Առաջը՝ ջուր, հետեւը՝ սուր

Առաջը՝ ջուր, հետեւը՝ սուր
Ի՞նչ անի Սերժ Սարգսյանը, որ չարժանանա քննադատության: Եվրոպական բարձր ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունը հայ ժողովրդին տարիներ շարունակ պատրաստել է խաղաղության՝ չի հասկացվում սեփական ժողովրդի կողմից: Շաբաթներ շարունակ տարբեր անձինք ու կազմակերպություններ դատապարտում են նրան պարտվողականության, խեղճության համար, պարզապես ձաղկում: Ծաղկաձորում պատանիների հետ հանդիպմանը փորձում է քիչ ավելի ինքնավստահ երեւալ եւ «ատամ ցույց» տալ հակառակորդին՝ հիմա էլ թուրքերն ու ադրբեջանցիներն են գլուխ բարձրացնում: Թուրքիայի արտաքին գործոց նախարարությունն անգամ դատապարտող հայտարարություն է տարածում, թե՝ «Պետական գործչի գլխավոր պարտականությունը սեփական հանրության եւ հատկապես երիտասարդության նախապատրաստումն է խաղաղության ու բարգավաճման։ Այդ մոտեցումը, որը ժողովուրդների միջեւ խթանում է ատելություն ու թշնամություն, հանդիսանում է չափազանց անպատասխանատու պահվածք՝ ապագա սերունդների առջեւ»։ Այո, բարդ կացության մեջ է հայտնվել Հայաստան պետությունն ու իր իշխանությունը: Ի՞նչ քայլ անի, որ ոչ ներսից, ոչ դրսից պարսավանքների չարժանանա: Ասենք, Կազանից հետո արժեր կտրուկ քայլ անել ու ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Բայց սա էլ դյուրին բան չէ: Անգամ եթե արհամարհես միջազգային կարծիքն ու գնաս այդ ռիսկին, մի շատ կարեւոր հարց կա, որը լուծում չունի: Ի՞նչ սահմաններում է պետք ճանաչել Արցախ պետությունը. եթե գրավված տարածքների հետ միասին՝ միջազգային սկանդալ կառաջանա, եւ Հայաստանի դեմ կարող են դաժան սանկցիաներ կիրառվել: Եթե առանց այդ տարածքների՝ հայ ժողովուրդը չի հասկանա եւ պետական դավաճանությանը համազոր քայլ կդիտի ու Արցախը հանձնելուն միտված գործընթաց: Այնպես որ վիճակն իրոք բարդ է: