Զե՞նք, թե՞ գիրք

Զե՞նք, թե՞ գիրք
Ինչքան զենք ունեն իրենց տանը Աղվան Հովսեփյանը, Ալիկ Սարգսյանը, Գորիկ Հակոբյանը: Վերջին տարիներին ավանդույթ դարձած ոստիկանի, դատախազի, անվտանգության աշխատակցի տոներին նրանք, որպես կանոն, զենք են նվեր ստանում: Անվանական: Երեկ էլ Դատախազության օրվա կապակցությամբ Աղվան Գառնիկիչին զենք է նվիրել անձամբ վարչապետը: Պարզ չէ՝ նրա նախասիրությունները հաշվի առնելո՞վ է այդ նվերն ընտրել, թե՞ դա պարզապես գեղեցիկ ժեստ է, իր կարծիքով՝ իրական տղամարդուն ուղղված արժանի նվեր: Ամեն դեպքում, կողքից նայողի աչքով, այն էլ մի երկրում, որտեղ մարդ խփելն ու պատասխան չտալը սովորական բան են դարձել, տհաճ իրողություն է: Մեր նախկին վարչապետներից Անդրանիկ Մարգարյանն էր սիրում զենք նվիրել: Իսկ զենքը, գիտեք, նաեւ կրակելու սովորույթ ունի: Եվ մեկ էլ տեղեկանում էինք, որ վարչապետի նվիրած անվանական զենքով սպանություն է կատարվել կամ ավազակային հարձակում: Անշուշտ, չեմ կարծում, թե հիմա նման մտավախություն կարելի է ունենալ. դատախազին, ոստիկանապետին, ԱԱԾ ղեկավարին նվիրած զենքերը, կարծում ենք, կդառնան ընդամենը հարուստ կոլեկցիայի առարկա եւ երբեւէ չեն կրակի: Բայց գուցե արժեր ա՞յլ նվեր անել: Ասենք՝ գիրք: Կարդալը, սովորելը խրախուսելու, գրքի նկատմամբ պետական վերաբերմունք ցուցադրելու համար: Ինչ գի՞րք: Դե թեկուզ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության միջազգային կոնվենցիայի հատորյակը: Կամ քրեական օրենսգրքի մեկնաբանությունների ժողովածուն: Անգամ կարելի էր Չարենցի «Ուղղիչ տնիցը» նվիրել: Բայց մեր իշխանության մեջ կարդալը մոդայիկ չէ, կրակելն է մոդայիկ: Պարտադիր չէ կենդանի թիրախին, թեկուզ տիրում, բայց կրակելու «կայֆը», ասում են, կազինոյում խաղալու «կայֆին» համազոր բան է: