Ինտերնետային PR

Ինտերնետային PR
Ինտերնետը նոր ձեռագիր է բերել նախընտրական քարոզչությանը: Նախորդ ընտրությունների ժամանակ դեռ ինտերնետի հնարավորությունները, հատկապես «Ֆեյսբուքն» ու «Յութուբը» չէին կիրառվում, իսկ այժմ դրանք ակտիվորեն ներգրավվել են ընտրական տեխնոլոգիաների հորձանուտում: Հատկապես սեւ PR-ը շատ ավելի հարմար է անել ինտերնետ անվերահսկելի տարածքում, որտեղ չկա հեղինակ ու պատասխանատվություն: Եթե անկեղծ լինենք, ապա այդ տեխնոլոգիաներից ոչ բոլորն են մերժելի: Անգամ եթե դա սեւ PR-ի շրջանակներում է, երբեմն այնքան հումորով ու համով է արվում, որ հիանում ես մարդկային ֆանտազիայի անսահմանությամբ: Ասենք, ռեփ-լուրերի տեսահոլովակներ են տեղադրված «Յութուբում», որ առանց ժպիտի դժվար է դիտել: Իհարկե, երբեմն չափն անցնում էլ են, բայց դա մտնում է խաղի կանոնների մեջ: Երեկ ասացին, որ այդ ռեփ-հոլովակներից մեկն արդեն 20 հազարից ավելի դիտում է ունեցել: Ուրիշ տեխնոլոգիաներ էլ են կիրառվում: Ասենք՝ բացասական երեւույթների մասին փոքրիկ հոլովակներ են տեղադրվել ինտերնետում, որտեղ զուգահեռներ են անցկացվել արտագաղթի ու 88-ի երկրաշարժի, Սումգայիթի սպանությունների եւ բանակում խաղաղ պայմաններում զոհերի միջեւ: Թերեւս անհամեմատելին են համեմատել, բայց հոլովակները տպավորիչ են եւ լավ սարքված: Մանավանդ Աշոտ Ադամյանի ձայնը ողբերգական ու նախազգուշացնող է հնչում: Դժվար է ասել, թե ինչն է ավելի շատ ազդում ընտրողի տրամադրության ու տրամադրվածության վրա՝ անձնական հոգսե՞րը, երկրի ճակատագի՞րը, անարդարություննե՞րը, որոնց մասին երեկ խոսում էր Սերժ Սարգսյանը, թե՞ Հարություն Փամբուկյանի երգը: Մեզանում նախընտրական քարոզչության մշակված ավանդույթներ չկան. ամեն մեկն այն կառուցում է իր պատկերացումների ու բարոյականության շրջանակներում: