Անիմաստ գործ

Անիմաստ գործ
Երբ լրատվամիջոցի ղեկավարի նկատմամբ ճնշումները մեծանում են, ինչի՞ նշան է: Կամ երկրում ազատ խոսքի հետ կապված խնդիր կա: Կամ՝ երկիրը թեւակոխել է ընտրությունների փուլ: Կարծես այս երկու պայմանն էլ առկա է, ուստի «Հրապարակի» խմբագրությունն այս օրերին մասամբ ռազմի դաշտի է նմանվել՝ ոստիկաններ են այցելում, կասկածելի հեռախոսազանգեր հնչում, սպառնալիքներ ու շանտաժ կիրառվում: Երեկ, օրինակ, «Հրապարակի» խմբագրություն այցելած ոստիկանը ծանուցագիր էր բերել խմբագրի անունով՝ հարցաքննության ներկայանալու պահանջով: Բանն այն է, որ պաշտպանության նախարարության քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Բրուտյանը որոշել է, որ մոտ մեկ տարի առաջ մեր թերթում տպագրված մի հոդվածի հետ կապված ծայր անհրաժեշտություն է առաջացել հարցաքննելու ինձ: Սույն քննիչին փորձեցի բացատրել, որ մեկ տարվա ընթացքում հազարավոր նմանատիպ հոդվածներ են տպագրվել թերթում, ու ես ֆիզիկապես չեմ կարող հիշել ոչ այդ հոդվածը, ոչ դրա հետ կապված որեւէ մանրամասն եւ, բնականաբար, չեմ կարող օգտակար լինել նախաքննությանը: Բայց ոչ՝ նա որոշել է, որ սկզբունքային հարց է ինձ Բաբայան 6 հասցնելը: Հակառակ դեպքում ինձ բերման կենթարկի: Ի՞նչ է սա, եթե ոչ ուժի ցուցադրություն: Բայց սա ի՞նչ է՝ անմեղ մի բան: Եթե մի օր որոշեի հրապարակել այն բոլոր շանտաժներն ու սպառնալիքները (հնարավոր է, որ այդ օրը հեռու չէ), որոնք այս օրերին ստանում եմ, հավանաբար Հայաստանը մամուլի գծով հայտնվեր Իրանից կամ Իրաքից ավելի ետին տեղում, եւ «Հրապարակի» լրագրողներին անմիջապես մի քանի երկրներից քաղաքական ապաստան առաջարկեին: Բայց մենք մեր երկիրը սիրում ենք եւ հեռանալու, առավել եւս վախենալու ոչինչ չունենք: Թող վախենան նրանք, ովքեր լրագրողների հետ սպառնալիքների լեզվով են խոսում: