Մշակենք չափանիշներ

Մշակենք չափանիշներ
«Երեք բան հայ մարդու գիտակցության մեջ չի տեղավորվում»,- ասում է զրուցակիցս եւ թվարկում՝ թմրամոլությունը, արվամոլությունը, դավաճանությունը: Առաջին երկուսի հետ միանշանակ համաձայն եմ, երրորդի վերաբերյալ կասկածներ ունեմ: Թեեւ նախօրեին քաղաքական գործիչներից մեկի մասին ասում էին, որ նա երբեւէ չի կարող հաջողության հասնել, քանի որ «ճամբար փոխած մարդ է»: Լավ կլիներ, եթե այդպես լիներ, եւ հասարակությունն ունենար իր չափորոշիչները: Հստակ գիտակցեր, թե որն է լավ, որը վատ, ինչը կարելի է ներել եւ ինչն է աններելի: «Արմենիայի» Հովոն, օրինակ, կարծում է, որ հայ մարդը չգիտի ում ինչի համար է սիրում, եւ ընդհանրապես՝ նրա գլխում քաոս է, չափանիշների ու սկզբունքների խառնաշփոթ: Դժվար է չհամաձայնել այս մտքի հետ, սակայն ես կարծում եմ՝ մեր ժողովուրդը բնատուր իմաստնություն ունի եւ իր ու ազգի համար վճռորոշ պահերին մեծ հաշվով ճիշտ է կողմնորոշվում: Ասենք՝ քվեարկության գնալիս կարող է հինգ հազար դրամը վերցնել, սակայն ընտրել խղճի մտոք: Կամ՝ փողը վերցնում եւ փող տվողի օգտին քվեարկում է այն ժամանակ, երբ չկա, չի տեսնում արժանի թեկնածուին: Ինչպես անել, որ ժողովուրդը վստահի այս կամ այն քաղաքական ուժին, նրա մեջ տեսնի իր կյանքի բարելավման հեռանկարը, հավատա, որ այդ ուժն իրեն չի դավաճանի, չի «քցի», չի խաբի: Չէ՞ որ այնքան շատ խաբեություն ու դավաճանություն է տեսել: Վաղը՝ երբ նախընտրական քարոզչության թեժ օրերին բոլորը սկսեն լիաբերան խոստումներ տալ ու կուրծք ծեծել, թե՝ մեզնից ազնիվն ու վստահելին չկա, պետք է ընդամենը ետ նայել: Հիշել անուն առ անուն՝ ի՞նչ է արել այս ուժն ու գործիչն իր երկրի, իր ընտրողի, իր համայնքի համար: Ինչպես է ապրել այս տարիներին: Ինչ է ասել: Ում է ծառայել: