Հանրային շահի գիտակցությամբ

Հանրային շահի գիտակցությամբ
Կարծես ի հեճուկս Հայ ազգային կոնգրեսի, որի պահանջների թվում կարեւորվում էր հանրահավաքների դեմ հակաքարոզչության բացառումը, մի քանի օր է՝ հեռուստատեսությամբ ակտիվ հակաքարոզչություն է գնում: Չէ, դա թաքնված է արվում՝ հեռուստատեսությունում սովոր են ինչպես թաքնված քարոզչություն, այնպես էլ թաքնված հակաքարոզչություն անելուն: Ինչպե՞ս է արտահայտվում դա: Առանձնապես ոչնչով՝ ուղղակի առավոտից երեկո խոսում են առաջիկա օրերի աննախադեպ շոգի մասին, հորդորում են մարդկանց չմնալ արեւի տակ, ասում են, որ դա կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ: Եվ դա իր հոգեբանական ազդեցությունն ունենալու է՝ անգամ եթե հանրահավաքը հրավիրվել է երեկոյան ժամը 8-ին: Մարդիկ 1-2, իսկ մարզերից՝ 4-5 ժամ առաջ պետք է դուրս գան, որ հասնեն Ազատության հրապարակ: Մյուս կողմից՝ Հանրային հեռուստաընկերությունը մերժել է ՀԱԿ հանրահավաքի իրազեկման հոլովակը ցուցադրել եւ դրան մի զավեշտալի պատճառաբանություն է ներկայացրել, թե՝ «Գովազդի մասին» օրենքը չի կարգավորում քաղաքական գովազդը, այն կարգավորում է Ընտրական օրենսգիրքը, այն էլ միայն նախընտրական փուլում, իսկ քանի որ հիմա նախընտրական շրջան չէ, ուստի քաղաքական գովազդ ցուցադրել չենք կարող: Հարյուր եւ ավելի հակափաստարկ կարելի է բերել այս պատասխանին: Ասենք՝ ինչ է նշանակում քաղաքական գովազդ: Քաղաքական գովա՞զդ է արդյոք, ասենք, Արտաշես Գեղամյանի հարցազրույցը կամ ՀՀ վարչապետի՝ Գյումրիում հանրապետական ընդունելու արարողությունը: Եվ եթե հանրային շահեր ներկայացնող հեռուստատեսությունը հրաժարվում է ազդարարել հանրային միջոցառումը, որին մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցելու, արդյո՞ք չի նշանակում, որ ծառայում է ոչ թե հասարակության, այլ կոնկրետ խմբերի շահերին: