Միլիարդատերերի ժամանակը

Միլիարդատերերի ժամանակը
Մարտին Ռուսաստանում կայանալու են նախագահական ընտրություններ, եւ արդեն իշխանությունն առաջադրել է իր թեկնածուին՝ հանձին վարչապետ Վլադիմիր Պուտինի: Նրա ամենալուրջ հակառակորդը համարվում է միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը, որի կարողությունը գնահատվում է 15 մլրդ դոլարի սահմաններում: Վրաստանում Սահակաշվիլու իշխանության քաղաքական հակառակորդը դարձյալ միլիարդատեր է՝ Բիձինա Իվանիշվիլին, 5,5 միլիարդ դոլար կարողությամբ: Թե որքանով են այս մարդիկ իրական այլընտրանք իշխանությանը եւ հաղթանակի ինչպիսի հնարավորություն ունեն՝ սա բոլորովին այլ հարց է: Փաստն այն է, որ այս երկրներում հասարակության որոշակի խմբեր հոգնել են քաղաքական դեմքերից, աջ ու ձախ, պահպանողական ու լիբերալ կողմնորոշումներից եւ սկսել են հավատալ,որ իրենց խնդիրներին կարող են լուծում տալ, բաղձալի փոփոխություններն իրականացնել գործարարության մեջ հաջողության հասած եւ միլիարդատեր դարձած մարդիկ: Այս ֆենոմենն իր արտացոլումն ունի նաեւ Հայաստանում: Հայաստանի ամենահարուստ մարդու համարում ունեցող անձը՝ Գագիկ Ծառուկյանը, այսօր բավական բարձր վարկանիշ ունի, եւ հասարակության տարբեր շերտեր հենց նրան են համարում գործող իշխանության այլընտրանքը: Խնդիրն այն է, որ Ծառուկյանն արդեն հայտարարել է, որ նախագահական ամբիցիաներ չունի եւ 2013 թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Բայց դա չի նշանակում, թե առաջիկա մեկ տարվա ընթացքում չի հայտնվի մեկ այլ հայ հաջողակ եւ հարուստ գործարար, որը ձեռնոց կնետի իշխանության թեկնածուին: Դա կարող է լինել թեկուզ Խաչատուր Սուքիասյանը: Սուքիասյանը համարվում է ընդդիմադիր օլիգարխ եւ կարող է իր շուրջ համախմբել ոչ միայն գործարար համայնքի ներկայացուցիչներին, այլեւ ընդդիմադիր ընտրազանգվածին: