիստ համարող փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կամ չի հասկացել ներկայացվածը, կամ էլ ունեցել է կեղծիքն ու սխալները չտեսնելու անձնական շահագրգռվածություն: Իսկ ես կարծում եմ, որ ուսուցիչների հանձնաժողովի կատարած կեղծիքը հենց նրա պատվերն է: Հետեւապես, մրցույթը կազմակերպող հանձնաժողովը, դրա նախագահ Մանուկ Մկրտչյանը պետք է պատասխանատվություն կրեն մրցույթի անցկացման  ընթացքում ցույց տված ապօրինությունների համար:



6. Ռուսական դասագիրքը հանրակրթություն մտնելու դեպքում կսկսի գործել նաեւ նրա հիմքում ընկած ծրագիրը: Իսկ համաձայն Հանրակրթության պետական կրթակարգի` «Առարկայական ծրագրերը գործածության են երաշխավորվում առնվազն մեկ ուսումնական տարի փորձաշրջան անցնելուց հետո»: Մի՞թե ԿԳ նախարարը եւ մրցույթի կազմակերպիչ, փոխնախարար Մանուկ Մկրտչյանը տեղյակ չեն այդ մասին: Իսկ միգուցե նրանց իրավունք է վերապահված խախտելո՞ւ օրենսդրությունը:



7. Թվում է, թե ԿԳ նախարարը պետք է շահագրգռված լինի մրցույթի օրինականության ապահովման խնդրով, պարզի մրցույթի վրա ստվեր գցող հանգամանքները, սակայն ամեն կերպ աշխատում է ստվերում պահել գործընթացը եւ ոչ մի կերպ չի արձագանքում արդեն մեկ ամսից ավելի իրեն ուղղված իմ դիմումին, որում ընդամենը խնդրել եմ ինձ տրամադրել ուսուցչական հանձնաժողովի անդամների` մրցութային գրքերին դրված գնահատականները: Ինչի՞ց է վախենում նախարարը, ինչո՞ւ է ոտնահարում քաղաքացու, մասնագետի` իր կատարած բազմամյա աշխատանքի գնահատականն իմանալու իրավունքը: Միգուցե դա պետական գաղտնի՞ք է,  թե՞ այդ գնահատականները կատարած կեղծիքի եւս մի ապացույցն են:



8. Ընդունելի չէ դասագրքերի մրցույթի անցկացման կարգը. մի՞թե կարելի է միջոցառումը մրցույթ անվանել, երբ մրցութային հանձնաժողովը ձեւավորվում է կազմակերպիչների ցանկությամբ, որոնց համար դժվար չէ ընտրել իրենց կամքը կատարող երեք ուսուցիչներ եւ ապահովել իրենց ձեռնտու արդյունքներ: Ինչո՞ւ չկան մրցույթի արդյունքները բողոքարկելու մեխանիզմներ: Մի՞թե հանրակրթության դասագրքերի ճակատագիրը պետք է վճռեն կամայականորեն ընտրված եւ մասնագիտական հանրությանն անհայտ երեք ուսուցիչներ, որոնք կարող են եւ չունենալ դասագիրք գնահատելու համար անհրաժեշտ գիտական եւ մեթոդական մակարդակ` ինչպես դա եղավ հանրահաշվի ուսուցչական հանձնաժողովի պարագայում:



Մեծարգո նախագահ, դիմում եմ Ձեզ խնդրանքով` թույլ չտալ վավերացնել դասագրքերի այս մրցույթի արդյունքները եւ պատասխանատվության ենթարկել պետական կարեւոր նշանակություն ունեցող այս գործը տապալած պաշտոնյաներին:



Համլետ Միքայելյան,  ՀՊՄՀ պրոֆեսոր, «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գլխավոր խմբագիր, «Հանրահաշիվ 7-9» գործող դասագրքերի հեղինակ