Հիմնահատակ ու վերջնական

Հիմնահատակ ու վերջնական
Մինչ քաղաքական ուժերը ասում-խոսում-քննարկում են արտահերթ-հերթական ընտրությունների հարցը, իշխանությունը մանր-մանր, տակից իր սեւ գործն է անում. հիմնահատակ քանդում է ընտրական համակարգը, իսպառ վերացնում այն, ինչ կապ ունի ազատ-արդար-թափանցիկի հետ, անգամ դրա հետ կապված հին հիշողություններն ու աղոտ պատկերացումներն է արմատախիլ անում: Եթե առաջ ընտրություն չկար բարձր մակարդակի պետական ընտրություններում, ապա վերջին տարիներին ընտրական համակարգը հետեւողականորեն վերացվում է նաեւ մյուս բոլոր ընտրություններում՝ լինի թաղապետ-քաղաքապետի, թե ռեկտոր-քաղծառայողի: Ամենասարսափելին այն է, որ ընտրություն կոչվող հասկացությունը վերանում է մարդկանց գիտակցության մեջ: Մենք խոշոր քայլերով նահանջում ենք դեպի սովետական իրականություն, որը չգիտեր ինչ է ընտրությունը: Չէ՝ ընտրության գաղափարը կար, գոնե թղթի վրա, սակայն մեկ թեկնածուի պարագայում ընտրությունն ընդամենը ընտրողի նկատմամբ ծաղրի է նման: Մեր իշխանությունը հենց այդպիսի ընտրություններ է կազմակերպում. ռեկտորների պաշտոնակատարներն ընտրվում են առանց մրցակիցների, քաղծառայության մրցույթներին նույնպես մասնակցում են նախապես նշանակված պաշտոնակատարները, գործող քաղաքապետերն ու գյուղապետերը դուրս են մրցակցությունից ու անգամ եթե մրցակիցներ ունեն, մրցույթի պայմաններն են խիստ անհավասար: Ու ամենակարեւոր ավերը. որեւէ մեկը, որն իշխանական «դաբրոն» չունի, այլեւս ռիսկ էլ չի անում առաջադրվել: Քանզի դա նշանակում է միայն նյարդեր փչացնել, անիմաստ փողեր ծախսել, ծաղրի առարկա դառնալ եւ անարժան մրցակցից խոշոր հաշվով պարտություն կրել: Դա է պատճառը, որ իրեն հարգող մարդը, որպես կանոն, ձեռնպահ է մնում իր թեկնածությունն առաջադրելու դոնկիխոտությունից: