«Green card error» կամ՝ աշխարհը հիասթափված է

«Green card error» կամ՝ աշխարհը հիասթափված է
«Կանաչ քարտը» ամերիկյան երազանքի իրականացման քիչ հավանական, բայց գրեթե միակ հնարավորությունն է ԱՄՆ-ում բնակվել երազող ողջ աշխարհի, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքացիների համար:  Ըստ կանոնների` այն  շահում են պատահականության սկզբունքով. շահողներին ընտրում է համակարգիչը: Եվ համակարգիչն այս տարվա խաղարկության ժամանակ սխալ ընտրություն էր կատարել` ողջ աշխարհում մարդկանց պատճառելով ֆինանսական խնդիրներ ու մեծ հիասթափություն:



Մայիսի մեկին, ինչպես եւ խոստացված էր, ԱՄՆ պետդեպարտամենտն իր կայքում տեղադրել է բոլոր նրանց անունները, ովքեր իբր «կանաչ քարտ» են շահել: Բայց որոշ ժամանակ անց տեղեկությունը հերքվել է: «Greencard.com» կայքը չոր հայտարարում է` դուք այլեւս ոչ հաղթող եք, ոչ էլ պարտվող: Պետդեպարտամենտի կայքում պատասխանատուն հազար անգամ ներողություն է խնդրում` սխալը վերագրելով ծրագրավորման տեխնիկական խնդրի, չմանրամասնելով, թե հատկապես ինչ տեխնիկական խնդրի մասին է խոսքը:



Հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ ընտրությունը կատարվել է 90 տոկոսով դիմումների ընդունման ժամկետի առաջին երկու օրը միայն հայտ ներկայացրած անձանց ցուցակից, այնինչ ամբողջ 30 օր հայտեր են ընդունվել, եւ նման ընտրությունը «պատահական ու արդար բնույթ չի կրում, ինչպես պահանջում է ԱՄՆ օրենքը»,- ասում է պատասխանատուն: Դե, ինչ  պիտի հասկանային կոտրված սրտով «շահողները» նեղ մասնագիտական բացատրություններից: Այնուամենայնիվ, ծրագրավորողների դատին բաց տեղեկատվական հասարակություն պրոպագանդող ամերիկացիները պարտավոր էին ներկայացնել խնդիրը, որպեսզի այլ կարծիքներ էլ լսեինք:



Ինչպես ցանկացած այլ նշանակալի իրադարձություն, շահումների հետաձգումն իր հետեւից ձգում է ուղղակի եւ անուղղակի հետեւանքների երկար շղթա:



Սխալը հետեւանքներ ունեցավ



Լրատվամիջոցները եւ համացանցը եռում են «կանաչ քարտի» ամենաբազմազան տեղեկությունների առատությամբ: «Րաշշա Թուդեյ» հեռուստաալիքը, որն ԱՄՆ-ի դեմ սառը պատերազմ է վարում` նրան «մերկացնելով» հակամարդկային արարքների մեջ, առիթը բաց չի թողել մի քանի հեգնական ակնարկ անելու: Ռեպորտաժներն ու հարցազրույցները պախարակում են «ամերիկյան երազանքը» եւ դրա իրականացման հնարավորություն համարվող «կանաչ քարտը»: Մարդիկ խոսում են իրենց հիասթափությունից ու դառնորեն կասկած հայտնում խաղարկության արդարացիության վերաբերյալ: «Յութուբը» լի է իրարամերժ սիրողական ու պրոֆեսիոնալ հոլովակներով:



Մեկը գովազդ է, որը կոչ է անում մասնակցել խաղարկությանը` պատկերելով մարդաշատ ամերիկյան փողոցներ, քլթքլթացող կյանք, ազատության արձանը, մեքենաների շարասյուներ ու երկնաքերներ: Մեկ ուրիշ հոլովակում խաղալիք փիսիկը պատմում է «կանաչ քարտ» շահելու իր տխուր պատմությունը: Նա մասնակցում է խաղարկությանը, շահում, ուրախանում ու հիասթափվում` տեսնելով Պետդեպարտամենտի հաղորդագրությունը: Վերջում էլ, թե` պարոն Քիթթենը խաղալիք չէ, որ դուք խաղաք նրա զգացմունքների հետ: Եվ իրոք, շատերն իրենց «պարոն քիթթեններ» են համարում ու շահել-չշահելու հարցը մտցնում են դատարան:



Այս պահին աշխարհում մի քանի դատավոր Պետդեպարտամենտի դեմ հայցեր են լսում: Խաղարկությանը մասնակցողներն իրենց ամբողջ հույսը դնում են խաղարկության վրա: Վաճառում են տուն ու գույք, որպեսզի կարողանան հոգալ ԱՄՆ մեկնելու ծախսերը, իսկ Պետդեպարտամենտը հայտարարում է, թե արդյունքներն արդար չեն եղել:



«Կանաչ քարտն» արդար չէ՞



«Կանաչ քարտի» տրամադրման արդարությանը մարդիկ միշտ են կասկածել: Այդ կասկածը եւ մերժված մարդու սրտի հովանք կարող է լինել, եւ իրականության արտացոլում: «Նորավանք հիմնադրամի» կայքը տեղեկություն է հրապարակել աղանդավորական «Նուրջուլար» կազմակերպության գլխավորի եւ ամերիկյան ԿՀՎ-ի կապի մասին, պնդելով, որ ԿՀՎ-գործակալ-աղանդավորը 2008 թվականին «կանաչ քարտ» է ստացել ԿՀՎ աջակցությամբ: Կարծիք կա, որ «կանաչ քարտը» տրամադրելիս հաղթողներն ընտրվում են ամենայն բծախնդրությամբ, եւ ոչ մի պատահականություն էլ չկա:



«Հրապարակը» նախորդ համարներից մեկում տեղեկացրել էր, որ «կանաչ քարտ» է շահել Հայաստանում իր բնագավառում միակ մասնագետը հանդիսացող մի փորձագետ: Դե յուրե գոյություն ունի նաեւ «կանաչ քարտի» մեկ այլ տեսակ, որի համար դիմող անձինք պետք է հիմնավորեն, որ որոշակի տաղանդ ունեն եւ կարող են օգտակար լինել ԱՄՆ-ին: Սա   ուղեղների ներհոսքի կազմակերպված, չքողարկված պետական ծրագիր է: Իսկ պարզել, թե «կանաչ քարտն» ինչ է ի վերջո՝ ապագա ամերիկացիների ընտրություն ըստ արժանիքների՞, թե՞ ըստ հաջողակության, հնարավոր չէ, եթե միայն «Վիքիլիքս» տեղեկատվական կազմակերպությունն այդ մասին գաղտնի տեղեկություններ չկորզի Պետդեպարտամենտից:



Վիզայի կանաչ խաղարկությունը, բացի այլ գործառույթներից, ունի նաեւ զուտ ֆինանսական նշանակություն: Ամեն տարի 15 միլիոն մարդ ամբողջ աշխարհում սիմվոլիկ մուծումներ է կատարում՝  խաղարկությանը մասնակցելու համար: Նրանցից միայն 55 հազարն է «կանաչ քարտ» շահում: Բայց այդ խաղարկությունից շահում են նաեւ մասնավոր անձինք, ովքեր համացանցում տեղադրված կեղծ խաղարկության գովազդներով հրապուրում ու գումար են կորզում դիմողներից: Այս ճարպիկ կեղծարարների հայտարարությունները հանդիպում են ամեն երկրորդ կայքում եւ վստահելի չեն: Այդ պատճառով խորհուրդ է տրվում խաղարկությանը մասնակցելու համար գրանցվել միայն ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում:



Հայերն էլ են շահում



Անցյալ տարի վիզա է շահել 1268 հայ: Այս 20 տարիների ընթացքում, ինչ ԱՄՆ-ն վիզաներ է խաղարկում, Հայաստանում շահել է 19 հազար 358 մարդ: Այս տարի երջանիկ շահողների անունները կրկին կհրապարակվեն հուլիսի 5-ից ոչ շուտ: Իսկ մինչ այդ դիմողները  խորհելու շատ բան ունեն, թեկուզ հենց այն մասին, թե ինչու են ամերիկացիները կանաչ գույնը գերադասում մյուսներից:  Կանաչ քարտ, կանաչ դոլար...



Աստղիկ Սարգսյան