Հետտոնական սթրես

Հետտոնական սթրես
Արձակուրդը մի վատ հատկություն ունի՝ վաղ թե ուշ վերջանում է: Եվ արձակուրդից հետո բնականոն աշխատանքային հուն վերադառնալն ամենաբարդ բանն է: Այնքան բարդ, որ այսօր միանգամից երկու ակումբում հետամանորյա սթրեսների ու դեպրեսիայի մասին հոգեբաններն ասուլիսներ են տալիս, որ խորհուրդ տան, թե ինչպես հաղթահարենք այդ վիճակը, ու նաեւ մխիթարեն, որ միայն մենք չենք հայտնվել այդ վիճակում՝ համայն մարդկությունն է տառապում դրանից եւ անգամ ամենաբարեկեցիկ երկրներում: Հետամանորյա սթրեսը խորացնող տարբեր կողմնակի գործոններ կան: Օրինակ՝ ցուրտը, անհուսությունը, քաղաքական ու հասարակական ապատիան: Ասենք, միայն այն հանգամանքը, որ վերջին ամիսներին շատերն անհամբերությամբ սպասել են ամենասիրելի տոներից մեկին՝ Ամանորին ու Սուրբ ծնունդին, իսկ դրանք հուսախաբ են արել իրենց՝ չպարգեւելով այն ուրախությունն ու տոնական տրամադրությունը, որ երազում էին, կարող է խորացնել հետտոնական դեպրեսիան: Կամ ասենք, նոր տարվա առաջին օրերի իրադարձությունները՝ այն անթաքույց քարոզարշավն ու ընտրակաշառք-բռնությունների շղթան, որ սկիզբ է առել երկրում՝ նվերներ ու կուստոմսեր բաժանելու, տարբեր կուսակցական միջոցառումների ու հեռուստաքարոզչության տեսքով, նույնպես կարող է խորացնել դեպրեսիան: Ոմանց համար կարող է դեպրեսիայի խորացման պատճառ դառնալ, ասենք, դոլարի կուրսի եւ սպառողական գների աճը: Մյուսների համար՝ նոր սկսված հեռուստասերիալը, որը նվիրված է 90-ականների իրադարձություններին, ղարաբաղյան պատերազմի ժամանակ կրած կորուստներին: Այդ ցավն ապրած մարդիկ այս տարիներին փոքր-ինչ սփոփվել էին, ինչը հավանաբար Հանրային հեռուստատեսության շեֆերին դուր չի գալիս, եւ որոշել են փորփրել այդ վերքն ու խորացնել մարդկանց հետամանորյա սթրեսը: