Աստված հեռու տանի նման սիրուց

Աստված հեռու տանի նման սիրուց
ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների ընթացքին հետեւելիս ակամայից մտաբերում ես հայտնի աղերսը. «Տեր Աստված, պաշտպանիր ինձ իմ բարեկամներից, թշնամիներից ինքս գլուխ կհանեմ»: Իրենց գործընկեր ու բարեկամ հռչակած այս երկու ուժերը, որ ի սկզբանե էլ առանձնապես մեծ սիրով չէին համակված միմյանց հանդեպ, վերջին շրջանում ընդհանրապես անցել են բացահայտ պատերազմական գործողությունների: Օրինակների համար պետք չէ հեռու գնալ. կուսակցականներին բռնի դավանափոխ անելը, հակառակորդի ներկայացուցչի տան վրա զինված գրոհը, թմրամոլների հայտնաբերումը դարձել են սովորական գործընկերային առօրյայի բաղկացուցիչ մաս: Էլ չենք խոսում խոսքային ռմբակոծությունների, ենթատեքստերով հայտարարությունների եւ ուլտիմատումների մասին: Կոալիցիոն «սիրո» այս դրսեւորումներին հետեւողներս պարզապես սարսափում ենք՝ պատկերացնելով, թե ինչ կարող է կատարվել, եթե հանկարծ կոալիցիան քանդվի: Երբ չքանդված՝ կրակում են ու բռնում, քանդվելուց հետո ի՞նչ են անելու: Եվ այս ամենը տեսնող հասարակությանը դեռ փորձում են խաբել ու մոլորեցնել, թե ամեն ինչ հոյակապ է, իշխանության մեջ սիրո եւ հարգանքի ջերմ մթնոլորտ է: Մինչդեռ մի բան պարզ է՝ երբ տան ներսում անհաշտություն եւ կոնֆլիկտային վիճակ է, չի կարող այդ տանը բարեկեցություն, ջերմություն, զարգացում եւ առաջընթաց լինել: Չի կարող աշխատանքային առողջ մթնոլորտ լինել: Չեն կարող հարցերը ճիշտ եւ արագ լուծում ստանալ: Երբ տանն իշխում են խաբեությունն ու կեղծիքը, երբ ամբողջ ներուժը ծախսվում է իրերի իրական վիճակը թաքցնելու եւ հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու վրա, այլեւս ռեսուրս չի մնա երկրում կուտակված խնդիրները լուծելու համար: Ուստի նախընտրելին ամեն դեպքում ազնվությունն է եւ իրականությունը հանրությանը ներկայացնելը: