Սպորտն առիթ է

Սպորտն առիթ է
Այս օրերին Երեւանում ավելի շատ օտար լեզուն է հնչում, քան հայերենը: Օտարալեզու դպրոցների ջատագովները հավանաբար սրանից անասելի հաճույք են ստանում: Անկեղծ ասած, ես՝ եւս, չնայած այդ դպրոցների դեմ պայքարողներից եմ ինձ համարում ու օտարալեզու դպրոցների հիմնումը՝ վտանգներով հղի ձեռնարկ: Հաճույքս ոչ թե նրանից է, որ պաթոլոգիական ատելություն ունեմ իմ մայրենի լեզվի նկատմամբ, ինչպես այդ օտարալեզու-անհայրենիքներից շատերը, այլ հաճելի է, որ երկիրդ օտարերկրացի զբոսաշրջիկ է մտնում: Որ օտար երկրներում ապրող մարդիկ կարող են այս ամառվա տապին, երբ երեւանցիները փախչում են իրենց քաղաքից, գալ, ապրել այստեղ, մասնակցել ինչ-որ սպորտային խաղերի, ծանոթանալ քո երկրի ու մշակույթի հետ, շրջել քաղաքիդ փողոցներով, ամեն հուշարձանի մոտ լուսանկարվել, հուշանվերներ գնել, սրճարաններում նստել: Մի տեսակ քեզ աշխարհի մասնիկն ես զգում: Հասկանում ես, որ երկիրդ ճեղքում է տարիների մեկուսացումն ու, ի հեճուկս բոլոր դժվարությունների, ինտեգրվում աշխարհին: Եվ իրավացի է Իշխան Զաքարյանը, երբ ասում է, որ եթե անգամ Համահայկական խաղերին ժամանած մեր հայրենակիցների 10-20 տոկոսն էլ հետագայում վերադառնա Հայաստան, սիրի ու կապվի իր հայրենիքին, արդարացված կլինեն այս խաղերն ու դրանց կազմակերպման ընթացքում կրած չարչարանքները: Առավել ուրախալի է, որ ժամանածների գերակշիռ մասը երիտասարդներ են՝ հավանաբար 15-30 տարեկան: Հայազգի պատանիների մեծ մասն անգամ մայրենի լեզվին չի տիրապետում: Բայց այս ուղեւորությունը կնպաստի, որ նրանք մի քիչ լեզու սովորեն, մերոնք՝ մի քիչ օտար լեզվին ու օտար մշակույթին հաղորդակցվեն: Մի խոսքով՝ օգուտն ու շահը երկկողմանի է: Իսկ սպո՞րտը: Սպորտն անգամ կարեւոր չէ: Այն լավ առիթ է տանը հավաքվելու: