Տիմոշենկոյի դատը` հուլիսի 4-ին

Տիմոշենկոյի դատը` հուլիսի 4-ին
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն երեկ ուշացել է դատական նիստին եւ կրկին հրաժարվել է ոտքի կանգնել դատարանի առջեւ` համարելով, որ վերջինս քաղաքական պատվերներ է կատարում: «Ես արդեն ասել եմ, որ պետք է կանգնել դատարանի առջեւ, դուք դատարան չեք, դուք ֆարս եք»,- հայտարարել է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդը:



Դրան ի պատասխան դատարանը հայտարարել է, որ կարող է հեռացնել Տիմոշենկոյին դատական նիստերի դահլիճից եւ առանց նրա անցկացնել եւ անգամ ավարտել դատաքննությունը: Տիմոշենկոն դատարանին միջնորդել է հետաձգել դատական նիստը, որպեսզի ինքը հնարավորություն ունենա ծանոթանալու գործի նյութերին:



Նախկին վարչապետը վստահեցնում է, որ փոստով չի ստացել մեղադրական եզրակացությունը: Դատարանը բավարարել է նրա միջնորդությունը` դատաքննությունը նշանակելով հուլիսի 4-ին:



Հիշեցնենք, որ Յուլիա Տիմոշենկոն մեղադրվում է Ռուսաստանի հետ գազային համաձայնագիր ստորագրելիս պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Գլխավոր դատախազության հաշվարկներով` Տիմոշենկոն պետությանը հասցրել է 1.5 միլիարդ գրիվենի վնաս, որը կազմում է մոտ 188 միլիոն ԱՄՆ դոլար: