Մամուլն ու չինովնիկները

Մամուլն ու չինովնիկները
Բարձրաստիճան չինովնիկների երկու տեսակ կա՝ մամուլն ու PR-ը կարեւորող եւ չկարեւորող: Առաջին խմբի մեջ մտնողները լուրջ լրատվական ծառայություններ են ձեւավորում, հետեւում, որ իրենց մասին միայն դրական գրվի, բացասական հրապարակումներին լուրջ են վերաբերվում ու իրենց մամուլի խոսնակների առաջ խնդիր դնում՝ կյանքի կոչել «ոչ մի վատ խոսք շեֆի մասին» սկզբունքը: 2-րդ խմբի ներկայացուցիչները կամ «փաթթած» ունեն մամուլը, կամ ամեն ինչ անում են, որ մամուլն իրենց մասին պարզապես մոռանա: Առաջին խմբի ներկայացուցիչներից են, ասենք, Հրանուշ Հակոբյանն ու Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Օրական առնվազն 3-4 հաղորդագրություն ենք ստանում նրանցից՝ բոլորը կից լուսանկարներով: Տիկին Հրանուշն, օրինակ, նախընտրում է իր հյուրերի հետ կողք-կողքի կանգնել եւ «չիիի՜զ» ամերիկյան ժպիտով լուսանկարվել: Հավանաբար մամուլի ծառայությունը վախենում է նրան ասել, որ սա 1953 թիվը չէ, ոչ էլ որեւէ խմբագրությունում իր լուսանկարների պակաս կա: Իսկ հաղորդագրությունները հիմնականում Սփյուռքից ժամանած այս կամ այն պատվիրակությունն ընդունելու մասին են, որոնց հետ քննարկում են «հույժ կարեւոր», իրականում՝ անիմաստ խնդիրներ: Կարեն Կարապետյանն իր PR-ին ավելի նորովի է մոտենում՝ օբյեկտիվի առաջ պոզա չի բռնում, իսկ հաղորդագրություններն էլ մայրաքաղաքի խնդիրների մասին են: Այլ բան է, որ ամեն հաղորդագրության արդյունքում բազմաթիվ մարդիկ են հացից, աշխատանքից, քնից, բնակարանից... զրկվում: Վերը նշված 2-րդ խմբի ներկայացուցիչներն ավելի շատ են՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյան, Կադաստրի պետ Երվանդ Զախարյան, նախարարների եւ օլիգարխների մեծ մասը: Սրանք մի նվիրական նպատակ ունեն՝ հանգիստ վայելել պաշտոնը, իմիջի հերն էլ անիծած: