Ուսանողները կդիմեն դեսպանատներին և միջազգային կազմակերպություններին

Ուսանողները կդիմեն դեսպանատներին և միջազգային կազմակերպություններին
Այսօր ԵՊԼՀ Ազատ ուսանողների ֆորումը կրկին բողոքի երթ էր կազմակերպել, քանի որ Կրթության և գիտության  նախարարության կողմից ռեկտորի պաշտոնակատար նշանակված Գայանե Գասպարյանը երեկ հետևյալ հայտարարությամբ էր հանդես եկել. «3000 ուսանողների մեջ ընդամենը 30-50 հոգին  ուսանողություն չի, եթե նրանք հայտարարում են, դա իրենց գործն է: Ես չեմ համարում, որ դա մեր ուսանողներն են դասադուլ հայտարարում»:


Այսօր ուսանողներին թույլ չեն տվել դուրս գալ բուհի ետնաբակ, որտեղ սովորաբար հավաքվում և քննարկում էին ապօրինությունների  դեմ պայքարի հետագա քայլերը: Նրանք եկել էին կառավարության շենքի մոտ  պարզաբանում ստանալու, թե ինչու իրենց  թույլ չեն տալիս բուհի ներսում անել, այն, ինչը, իրենց բնորոշմամբ,  օրենքով թույլատրվում  է:


Ուսանողների հետ հանդիպած կառավարության ներկայացուցիչները հորդորեցին ուսանողներին  խնդիրները լուծել բուհի ղեկավարության հետ: Սակայն  ուսանողները հիշեցրեցին,  որ վարչապետն իրենց հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իրեն կարող են դիմել  ցանկացած հարցով, որին լուծում չի տրվում:


Ազատ ուսանողների ֆորումը հայտարարեց, որ կառավարության կողմից այս հարցը չլուծելու  դեպքում իրենք նամակներ են փոխանցելու Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներ և միջազգային կազմակերպություններ:


Սեդա Ստեփանյան