Մարկեսին վերագրած կեղծ նամակը

Մարկեսին վերագրած  կեղծ նամակը
Վաղուց ուզում էի մի բան գրել այս թեմայով, բայց ձգձգում էի` մտածելով, որ գուցե իրավիճակը փոխվի: Սխալվեցի: Համացանցում իրավիճակը փոխելու համար պիտի վերահսկողության ռեսուրս ունենալ: Իսկ մենք՝ սովորական օգտատերերս, չենք կարողանում  վերահսկել մեր սեփական գրառումների, լուսանկարների, նամակների հետագա ճակատագիրն ու ընթացքը: Խոսքը կոլումբիացի արձակագիր Գաբրիել Գարսիա Մարկեսի կողմից չստորագրված հրաժեշտի նամակի մասին է, որին համացանցում կարող եք հանդիպել ամեն օր` բլոգներում, ֆեյսբուքյան էջերում, այլ կայքերում:



Սենտիմենտալ զեղումներով գրված պարզունակ այս տողերը, որոնք գուցե որոշակի հմայք ունեն, զայրացրել էին գրողին եւ, ընդհակառակը, անչափ մեծ սեր են վայելում աշխարհի բազմաթիվ, այդ թվում եւ հայ ընթերցասերների շրջանում.



«Ես այնքա՜ն շատ բան եմ սովորել ձեզանից, մարդիկ:



Ես իմացա, որ բոլորն են ուզում ապրել լեռան գագաթին՝ առանց գիտակցելու, որ իսկական երջանկությունը գտնվում է դեպի վեր բարձրանալու ճանապարհին:



Ես իմացա, որ երբ նորածինն իր փոքրիկ ձեռքերով առաջին անգամ բռնում է հոր մատը, նա բռնում է այն ընդմիշտ:



Ես իմացա, որ մարդն իրավունք ունի վերեւից նայել մեկ այլ մարդու, եթե միայն նա ուզում է օգնել նրան կանգնել:



Ես այնքան շատ բան սովորեցի ձեզանից, մարդի՛կ, բայց դրա մի մասն այդպես էլ չեմ կարող օգտագործել, քանի որ, լցնելով ճամպրուկը դրանցով, ես պետք է հեռանամ»:



Այս տողերը «google.am»-ում բազմաթիվ հղումներ են բերում, որտեղ տեղադրված է  նամակը: Նույնը՝ նաեւ մյուս երկրներում: Համացանցի տիեզերական չափերի հասնող տարածությունում նետված այս քարի ընթացքը դադար չունի, եւ նետողի անունը, նրա հեղինակությունը մնում են շատ հեռվում ու դառնում անկարեւոր ֆակտոր: Ինչքան էլ Մարկեսը հարցազրույցով ու հայտարարություններով հերքի, որ նամակի հեղինակն ինքը չէ, որ ինքը չէր կարող այդկերպ գրել, համացանցի համար այլեւս մեկ է: Եթե համացանցի տրամադրած տարածությունը փոխում է ակնթարթը, փոխում է արտացոլելու բնույթը, արագությունը, ձեւը, մետաստազների ուղղությունը, նրան որսալ գրեթե անհնար է դառնում:



Այս նամակն ասես նապաստակ լինի, որի ետեւից անվերջ վազում են այն որսորդները, ովքեր գիտեն նապաստակի իսկական կենսագրությունը: Տողերի հեղինակ Ջոնի Ուելչի տիկնիկային թատրոնը լրիվ հաջողվել է: Այն բոլոր հոգեբանական ազդակների վրա, որ խաղացվել է նամակի կապակցությամբ, ասենք, որ Մարկեսը մահանում է, որ  սա նրա վերջին ուղերձն է մարդկությանը, որ հրաժեշտի կտակ է և այլն և այլն... այս ամենը հրաշալի փիառ կոմպանիա կլինեին մի գրողի շուրջ, ով դեռևս ճանաչում չունի աշխարհում, գրքերն էլ չեն վաճառվում:



Բայց Գաբոն, որ 20-րդ դարի երեւի ամենահայտնի գրողն է, նրան ճանաչում են նույնիսկ ամենաանհավանական վայրերում, բնավ դրա կարիքը չուներ: Նա ավելի շատ կհոգար իր էսթետիկական վարպետությունն ու ինքնատիպությունը մինչեւ վերջ պահելու ուղղությամբ, իսկ նամակի աֆորիզմները, իմ կարծիքով, նվաղ են եւ սիրվելու մեծ մարմաջ ունեն: Ումբերտո Էկոն իր հարցազրույցների մեջ շատ անգամ է խոսել համացանցում հեղինակության հարցի մասին, որ գնալով մեծ խնդիր է դառնում:



Նույնիսկ «Վիքիպեդիա» համաշխարհային հանրագիտարանում, երբ տեղեկատվությունը սխալ է գնում, վերահսկողությունը որոշակիորեն բարդանում է, որովհետեւ բազմաթիվ օգտատերեր, արտատպելով սխալ տարբերակը, տարածում են իրենց բլոգներում, կայքերում, ցանցերում: Չի բացառվում, որ մոտ ժամանակներս համացանցում հայտնվեն թերթեր, ամսագրեր, որոնք հանգիստ հորինեն մի նոր պատմություն՝ կապված նամակի հետ, որ իրական հեղինակը, այո, Գաբրիել Գարսիա Մարկեսն է, որ նա այսինչ կամ այնինչ թղթի վրա գրել է այս նամակի տողերը, ու հիմա թղթերը գտնվել են:



Ստելը համացանցի համար բարոյական չափում չունի: Կատակ կա` hամացանցում բոլորն են ստում. հետո սուտն ընկնում է ճամփորդության, որ ավարտ չունի: