Խորտակված ճակատագիր

Խորտակված ճակատագիր
Նրան ճանաչողները հիացմունքից բացի ուրիշ բառ չէին գտնում նրա գեղեցկությունը, խելքը, գիտելիքները եւ ընդհանրապես՝ բարեմասնությունները նկարագրելու համար. մեղմ, բարի, մարդկային, կարդացած, հաճելի զրուցակից: Մի խոսքով՝ «սպարտսմենկա, կոմսոմոլկա...» տարբերակով: Գրքերի վրա մեծացած լինելով՝ նա հաճախ էր սիրահարվում, սակայն ոչ մեկի հետ լուրջ հարաբերություններ չէր ունենում: Բայց քանի որ տան մինուճար աղջիկն էր՝ երկու եղբոր քույր, փայփայված էր ու սիրված, ոչ ոք չէր շտապեցնում նրան ընտրություն կատարելու հարցում: «Երբ կստացվի՝ կստացվի»,- ասում էին տնեցիները եւ նրա բոլոր քմահաճույքները կատարում:



Մի օր էլ տեղեկացանք, որ նա ամուսնանում է: «Վերջապես գտավ իր կեսին»,- մտածում էինք նրանով հիացած, նրան որպես իդեալ վերաբերվող, նրանից մի 5-10 տարով փոքրերս, որոնց անասելի հետաքրքրում էր, թե ով է նրա երջանիկ ընտրյալը: Իսկ ընտրյալը բժիշկ էր, լավ ընտանիքի ժառանգ, բարձրահասակ, ժամանակակից երիտասարդ՝ մեր աղջկան շատ սազական: Ուրախ էինք նրա համար, ուզում էինք նա երջանիկ լինի, հաջողակ սիրո մեջ ու լավ ընտանիք կազմի:



Նրա հարսանիքին բոլորն անչափ ուրախ էին, ամեն ինչ շատ սիրուն էր, խոստումնալից: Հետո սկսեցինք սպասել բարի լուրերի՝ երեխաների ծնունդ, աշխատանքային հաջողություններ: Դե, այն ամենը, ինչ ուզում ես կատարվի սիրելի մարդու կյանքում, որն արժանի է ամենայն բարեկեցության ու երջանկության: Եւ իսկապես՝ մի տարի չանցած իմացանք, որ զույգ զավակ է ունեցել՝ երկու աղջիկ: Բախտավոր է, իրեն լավ է զգում:



Բայց մարդու կյանքում բարին ու չարը միախառնված են լինում, սեւ ու սպիտակ շերտերը հերթափոխով են հանդես գալիս: Պայծառ երկնքում ճայթած ամպրոպի նման գույժն արագ տարածվեց՝ մեր սիրելի, հմայիչ, խելացի աղջիկը, որ հայտնի էր իր մեղմ ու հավասարակշիռ բնավորությամբ, հայտնվել է հոգեբուժարանում: Այ քեզ բան. ի՞նչը կարող էր ստիպել այդքան բարեկեցիկ կյանքով ապրող, այդքան առողջ ու հաջողակ մարդուն կորցնել հոգեկան հավասարակշռությունը:



Ամբողջ ազգուտակն ու հատկապես նրա ընտանիքը սգի մեջ էին: Չգիտեին ինչով բացատրել կատարվածը: Ամիսներ անց, երբ նա, իբր բուժված, վերադարձավ ընտանիք, հասկանալի էր, որ մեր ճանաչած հմայիչ, խորոտ աղջկանից ոչինչ չի մնացել: Հետո շատ լեգենդներ շրջեցին նրա հոգեկան խանգարման պատճառների մասին: Մի բան պարզ էր, որ սերն ու ընտանիքը չի ստացվել, երազները փշրվել են, եւ նա չի դիմացել այդ հարվածին:



Նրա՝ ջերմոցի բույսի, լավ, խաղաղ, բարեկեցիկ ապրածի նյարդերը տեղի են տվել: Հետո եկան բաժանության, ծանր կարիքի տարիները, երբ ծնողներն արդեն չկային, եւ նրա մասին հոգ տանող չկար, ու մեր ճանաչած գեղեցկուհին հայտնվել էր կյանքի հատակում: Տարիներ անց փողոցում նրան տեսնելով, ես չճանաչեցի, ապա ուղղակի սարսափեցի՝ նախկին աղջնակին աղոտ հիշեցնում էին միայն աչքերը, որոնց փայլն էլ էր հիմնավոր խամրել:



Կյանքը չէր ստացվել, հիվանդությունը եթե անգամ չէր խորացել, ապա թույլ էլ չէր տվել, որ նա լիարժեք կյանքով ապրի: Մի խոսքով՝ խորտակված ճակատագիր: Ափսոս:



Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ