Մենք եւ նրանք

Մենք եւ նրանք
Շվեյցարիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռանդելտի ավագ որդին աշխատանքի է անցել «Մակդոնալդսում»: 18-ամյա պատանին «Տվիթերի» իր էջում ուրախությունն է կիսել ընկերների հետ, որ աշխատանքի է անցել, եւ կոչ է արել նրանց այսուհետ համբուրգերներ գնել միայն իրենից: Այս տեղեկատվությունը մեզ՝ հայերիս համար է անսպասելի, իսկ Շվեյցարիայում դրան շատ հանգիստ են նայում: Նշված հաստատության աշխատակիցներն էլ առանձնապես հուզված չեն, որ իրենց նոր աշխատակիցը, ոչ ավել, ոչ պակաս, վարչապետի որդին է: «Մեզ համար էական չէ, թե ով է մեր աշխատակիցը, Գուստավը դարձել է մեր թիմի անդամը, եւ մենք չենք մեկնաբանում մեր աշխատակիցներին»,- ասել է «Մակդոնալդսի» ադմինիստրատորը: Մեզանում վարչապետի, նախարարների, անգամ փոխնախարարների որդիները, բացի «վատով» աչքի ընկնելուց, ոչ մի լավ բանով, որպես կանոն, աչքի չեն ընկնում: Սրանք առնվազն մի քանի տասնյակից մինչեւ հարյուր հազար դոլարանոց մեքենաներ են վարում, սրճարաններում թրեւ գալիս, անախորժ պատմությունների մեջ ընկնում եւ սեփական հայրերին վարկաբեկում: Այնպես որ, մեզանում խիստ զարմանքի ու հարգանքի տեղիք է տալիս այն, որ, ասենք, պաշտպանության նախարարի որդին ծառայում է բանակում: Անգամ եթե նա ամենահանգիստ զորամասում է եւ առանձնապես «քար չի քաշում»: Էլ չենք խոսում պետական որեւէ տաքուկ հիմնարկում տեղավորված զավակների մասին, որոնք եթե մարդ չեն ծեծում, վրաերթի չեն ենթարկում, կրակոցով-քաշքշուկով վիճաբանությունների մեջ չեն ընկնում, արդեն իդեալականի համարում ունեն: Կարո՞ղ եք անգամ ձեր ամենագունավոր երազում պատկերացնել, որ մի շարքային պատգամավորի որդին կարող է աշխատանքի տեղավորվել որեւէ սրճարանում եւ սպասարկել մարդկանց: Կամ՝ տրանսպորտով երթեւեկել: Կամ՝ սեփական քրտինքով հասնել հաջողության: