Խանդը սիրուց երկար է ապրում

Խանդը սիրուց երկար է ապրում
Մեղմ երեկո է, նստած ենք բացօթյա սրճարանում: Խաղաղ, սիրուն, թվում է՝ ոչինչ չի կարող խանգարել մեր զրույցին, սիրուն, վայելքին: Հանկարծ հայացքս ընկնում է ծառուղուն՝ ծանոթ դեմք է: Թեեւ մինչ ընդհուպ մեզ մոտենալը կասկածում եմ՝ նա՞ է, թե՞ նա չի: Նա է.... նրա նախկին սերը: Տարիներ են անցել: Ամեն ինչ վաղուց անցած-գնացած է, նա փոխվել է, ծերացել, բայց միեւնույն է՝ սրտիս զարկերն արագանում են, այլայլվում եմ, անմիջապես շրջվում եմ դեպի նա, ուշադիր զննում եմ դեմքի արտահայտությունը՝ սիրո, հուզմունքի, խանդի հետքեր եմ փնտրում: Արտաքուստ անվրդով է, բայց, չգիտես ինչու, ինձ թվում է, որ ներսում փոթորիկ է, այդ ստվերը, որ անցավ դեմքի վրայով, լավ բան չի նշանակում: Այ մռայլվեց՝ ուրեմն սիրում է, հիմա հիշողությունների գիրկն ընկավ, վերապրեց անցածը, երեւի մտքում գրկեց ու համբուրեց նրան:



Վերջ. երեկոն անվերադարձ փչացել է, տրամադրությունս՝ նույնպես: Ասում են՝ խանդը սիրուց երկար է ապրում: Ինձ սկսում եմ համոզել, որ հենց այս տարբերակն է եւ ոչ թե՝ "սերը ներկա ու անցյալ չի ճանաչում": Նաեւ ասում են` տղամարդիկ իրենց բոլոր նախկիններին շարունակում են մի քիչ սիրել, մի քիչ խանդել եւ միշտ իրենց սեփականությունը համարել: Թեեւ ընկերներիցս մեկը օրերս վստահեցնում էր, որ իր նախկին կնոջ նկատմամբ ոչ միայն սիրո, այլեւ խանդի նշույլ անգամ չի զգում: Բայց ես գիտեմ, որ տղամարդիկ մեծ սեփականատերեր են: Նրանք ոչ միայն իրենց ունեցածն են տնօրինում, այլեւ երբեմն այն, ինչից տարիներ առաջ կամովին հրաժարվել են:



Իսկ կանա՞յք... Կանայք տնօրինում են միայն այն, ինչ սիրում են: Սերն ու սեփականատիրական զգացումներն իրար հետ են հեռանում: Ես, օրինակ, հանգիստ կարող եմ շփվել իմ նախկին ամուսնու կանանց հետ: Նրանց ներկայությունից վատ չեմ զգում, հակառակը՝ ինքնահաստատման լուրջ զգացում եմ ապրում: Որպես փորձառու եւ ավագ, անգամ կարող եմ խորհուրդներ տալ նրանց, հուշել, թե ինչպես հարաբերվեն նրա հետ, ինչ անեն, որ կոնֆլիկտներ չունենան: Պատմեմ, թե ինչ է սիրում նա, ինչպես շահեն նրա բարեհաճությունը:



Բոլորովին այլ զգացում ունեմ իմ կողքի տղամարդու նախկին կանանց նկատմամբ: Այ, այս դեպքում ոչ մի ուժ չի կարող ինձ ստիպել, որ դրանց հետ հարաբերվեմ: Ինձ անընդհատ թվում է, թե այդ "գիշատիչները" շարունակ դավ են նյութում իմ դեմ, մտածում են, թե ինչպես իմ սիրելիին խլեն ինձանից, վերադարձնեն իրենց գիրկը: Բավական է աչքս թեքեմ, վերջ՝ կողքիցս կտանեն: Նրանք, այդ "վամպիրուհիները", ամենավտանգավոր էակներն են, որոնցից պետք է զգուշանալ:



Նրանց տեսնելիս ես ուզում եմ ամուր բռնել նրան, փակել նրա աչքերը, շեղել նրա ուշադրությունը, որ չտեսնի ու չհիշի: Ի՞նչ իմանաս՝ ինչ զգացումներ ու հուշեր կարող են արթնանալ եւ նրան նորից տանել իրենց ետեւից: Չէ որ իրական սերը չի անցնում, այլ ընդամենը մի քիչ խամրում է, մի քիչ արձակուրդ է ուզում եւ, որ ամենավտանգավորն է՝ կրկնվելու հատկություն ունի:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ