Վատի ու վատագույնի միջեւ

Վատի ու վատագույնի միջեւ
Ամենավատ բանը, որ կարող է կատարվել Հայաստանի հետ, առաջիկայում կանխատեսելի ընթացքով ու ելքով ընտրություններն են: Կանխատեսելի ընթացք ասելով՝ նկատի ունեմ ընտրակեղծիքների բոլորիս հայտնի բույլը, ելքը՝ խորհրդարանի ներկա կազմն ու հարաբերակցությունը: Այս առումով գրեթե կատաստրոֆիկ կլինի, եթե որոշ պրոցեսներ ընթանան այնպես, ինչպես իշխանությունն է ծրագրել: Ասենք՝ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրությունների գնան մի ցուցակով: Կամ՝ Հայ ազգային կոնգրեսի պասիվությունը շարունակվի մինչեւ ընտրություններ ու դրանից հետո: Կամ՝ նոր, անսպասելի նախընտրական դաշինքներ չձեւավորվեն: Այսինքն՝ եթե քաղաքական դաշտում խաղացողները պահպանեն ստատուս-քվոն ու իրենց հարաբերությունների ներկա որակը: Այդ պարագայում մեզ սպասվում են տաղտկալի ու առանց պայքարի ընտրություններ, որտեղ հասարակությունն էլ կհայտնվի պասիվ դիտորդի կարգավիճակում եւ անգամ ընտրակեղծիքների մասին չի իմանա: Ավելի շուտ՝ ընտրակեղծիքների անհրաժեշտությունը կվերանա, քանի որ երբ ընտրությունը վատի ու վատագույնի միջեւ է, ընտրություն, որպես այդպիսին, չկա: Էլ ավելի տխուր ու անհուսալի կդառնա վիճակը, եթե խորհրդարան մտնեն նվազագույն քանակի ուժեր: 3-4 ուժից կազմված խորհրդարանը կդառնա միատարր ու ոչ քաղաքական մարմին, որտեղ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը կվերածվի իրավիճակ թելադրող, պարապ ու պորտաբույծ մի օրգանիզմի: Իսկ ընդդիմությունը՝ անգամ եթե մտնի խորհրդարան, կդառնա կոկորդ պատռող արշակսադոյանների անուժ պարոդիա, որի ձայնի ու խոսքի նկատմամբ հասարակությունը կարճ ժամանակում կկորցնի հետաքրքրությունը: Այնպես որ ինչքան գցում-բռնում ենք՝ ելքը ԲՀԿ-ՀՀԿ հակամարտության խորացումն է եւ քաղաքական պայքարի սրումը, որի արդյունքում կշահեն երկիրն ու պետությունը: