Վարչապետի ասածը մեզ համար հեչ

Վարչապետի ասածը մեզ համար հեչ
Փափազյան փողոցի կրպակների ապամոնտաժման գործընթացը մենք տեսագրել էինք: Տեսանյութում կրպակատերերից միջին տարիքի մի կին վրդովված դիմում էր ինչ-որ պաշտոնյայի եւ ասում՝ վարչապետն ասել է, որ չապամոնտաժեն, չինովնիկն էլ ասել էր, որ իր համար հեչ բան է վարչապետի ասածը: Տեսանյութում չինովնիկի դեմքը չի երեւում, բայց խոսքը հստակ լսվում է: Մեր կայքում այդ նյութի տեղադրումից հետո, ինչպես տեղեկացանք, կառավարությունը, բան ու գործ թողած, զբաղվել է «հաբռգած» չինովնիկին բացահայտելու գործով: Տարբեր մարդկանց են հարցաքննել, անգամ կասկածել են մեր տեսանյութի իսկությանը: Իսկ երեկ նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ նույն զայրացած կինը մեզ ասաց, որ իրեն կանչել են ՀՀ կառավարություն՝ քաղաքացիների ընդունելության եւ դիմումների վարչություն, եւ իր հետ զրուցել է վարչության  պետ Ալեքսանդր Ղազարյանը: Վերջինիս հետաքրքրել է, թե ով է եղել այդ պաշտոնյան: Իսկ պաշտոնյան Արաբկիրի թաղապետարանի աշխատակից է: