Միասնական Կովկաս

Միասնական Կովկաս
Երեկ մեր երկրի նախագահը Վրաստանում էր: Սա այն հետաձգված այցն էր, որ բազում ենթադրությունների տեղիք տվեց ժամանակին. Սահակաշվիլին անհաջող հայտարարություն էր արել՝ Սերժ Սարգսյանին մեղադրելով վատ կառավարիչ լինելու մեջ, եւ վերլուծաբանները ենթադրեցին, որ հենց դա է այցից հրաժարվելու բուն պատճառը: Ինչեւէ, այսօր կարող ենք արձանագրել, որ այցը կայացավ, եւ բազում կարեւոր հանդիպումներ եղան, որոնք նպաստելու են երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հարաբերությունների բարելավմանը: Ավելին, երկու երկրների ղեկավարները սիրուն-սիրուն մտքեր են հայտնել՝ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման, միասնական Կովկաս ստեղծելու, երկու երկրների միջեւ սահմանային անցակետն, ըստ էության, վերացնելու մասին: Ափսոս, որ այս խոսքերը հիմնականում դիվանագիտության շրջանակներում են ասվել, եւ դրանց իրականություն դառնալուն մենք այնքան էլ չենք հավատում: Բայց երկու պետությունների ղեկավարներն, ինչպես ասում են, ճիշտ ուղղությամբ են մտածում: Ինչքան էլ ծաղրենք ու վերեւից նայենք վրացի Միշային, նրա ասածի մեջ ճշմարտության մեծ չափաբաժին կա. «Տարածաշրջանի բոլոր պետությունների, բոլոր ժողովուրդների շահերից է բխում միասնական Կովկասի ձեւավորումը, միասնական տնտեսական տարածքի, հետագայում նաեւ միասնական քաղաքական համագործակցության ստեղծումը»: Եվ հակամարտություններն էլ այս քաղաքականության պարագայում կդառնան լուծելի: Եվ սահմանների ու առեւտրական շրջանառության հարցերն էլ կլուծվեն: Կյանքն էլ ավելի բարեկեցիկ կդառնա: Բայց դա կլինի առնվազն մի հարյուր տարի հետո, երբ մեր՝ կովկասյան ժողովուրդների միջից կվերանա այն բարբարոսությունն ու մեծամտությունը, այն ագրեսիան ու անհանդուրժողականությունը, որը զգացվում է ամեն ինչում եւ ամենուր: