Էխ Նեմեց, Նեմեց

Էխ Նեմեց, Նեմեց
Երբ մարդը պատերի տակ անվախ հոխորտում է ու հեռախոսով հայհոյում զրուցակիցներին, իսկ դեմառդեմ հանդիպելուց խուսափում է, դա ինչպե՞ս կարելի է որակել: Ոչ, ոչ՝ ի՞նչ եք ասում, մականունն անգամ վկայում է այս անձի քաջության մասին: Բայց ափսոս, որ գերմանացի լինելը դեռ գերմանական քաջության մասին չի խոսում: Բայց եկեք չմեղադրենք մարդուն. Նիկոլ Փաշինյանի լաչառությունը, լեզվի ճարտարությունն ու մտքի սրությունը հաշվի առնելով, շատ քչերը կհամաձայնեին նրա հետ ուղիղ բանավեճի դուրս գալ: Թերեւս միայն Մալաթիայի տոնավաճառներում աշխատող մի հարյուր կանայք, ովքեր, ճիշտ է, մտքի սրությամբ, լեզվի ճարտարությամբ զիջում են նրան, բայց լաչառությամբ հաստատ գերազանցում են: Նախօրեին ինտերնետը հեղեղած կադրերը դիտելիս ես անասելի ընկճված էի: Մեր օրերի ամենածեծված ու իմաստազրկված ասացվածքն էր մտքումս. «Չէ, էս երկիրը երկիր չի դառնա»: Նաեւ ափսոսանքն ու նողկանքն էր իրենց ստրկատիրոջն անսահմանորեն նվիրված այդ կանանց դիտելիս, որոնք, թվում է՝ ոչ սրբություն ունեն, ոչ խելքի ու ազնվության նշույլ, ոչ լավ ապրելու ձգտում: Նրանց միակ երազանքն իրենց տիրոջը ծառայելն է, նրա թշնամիների արյունը խմելը, նրա ունեցվածքն իրենց կրծքով պաշտպանելը: Ինձ ասում են, որ դա ընդամենը աշխատանք է: Որ նրանք վարձատրվում են դրա դիմաց: Իսկ մի՞թե դա արդարացնում է կատարվածը: Նախընտրելի կլիներ, եթե նրանք հոժար կամքով ու ինքնաբուխ պաշտպանեին իրենց բարերարին, հավատ ու սեր տածեին այդ անձի նկատմամբ, այլ ոչ թե մի քանի հազար դրամով ծախվեին: Բայց այս ամենի մեջ մի դրական բան այնուամենայնիվ կա. կանանց «ակցիան» եւ բանավեճից հրաժարվելը միմիայն մի բանով են բացատրվում՝ օլիգարխները վախեցած են եւ իրենց հասու միջոցներով պայքարում են վտանգավոր հակառակորդի դեմ: