Գարունը եկավ, «շարիկովներն» ագրեսիվացել են

Գարունը եկավ, «շարիկովներն» ագրեսիվացել են
«Հրապարակի» 20.03.12 համարում «Հայակի պերճանքն ու թշվառությունը» վերնագրով հրապարակվել էր հոդված, որտեղ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն իր կարծիքն ու վերաբերմունքն էր արտահայտել «Հայակ» կինոյի մրցանակաբաշխության ու կազմակերպիչների մասին: Ինչին հետեւեց «Հայակի» մրցանակակիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանի կոշտ պատասխանը՝ «Ես զգուշացնում եմ» վերնագրով, տպագրված «Հրապարակի» 23.03.12 համարում: Այժմ էլ Հովհաննես Գալստյանին է պատասխանել կինոպրոդյուսեր Մանվել Սարիբեկյանը, ում խոսքը, չնայած ոչ պակաս կոշտ որակումներին, նույնպես ներկայացնում ենք, հաշվի առնելով «Հայակի» շուրջ առաջացած հետաքրքրությունն ու ընթացող քննարկումները:



ԳԱՐՈՒՆԸ ԵԿԱՎ, «ՇԱՐԻԿՈՎՆԵՐՆ» ԱԳՐԵՍԻՎԱՑԵԼ ԵՆ



Սա՞ էիք ուզում, որ նամուսը, շնորհը, երբեմնի արժեք համարվող այս երկիրը մեր ժամանակների «շարիկովների» համար պարարտ հո՞ղ դառնար: Այո, երեւի պատճառներից մեկն էլ նաեւ այն է, որ մեր ժամանակակից ռեժիսոր, եզակի շնորհալիներից Էդգար Բաղդասարյանը, որը, պարզվում է՝ ունի նաեւ «անասնաբույժ-անասնաբույծի» մասնագիտություն, չի զբաղվում (գոնե թե այն ժամանակ, երբ ֆիլմեր չի նկարում) իր մասնագիտությունը բացահայտած այդ երկոտանի կենդանու՝ Հովհաննես Գալստյանի եւ իր նմանների բուժմամբ: Դրա համար նմանների բուծմամբ եւ կռտմամբ զբաղվում են կիսատեխնիկ-կենսաբանները:



Բայց արդեն այնքան են լկտիացել, որ զգուշացնում էլ են: Ես էլ եմ զգուշացնում վերը նշված «շվոնդերներին»՝ ձեր «շարիկովներին» ձեր դռանը կապեք ու չափը մի անցեք, որ ձեր բուծածների ականջները քաշելու համար քաղմասներում նորից չհայտնվենք, եթե, իհարկե, դա չէ ձեր ցանկությունը:



Յուրաքանչյուր այլ կարծիք, նոր առաջարկություն, առավել եւս քննադատություն, արձագանքվում է այն չափ հիվանդագին, որը հատուկ է միայն անլիարժեքությամբ տառապողներին: Այդ իրանք չեն մեղքը, արդեն առողջ հասարակությունն է մեղք, իսկ իրենք, ցավոք, վաղուց այլեւս փոքրամասնություն չեն:



Հայտնի է, չէ՞, որ քյափը (թափոնը, կեղտը) եթե մաքրող էլ չեղավ, միեւնույն է՝ ինքը ժամանակի ընթացքում իջնելու է հատակը: Միայն թե ափսոս ամենաթանկ արժեքի` ժամանակի կորուստը, որն արդեն իսկ մեզ բավականին հետ է գցել: Այգին էլ եթե չի խնամվում եւ համատարած մոլախոտերով է տարածված լինում, ապա միեւնույն է, թեկուզ եզակի քանակությամբ ծառ ու ծաղիկ էլ մնացած լինի, միշտ էլ դրանք են շոյում Մարդու աչքն ու հոգին:



Բավական է արդեն, կոչ եմ անում յուրաքանչյուր պարկեշտ, ազնիվ արվեստի գործիչներին` լինենք միասնական եւ թույլ չտանք այս երկիրը՝ մեր երկիրը, ապականողներին՝ հագուրդ տալու իրենց ցինիզմին:



ՀԳ - Նշեմ նաեւ, որ եթե փորձ արվի պատասխանելու նորից նմանատիպ ագրեսիվ ոճով, ուրեմն հաստատ կհակադարձվի մեկ այլ «հրապարակում»:



Մանվել Սարիբեկյան,  կինոպրոդյուսեր