Ի՞նչ ապագա է սպասվում այս զույգին

Ի՞նչ ապագա է սպասվում այս զույգին
Սրճարանում կողքի սեղանի մոտ նստած զույգն անմիջապես գրավում է ուշադրությունս. երկարածամ, հետաքրքիր աղջիկն ու շիկահեր, պատանեկությունը դեռ չհաղթահարած տղան մեղմ զրուցում են, աղունիկների նման ղունղունում: Սիրահարված հայացքներ են փոխանակում իրար հետ, շրջապատում ոչ մեկին չեն տեսնում: Հեռվից հիանում եմ նրանցով. աչք շոյող տեսարան է: Հազիվ 20 տարեկան կլինեն. ողջ կյանքն առջեւում է, լուսավոր երազներ, վառ հույսեր ու խոստումնալից ապագա: Լավագույն տարիքն է՝ սովորելու, ծրագրեր կազմելու եւ համարձակ քայլեր անելու համար: Երբ քեզ թվում է՝ չլուծվող խնդիր, անհաղթահարելի արգելք չկա: Կուզեի աչքերս փակել եւ կինոյի նման մի քանի րոպեում տեսնել այս զույգի հետագա ճակատագիրը: Գուցե նրանք ամուսնանան, զավակներ ունենան, խաղաղ ու բարեկեցիկ կյանքով ապրեն:



Իսկ գուցե նրանց կյանքն ընթանա անկանխատեսելի ընթացքով, բուռն կրքերով ու վայրիվերումներով լի: Տղան կարող է լավ բիզնեսմեն դառնալ՝ սուր աչք ունի եւ լավ ճաշակ: Կարող է նաեւ ծրագրավորող դառնալ կամ քաղաքական գործիչ. գեղեցիկ արտաքինն ու վստահ շարժուձեւը նրան կօգնեն այդ հարցում: Աղջիկը, հնարավոր է, ապագա երաժիշտ է՝ ջութակահար կամ միջազգային հարաբերությունների մասնագետ: Բարձրագույնի դիպլոմը կստանա ու կսկսի երեխա մեծացնել: Կամ իրենց տան մոտի երաժշտական դպրոցում մի քանի ժամ կդասավանդի, թեեւ չի բացառվում նաեւ, որ արտգործնախարարությունում առաջին կարգի մասնագետ աշխատի եւ մինչեւ թոշակի գնալը մի կերպ հասնի գլխավոր մասնագետի պաշտոնին: Չի բացառվում, որ երիտասարդները մի 2 տարի ապրելուց եւ երեխա ունենալուց հետո որոշեն արտերկիր տեղափոխվել. ԱՄՆ-ում բնակվող հարազատները նրանց համոզեն ու տանեն:Եւ նրանք համալրեն մեր հեռավոր սփյուռքի բանակը: Հետո, իհարկե, անշուշտ կկարոտեն հայրենիքը, իրենց ընկերներին ու հարազատներին եւ 3-4 տարին մեկ հարայ-հրոցով, աղմուկ-աղաղակով ժամանեն Հայաստան՝ "հայրենիքեն կարոտն առնելու":



Բայց կարող է նաեւ այս զույգի համատեղ կյանքը չստացվել. զոքանչ-մայրիկն այնքան ջանք թափի, որ աղջիկն այդպես էլ կին չդառնա, իսկ տղամարդը չկարողանա հանդուրժել իրենց կյանքը շարունակ կարգավորող կնոջ ներկայությունը, որն իր մայրը չէ: Կամ՝ նույն "սեւ գործը" կարող է անել կեսուր-մայրիկը, որն այդպես էլ չհանդուրժի, որ իր միակ, սիրասուն զավակի կյանքում իրենից բացի ուրիշ կին էլ կա: Նրանք հավանաբար երկու երեխա կունենան՝ տղա-աղջիկ, որոնց կյանքը կազմակերպելու, լավ ուսում տալու համար ոչինչ չեն խնայի, բայց շատ հնարավոր է, որ առանձնապես արդյունքի չհասնեն. տղան ռոք-երաժիշտ դառնա, աղջիկը՝ գիշերային սրճարանի մատուցողուհի:



Մի 10 տարվա համատեղ կյանքից հետո ամուսինը, որ կհասցնի ճաղատանալ եւ գերաջրախմությունից մի 6 ամսվա հղիի փոր կգցի, կսկսի սիրուհի պահել, կինն այդ հողի վրա կդառնա հիստերիկ ու կատաղած, օրեցօր տգեղացող ու գիրացող տձեւ զանգված, որը գրեթե ոչնչով չհիշեցնի այս սրճարանում նստած գեղանի աղջկան:

Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ