Ռուսաստա՞նը տապալեց համաձանագրի ստորագրումը

Ռուսաստա՞նը տապալեց համաձանագրի ստորագրումը
Չնայած միջազգային հանրության՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ուղղակի հորդորներին, ուրբաթ օրը Կազանում ԼՂ հարցով համաձայնագիր չստորագրվեց. ընդունվեց հայտարարություն: Ասել է թե համաձայնության ստորագրման Օբամայի ու Սարկոզիի ջանքերը գոնե առժամանակ տապալվեցին, ու այս փուլում կարգավորման առաջատարի դերը կրկին ստանձնեց Ռուսաստանը: Բավական ուշագրավ է կազանյան հանդիպման ռուսական լրատվամիջոցների լուսաբանումը:



Ռուսական «Vesti.ru»-ն գրում է. «Մեդվեդեւն սկսեց ղարաբաղյան կարգավորման բանակցությունները»: Ասել է թե Ռուսաստանը ցանկացավ ցույց տալ, որ ինքն է այն միակ ու անկրկնելի միջնորդը Հայաստանի ու Ղարաբաղի հարցով, որը կարող է եղանակ փոխել բանակցություններում: «Արդյունքի հասնելու համար պետք է ավելի մոտ գտնվել իրար»,- ըստ ռուսական լրատվամիջոցի՝ Կազանում ասել է ՌԴ նախագահը՝ հավելելով. «Այժմ համանախագահող երկրների ջանքերը բոլոր մակարդակներում կենտրոնացված են նրա վրա, որպեսզի հաջողվի համոզել կողմերին ավարտել աշխատանքը փաստաթղթի վրա»: Ապա Մեդվեդեւը հիշեցրել է Մեծ ութնյակի երկրների համատեղ հայտարարությունը ԼՂ հարցով:



Այն, որ հայտարարություն է ստորագրվելու ԼՂ հարցով, Սերժ Սարգսյանը գիտեր դեռ Հայաստանում ու այդ մասին ասել էր ՀՀԿ գործկոմի նիստում: Սակայն 90 տոկոսով ստորագրելու-չստորագրելու հարցը որոշվելու էր տեղում՝ Կազանում: Այսպիսով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների՝ Կազանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության մեջ արձանագրել են, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։



Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ հանդիպման մասնակիցները քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով կատարվող աշխատանքը։ Այնուհետեւ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը երախտագիտություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար։ Նաեւ բարձր են գնահատել համաձայնությունների ձեռքբերմանը նպաստելու Դմիտրի Մեդվեդեւի անձնական ջանքերը։



Հիշեցնենք, որ մինչ կազանյան հանդիպումը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ՝ կոչ անելով Կազանում կայանալիք հանդիպմանը համաձայնեցնել եւ ավարտին հասցնել Հիմնարար սկզբունքները։ «Եկել է հակամարտությունը կարգավորելու եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին լավ ապագայի հույս տալու ժամանակը»,- նախագահներին կոչ էր արել Օբաման։



Սերժ Սարգսյանին ուղերձ էր հղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ նշելով, որ, ի շարունակություն մայիսի վերջին Օբամայի, Մեդվեդեւի եւ իր կողմից Դովիլում արված հայտարարության, ցանկանում է համոզմունք հայտնել, որ եկել է պահը՝ ամրագրելու այն սկզբունքները, որոնց հիման վրա կարող են այնուհետեւ ծավալվել կարգավորման բուն բանակցությունները: Ֆրանսիայի նախագահն ասել էր, թե պատմության ընթացքում լինում են պահեր, երբ պետության ղեկավարներն իրենց ժողովրդին պետք է ցույց տան խիզախության, իմաստնության ու խաղաղության ճանապարհը: Եվ Սարկոզին շեշտել էր, որ եկել է այդ պահը: «Իմացեք, որ բոլոր դեպքերում ես՝ որպես բարեկամ, եւ ինձ հետ է Ֆրանսիան, որն իրեն համարում է քույրը Հայաստանի, հղում ենք Ձեզ այս վճռորոշ հանդիպման հաջողության ամենաանկեղծ մաղթանքները: Իմ երկիրը ջանք չի խնայի սատարելու Ձեզ այդ ճանապարհին»,- Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում ասել էր նախագահ Սարկոզին:



ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը հայտարարել էր, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը գտնվում են բանակցային գործընթացի մի շատ կարեւոր կետում: «Իմ տեսանկյունից սա հավանաբար կարեւորագույն կետն է գործընթացում՝ 2001 թվականից ի վեր, երբ Քի Ուեսթում ջանքեր էին գործադրվում խաղաղ համաձայնության հասնելու համար»,- հայտարարել էր Բրադկեն՝ շարունակելով.



«Հիմնարար սկզբունքները, պետք է ասեմ, խաղաղ համաձայնագիր չեն: Դրանք շրջանակային փաստաթուղթ են: Դրանք հինգեւկես էջ զբաղեցնող, 14 կետից բաղկացած ուղեցույց են կողմերի համար, թե ինչպես բանակցել կարգավորման հասնելու համար: Դրանք հրահանգներ են նախարարների համար, թե ինչպես մշակել վերջնական խաղաղ կարգավորմանն առնչվող կարեւորագույն հարցերը»:



Ամերիկացի համանախագահը նշել էր, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները երկար են ընթացել, առավել ինտենսիվորեն` 2007-ի վերջից: «Համանախագահները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, այդ թվում իմ նախորդը, դրա վրա տարիներով աշխատել են` փորձելով այն մոտեցնել կողմերի համար ընդունելի ձեւակերպումներին: Այժմ մենք հասել ենք [այդ] փուլին, եւ ես մեկ անգամ եւս հղում եմ անում Դովիլի հայտարարությանը, որտեղ համանախագահ երկրների երեք նախագահներն ասել են, թե հավատում են, որ սեղանի վրա եղած ներկայիս տարբերակն արդարացի եւ հավասարակշռված փաստաթուղթ է: Դա հնարավորություն կտա կողմերին առաջ շարժվել եւ բանակցել վերջնական պայմանագրի շուրջ»: